Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՆՈՒԿԸ



(իրապատում)

1.

Անդրանիկի զորքն ու գաղթականները արևմտոցին հասան Մայր Արաքսին։ Մարգարայի կամրջով անցնելուց հետո հույս ունեին մի քիչ դադար առնելու…

Զորավարի աչքերը մթնշաղի մեջ միանգամից որսացին Զանգիբասարը։ Գյուղում միայն թուրքեր էին ապրում…

-Հե՛նց հիմա պիտի Զանգիբասարը գրավենք, մեծ ու փոքր, կին ու երեխա գերի վերցնենք, որ թուրքերի ու քրդերի մոտ մնացած հայ որբ երեխաների հետ փոխանակենք։ Գերիներից ոչ մեկի մազին չդիպչել, առանց իմ հրամանի ոչ մի ավելորդ քայլ,- աճապարանքով հրամայեց Անդրանիկն ու շտապ հանձնարարեց տասնապետերին և հարյուրապետերին` առաջ շարժվել։

Զանգիբասարի թուրքերը լավ գիտեին, որ Անդրանիկ փաշան խաղաղ բնակչությանը չի կոտորում, անգամ ֆիդայիների երգը գիտեին՝

Մի՛ վախենա, ֆիդան եկավ, բաջի՛ ջան,

Կին-երեխին ձեռք չի տալիս

Վրեժխնդիր քաջ ֆիդան…

…Մի քանի կրակոցներից հետո ողջ գյուղը գերի հանձնվեց։ Գերիներին լցրեցին մարագները և պահակներ կարգեցին։

-Ամենամեծ մարագը թող հսկեն Սասնո Մկտենք գյուղի Մանուկն ու Տալվորիկի Օհանը,- կարգադրեց Զորավարն ու խիստ հանձնարարեց՝ առավոտյան թուրք գերիներին անցկացնել Արաքսից այն կողմ՝ գերի հայ երեխաների հետ փոխելու։

Զորավարը գիտեր, որ Մանուկի կնոջն ու զավակներին ասկյարները թոնրատանը սրի են քաշել և հրդեհել ամեն ինչ։ Գաղթի ճամփին Մանուկը մի սիրուն աղջնակ է տեսնում, իր մոտ է կանչում որբուկին և հարցնում ծնողների մասին։ «Ես թուրքի աղջիկ եմ, ծնողներս չկան»,- հայերեն պատասխանում է վախվորած աղջնակը։

-Լաո՛, քո աչքեր իմ սպանված կնոջ աչքերին են նման, արի քեզ տանեմ ինձ հետ,- թրքուհու ձեռքը բռնելով՝ որբին սփոփում է Մանուկն ու միանում Անդրանիկի զորքին հետևող գաղթականներին։

Այս պատմությունը երբ լսում է Զորավարը, քթի տակ ժպտում է ՝ «Մանուկի մեջ Գևորգ Չաուշի արյունն է, թշնամու անմեղ ձագին էլ կպաշտպանի»։

2.

…Լուսնի մահիկը կախվել էր Մասիսի կատարին։ Գիշերվա կաթնագույն սավանը գրկել էր սարը։ Մասյաց վիհում անսանձ սատանի քամին գալարվեց, ոռնաց, նորից ոռնաց, ու այդ ոռնոցը եկավ փշրվեց Զանգիբասարի հողե տանիքներին… Հետո կամաց-կամաց մութը ծանր բարուրեց ամառային գյուղը, հանգան վերջին ճրագները…

Մարագի դուռը ամուր կողպելուց հետո՝ Մանուկն ու Օհանը Սասունից բերած թութունի վերջին պտղունցով ջղարա փաթաթեցին… Ծխի վերջին քուլան էր կուլ տալիս՝ մեկ էլ … Մանուկը ճչաց։

-Օհա՜ն, իմ էրեխեք ու իմ ընտանիք էկան իմ աչքի առաջ։ Ես իմա՞լ նստեմ թուրքին պահակ,- գոռաց Մանուկն ու ոտքի կանգնեց։

-Մանու՛կ, Անդրանիկ Փաշի հրամանն է, ո՞վ կարող է խախտել,- Մանուկի միտքը կռահելով՝ երկրացու թևից բռնեց Օհանն ու փորձեց հանգստացնել։

-Ե՛ս, ե՛ս ունեմ դրա իրավունքը,- մռնչաց Մանուկն ու սուրը քաշեց…

Օհանը հասկացավ, որ նույնիսկ իրենց պաշտելի Փաշի հրամանն արդեն անզոր է Մանուկի վշտի դեմ։ Գրկեց Մանուկին, սրտի զարկերը մոսին հրացանի գնդակի նման ծակեցին անցան Օհանի մարմնով…

-Քո պահանջն արդար է, Մանու՛կ, ես քեզ հետ եմ,- սուրը քաշեց Օհանն ու մի ակնթարթում պոկեց դռան փականը։

-Օհա՛ն, մեր ու մանուկ չնայես, մեկ-մեկ դուրս հանի,- մռնչաց Մանուկն ու սուրը խրեց առաջինի սիրտը…

