ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՔԱՅԼԵՐԸ՝ Ի ՆՊԱՍՏ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ
Ամերիկահայերը և ողջ աշխարհի հայությունն անտեղի անհանգստացած էին թուրքական «Հյուրիեթ» թերթում վերջերս հրապարակված՝ «Ամերիկայի թուրքերը «գլխավոր ծրագիր» են մշակում 2015թ.-ի համար» խորագիրը կրող հոդվածի պատճառով: Չպետք է զարմանալ, որ թուրքական կառավարությունը և նրա հետ կապված կազմակերպություններն ամբողջ աշխարհում լրջորեն պատրաստվում են հակազդելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի կառավարության և Սփյուռքի կազմակերպած ոգեկոչման միջոցառումներին:
«Հյուրիեթ» թերթի հուլիսի 5-ի համարում Թոլգա Թանիսը հայտնել է, որ թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը (ATAA) սեպտեմբերին Վաշինգտոն կհրավիրի թուրք-ամերիկյան խմբերին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին «նախաձեռնող և հակազդող քայլեր» պատրաստելու նպատակով: Հաղորդվում է, որ ATAA-ն ձևավորելու է թուրքական «ակտիվիստների կոմիտեներ», որոնք այցելելու են «օրենսդիրներին յուրաքանչյուր նահանգում, քարոզարշավներ տանելու սոցիալական ցանցերում, կապի մեջ մտնելու ավանդական մամուլի հետ՝ պատրաստելով առցանց դասընթացներ և կազմակերպելով համացանցային հանդիպումներ ամերիկացիների համար ամբողջ երկրում»: «Հյուրիեթը» նաև հաղորդել է, որ ATAA-ն կազմակերպելու է «առնվազն 20 մեկօրյա համաժողովներ տեղի համալսարանների համագործակցությամբ և հայտնի թուրքերի մասնակցությամբ, ինչպիսիք են դոկտոր Մեհմեթ Օզը և «Կոկա կոլա» ընկերության գլխավոր տնօրեն Մուհթար Քենտը:
ATAA-ն մտադիր է ձեռնարկելու հետևյալ «քայլերը, որոնցով կհակազդի».
– Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածներ, գրքեր և ֆիլմեր.
-Հայերի կազմակերպած քննարկումներին, համաժողովներ և ցուցահանդեսներ.
– Կոնգրեսում ներկայացված «հակաթուրքական օրինագծեր»:
Նախքան հայերը շատ կմտահոգվեն այս ենթադրյալ թուրքական ծրագրերով, պետք է հետևյալ հարցադրումներն անել.
– Արդյոք ATAA-ի ծրագրերի մասին «Հյուրիեթի» տեղեկությունը ճշգրի՞տ է: Տխրահռչակ թուրքական լրատվամիջոցները միշտ էլ աչքի են ընկել փաստերի խեղաթյուրմամբ և պատմություններ հորինելով: Հետաքրքրական է, որ նման հայտարարություն չկա ATAA-ի կայքէջում:
-Եթե հոդվածն ամբողջությամբ կամ նույնիսկ մասամբ ճիշտ է, արդյոք հաստա՞տ է, որ ATAA-ն իրոք իրականացնելու է իր հայտարարած ծրագրերը, թե՞ սա պարզապես քարոզչական հնարք է կամ դրամահավաքության փորձ:
Որպես առաջին ազդանշան մեր ուշադրությունը գրավեց այն փաստը, որ «Հյուրիեթի» պատմության առնվազն մի կարևոր հատվածը կեղծիք է… «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը հայտնել է, թե հանրածանոթ հեռուստահաղորդավարի մամուլի խոսնակը հերքել է, որ դոկտ. Օզը որևէ կերպ ընդգրկված է թուրքական ժխտողական ձեռնարկներում: Նմանապես ես փորձում եմ պարզել, թե արդյոք «Կոկա կոլայի» գլխավոր տնօրեն Մուհթար Քենտի` ցեղասպանության ժխտման մեջ ներգրավված լինելու մասին լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Հատկանշական է, որ «Հյուրիեթը» արդեն փոխել է իր նախնական հաղորդագրությունը, հերքում ավելացնելով միգուցե դոկտոր Օզի և պարոն Քենտի բողոքներից հետո` իրենց անունները առանց արտոնության և անճիշտ օգտագործելու համար. «Երկու անձինք, որոնց անունները նշված են վերևի հոդվածում (դոկտ. Օզը և «Կոկա կոլայի» գլխավոր տնօրեն Մուհթար Քենտը), երկու հայտնի գործիչներ են Ամերիկայի թուրքերի երկար ցուցակում, որոնք կհրավիրվեն ելույթ ունենալու համայնքային միջոցառումներում: Նրանք գաղափար չունեն ATAA-ի ծրագրերի մասին կամ դրանցում ընդգրկված չեն»:
Երանի թե դոկտ. Օզը և պարոն Քենտը իրոք ընդգրկված լինեին թուրքական ժխտողական աշխատանքներում, որը պատճառ կհանդիսանար դոկտ. Օզի հեռուստաշոուն և «Կոկա կոլայի» արտադրանքն ամբողջ աշխարհում բոյկոտելու, ինչը հայերին շատ մեծ հնարավորություն կընձեռեր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի քարոզչության համար, որ ոչ մի գնով հնարավոր չէր լինի ձեռք բերել…
Բացի այդ, իմ ջերմ հույսն է, որ «Հյուրիյեթի» հոդվածն ամբողջությամբ ճիշտ է, և ATAA-ն իրականացնելու է իր խոստացած բոլոր միջոցառումները: Որքան հաճախ թուրք ժխտողականները բարձրացնեն Հայոց ցեղասպանության հարցը` փորձելով հակազդել փաստարկված պատմական իրողություններին, այնքան նրանք ակամայից ավելի շատ կնպաստեն Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը՝ դրանով իսկ խայտառակելով իրենց ամբողջ աշխարհում…
Մինչ հայերն ի վիճակի չեն իրենց ձայնը շատ ավելի լսելի դարձնելու միջազգային ասպարեզում, ճակատագրի հեգնանքով Վաշինգտոնում Թուրքիայի վարձած հասարակայնության հետ կապերի ազդեցիկ ընկերություններն ավելի շատ օգուտ կտան հայությանը… Նույնքան օգտակար են թուրք առաջնորդների հայտարարությունները, այդ թվում՝ վարչապետ Էրդողանի 2014 թվականի ապրիլի 23-ին արածը՝ հակառակ ժխտողական բովանդակության: Որպես անկանխատեսելի հետևանք` Ցեղասպանության հարյուրամյակի դեմ ուղղված ATAA-ի ջանքերը միջազգային լրատվամիջոցների համար խթան կհանդիսանան, որպեսզի նրանք ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ ժողովրդի հանդեպ շարունակվող անարդարությանը՝ ավելի լայնորեն լուսաբանելով հայկական նախատեսված ոգեկոչման միջոցառումները:
Թեև թուրքական հակառազմավարությունը պետք է մանրամասն ուսումնասիրել, սակայն հայերը պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնեն, թե արդյոք իրենք պատշաճորեն նախապատրաստվո՞ւմ են նշելու Ցեղասպանության հարյուրամյակը համաշխարհային հարթակներում՝ նկատի առնելով Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների վիթխարի կորուստը: Չափազանց համակված լինելով թուրք ժխտողականների չարամիտ գործողություններով՝ հայերի ուշադրությունը չպետք է շեղվի զոհերի սուրբ հիշատակին հարգանքի տուրք մատուցելու իրենց պարտականությունից և արդարության պահանջից…
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Տարածաշրջան