Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԻ ԱՅՍ ՏԵՍԱԿԸ



Լոռեցիների բնորոշումը տվել են հենց իրենք՝ լոռեցիները, ու տվել են հանճարեղորեն: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև այդ բանն արել են հանճարեղ մարդիկ՝ Հովհաննես Թումանյանը և Հրանտ Մաթևոսյանը: Ըստ նրանց՝ լոռեցիները ոչ միայն գյուղացի Համբոն («Գիքորը») ու անճար Սիմոնն են («Աշնան արև»), այլ նաև իր տարածքը մտած թուրք համբավավոր ավազակին շանսատակ անող Չատին (Հովհ. Թումանյան, «Գրազը»), Ծմակուտից մինչև Ղազախ ոտնատակ տվող, իր չափն անցնող քոչվորի դեմքին մտրակ շառաչեցնող Իշխանը (Հրանտ Մաթևոսյան «Աշնան արև»):

Ես ինչո՞ւ հետ գնացի… Պատճառն ակնարկիս հերոսն է, մի սրտոտ լոռեցի, որ արդեն քսանհինգ տարի մասնակցում է մեր հայրենիքի զինական ուժի կազմավորման, նրա մարտունակության բարձրացման աշխատանքներին: Խոսքս գնդապետ Սամվել Վանեսյանի մասին է: Խնդրե՛մ, ծանոթացե՛ք: Ծնվել է 1954թ. հուլիսի 23-ին, Լոռու մարզի, նախկին Թումանյանի շրջանի Շամուտ գյուղում: Ավարտել է տեղի ութամյակը և տեղափոխվել հարևան Լորուտի միջնակարգ դպրոց: 1972թ. զորակոչվել է բանակ, ծառայել է Հունգարիայում տեղակայված խորհրդային զորքերի հրետանային զորամասերից մեկում: Զորացրվելուց հետո՝ 1975-1980 թթ. հեռակա սովորել է Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտում, իսկ ցերեկային` Երևանի միլիցիայի դպրոցում: Կոմերիտմիության ուղեգրով մեկնել է Հեռավոր Արևելք՝ ԲԱՄ (Բայկալ-Ամուրյան մայրուղի): Աշխատել է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում: Այնուհետև տեղափոխվել է Տաշքենդ (Ուզբեկստան) և նշանակվել քաղաքի օպերատիվ խմբերի շտաբի պետ: 1987թ. տեղափոխվել է Հայաստան և որպես զինղեկ աշխատել Գուգարքի գյուղատնտեսական տեխնիկումում: 1988թ. փետրվարից, այսինքն` հենց սկզբից, մասնակցել է Արցախյան շարժմանը: Ընտրվել է Գուգարքի կամավորական ջոկատների հրամանատար և հաջողությամբ ղեկավարել նրանց գործունեությունը: Գնդապետ Սամվել Վանեսյանի մարտական ուղին սկսվել է հայրենի եզերքի պաշտպանական մարտերից՝ Նոյեմբերյան, Բաղանիս, Կոթի, Ոսկեպար, Բարեկամավան: Հետո նրա «Գուգարք» ջոկատը տեղափոխվել է Արցախ և տեղակայվել Փարուխ գյուղում: Ջոկատը մասնակցել է Քարին Տակի պաշտպանությանը, որտեղ էլ Սամվել Վանեսյանը ծանր վիրավորվել է:

-Քանի որ ես էի ղեկավարում Գուգարքի ազատամարտիկներին և անընդհատ շփվում էի Վազգեն Սարգսյանի հետ, մեր հարաբերությունները շատ ջերմ էին: 1992թ. հունվարին Փարուխում գտնվող ջոկատի համար ես պետք է Երևանից ուղղաթիռով զինամթերք տանեի, հետո պարզվեց, որ այդ ուղղաթիռը պետք է զինամթերք տանի ոչ միայն մեր ջոկատին, այլ ընդհանրապես Արցախի բոլոր պաշտպաններին: Սակայն երեք հազար մետր բարձրությամբ մառախուղը թռչելու հնարավորություն չէր տալիս: Զինամթերքով բարձված ուղղաթիռը մի քանի օր կանգնած էր «Էրեբունի» օդանավակայանում: Ես էլ օդաչուների հետ մնում էի ուղղաթիռի մեջ: Կարծեմ հունվարի 23-ն էր, ժամը 16-ի մոտ հանկարծ լսվեց Վազգենի ձայնը: Ողղաթիռից իջանք. ինքն էր, Ալիկ Պետրոսյանը, օդանավակայանի պետ Սերգեյ Վանցյանը… Շատ վատ տրամադրության մեջ էր, ասաց՝ Արցախից զանգել ասել են, որ զինամթերքը վերջանում է…

-Անձամբ ես եմ թռչելու Վանեսյանի հետ, ինչ գնով էլ լինի, պետք է զինամթերքը տանենք: Եթե օդաչուները չեն համարձակվում, մենք կթռչենք, ավելի լավ է՝ մենք զոհվենք, բայց զենք-զինամթերքը տեղ հասցնենք, տանք Արթուր Մկրտչյանին,- ասաց ու բարձրացավ ուղղաթիռ:

Մի կերպ պառկեց «ալազանի» արկերի վրա, գլխի տակ, բարձի փոխարեն, մի արկղ զինամթերք դրեց և կարգադրեց, որ թռիչքն արագացնեն: Երբ օդ բարձրացանք, Վազգենը ծխախոտ ուզեց և սկսեց ծխել: Բարեբախտաբար վերևում երկինքը պարզ էր, բայց մեկուկես ժամ տևած թռիչքի ընթացքում նա երկու տուփ ծխախոտ ծխեց. շատ անհանգիստ էր, մտախոհ: Սերգեյ Վանցյանն էլ օդաչուների հետ էր և իր խորհուրդներով օգնում էր նրանց: Օրը մթնում էր, երբ Քոլատակում վայրէջք կատարեցինք: Դիմավորելու էր եկել անձամբ Արթուր Մկրտչյանը: Սկսեցին արագորեն ուղղաթիռը բեռնաթափել ու բարձել ԿԱՄԱԶ-ները: Շատ վիրավորներ կային: Վազգենը նույն ուղղաթիռով, վիրավորներին առած, վերադարձավ: Երկու օր անց ես Մարտունիում էի, երբ հաղորդագրություն ստացանք, թե Քարին Տակի վրա են հարձակվել: Անմիջապես ջոկատով մեկնեցինք: Գյուղը շրջափակել էին, Շուշիից ռմբակոծում էին: Միանգամից մտանք կռվի մեջ: Հետո էլ բան չեմ հիշում: Արթնացել եմ Կոմանդոսի աշխատասենյակում, ամբողջովին վիրակապված: Երկու օր հետո տեղափոխեցին Երևան: Հետո հասկացա, որ վիրավորվել եմ որովայնից և իմացա, որ ինձ փրկել են Արկադի Իվանիչն ու Պարգև սրբազանը…

1992թ. ապրիլից Սամվել Վանեսյանը բանակի շարքերում է: Ապաքինվելուց հետո Վ. Սարգսյանը նրան նշանակում է իր լիազոր ներկայացուցիչը Վանաձորի խորհրդային (ռուսական) դիվիզիայում, որտեղ նա գեներալ-մայոր Մկրտիչ Աբրահամյանի և այժմ գնդապետ Հովհաննես Կարապետյանի հետ հաջողությամբ կատարում է ընդունման-հանձնման աշխատանքները: Հետո նշանակվում է վերանորոգման զորամասի հրամանատարի տեղակալ: Այդ ընթացքում նա մշտապես հանձնարարություններով մեկնում է Արցախ` Գյուլիստան, հանդիպում Շահեն Մեղրյանին: Այժմ նա սպառազինության վարչության զորամասերից մեկի հրամանատարի տեղակալն է և ինժեները:

Վաթսունամյա գնդապետը լի է աշխատանքային եռանդով: Նա այն մարդկանցից է, որոնց հետ ժամանակը խուսափում է դեմ առ դեմ հանդիպելուց: Կյանքի բոլոր դժվարությունները թեթևորեն, հնարամտորեն հաղթահարելու ունակությունները արժևորում են Ս. Վանեսյանի անձը, մեծացնում վստահությունը վերադաս հրամանատարության շրջանում:

Ավելի քան քսանհինգ տարի հայրենիքին ազնվաբար ծառայելու համար գնդապետ Սամվել Վանեսյանը պարգևատրվել և խրախուսվել է «Մարտական ծառայության», Արցախի «Արիություն», «ՀՀ ԶՈՒ 20 տարի», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճանի, ՌԴ «Մարշալ Ժուկով» և բազմաթիվ այլ մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով: Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Գնդապետ Սամվել Վանեսյանը մեծահոգի, ընկերասեր, նեղության մեջ գտնվողին հասնող, շռայլ հոգու տեր անձնավորություն է, լոռեցիներին հայտնի իր նախաձեռնողականությամբ, բարերարությամբ: Հայրենի բնաշխարհում նրա տեղադրած խաչքարը և կառուցած Ս. Մարիամ Աստվածածին մատուռը դարձել է լոռեցիների, բոլոր ազատամարտիկների, Մեծ հայրենականի վետերանների գլխավոր հավաքատեղին: Նրա նախաձեռնությամբ և նվիրատվությամբ է կերտվել նաև մեր ժողովրդի հանճարեղ զավակներից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի արձանը:

Շնորհավորում ենք գնդապետ Սամվել Վանեսյանին ծննդյան 60-ամյակի առթիվ, մաղթում քաջառողջություն, երկար կյանք ու ստեղծագործական բեղմնավոր աշխատանք ազգային բանակում:

Ն. ԱՐԱՄՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Ազգային բանակ, Ճակատագրեր


24/07/2014