Օհանի սիրտն էլ վառված էր, իրենց գերդաստանից քանիսը Տալվորիկի ձորում ու քարանձավներում մնացին… Օհանն էլ սկսեց՝ «Յա՛ Մարաթուկ, մեղք չհամարե՛ս…»։

-Օհա՛ն, թուրքը թուրք չի ծնվել, էդպես դարձրել են, ուրեմն՝ թուրքին պիտի թուրքավարի պատասխանես, նրա զավակին պիտի իր նման մորթես, որ հասկանա քո ցավը։ Ես մորթում եմ, որ թուրքը հետո նորից չմորթի։ Տե՛ր Աստված, ես ընդամենը պատասխան եմ տալիս, դու իրավունք չունես իմ ճամփան փակելու ու իմ ձեռք բռնելու,- արյունաձայն ոռնոցը Աստծուն ուղարկելով՝ Մանուկը թուրքի երեխին պոկեց մոր կրծքից… Մկտենցի Մանուկն այլևս գազան էր, գայլի դեմ գայլ էր… Աչքի դեմ զավակներն էին… Մանուկի սիրտը քարացել էր… Բայց հանկարծ աչքերը մի պահ որտեղից որտեղ հիշեցին Գյուլիշանին՝ որբացած թրքուհուն, ու սուրը քարացավ օդի մեջ։ Միտքը վարանեց. սուրը կախվել էր օդում… Հաջորդ պահին զավակների հայացքները նորից սթափեցրին Մանուկին, և սուրը իջավ «Ալլա՜հ, Ալլա՜հ» գոռացող թուրքի բաց բերանին։ Աղերսանքն ու անեծքը բերանում կիսատ մնացին…

-Ես ձեր հավատը…,- թուրքի ատելությամբ թուրքավարի հայհոյեց Մանուկն ու սրով թռցրեց մեկի ականջը։

3.

-Մանու՛կ, մենք որ էն գլխից գազանին գազանի պես պատասխանեինք, էդ զուլում չէր լինի, էդքան չէին մորթի հային,- գոռաց Օհանն ու արյունոտ սուրն իջեցրեց զինվորացու թուրքի ձեռքին։- Սպանող ձեռքը պիտի քոքից կտրես, որ չշատանա, ես ձեր քոքը…

Գոռում-գոչյուններն ու Ալլահից օգնություն աղերսող վայնասունը թրատեցին մութը։ Զորքն անմիջապես շրջապատեց խավարի մեջ ոռնացող մարագը։ Կրակների միջից հազիվ մի քանիսին դուրս քաշեցին…

Երեք զինվոր փորձում էին զսպել Մանուկին։ Նրա աչքերը կրակի լեզվակների արանքից մի պահ մեխվեցին Արարատի ձյուներին, հետո թռա՜ն անցան դաշտերի ու սարերի վրայով, գնացին հասան Մկտենք, խոնարհվեցին իր տան մոխիրներին։

-Իմ անու՜շ բալեք, ձեր խունկն էսպես եմ ծխում, ես իմ արածն արեցի, բայց ափսոս կիսատ մնաց,- աղոթքի պես շշնջաց Մանուկը։

-Փաշա՛, սասունցիք մեծ մարագի կեսը սրի քաշեցին,- տագնապով զեկուցեցին Զորավարին։

-Ո՞վ է իմ հրամանը խախտել,- մռնչաց Զորավարը՝ շրջվելով Տալվորիկի Հոսնուտ գյուղի զինագործ Համզեի որդի Պճուկի կողմը։

-Մեկը մկտենցի Մանուկն է՝ Գևորգ Չաուշի հորեղբոր որդին, մյուսը՝ իմ հորեղբոր որդի Օհանն է,- ասաց Համզե Պճուկն ու ֆիդայիներին խնդրեց իրեն Զորավարի հետ մենակ թողնել։

4.

Անդրանիկը գլուխն առավ ափերի մեջ… Ճրագի լույսի տակ Պճուկը նկատեց Անդրանիկի աչքերում կուտակվող ցավի կաթիլները։

-Պճու՛կ, ես հասկանում եմ Մանուկի ցավը։ Նրա երակներում Գևորգ Չաուշի արյունն է։ Դու գիտես, որ իմ կյանքի ամենածանր օրը Չաուշի սպանությունն էր, բայց ես պիտի ձեռք բարձրացնեմ նույնիսկ այդ արյան վրա,- մթի մեջ աչքերի առաջին կաթիլը թաքուն սրբեց Անդրանիկը։- Իմ անու՜շ ու հպարտ Գևորգ Չաուշ, ներող եղիր… Դու լավ գիտեիր ֆիդայու երդումն ու օրենքն ինչ է, դու քո ձեռքով սպանեցիր ֆիդայու օրենքը խախտած քո հարազատ հորեղբորը… Ների՛ր, Գևո՛րգ, ների՛ր…

Սրբազան օրենքը խախտած ֆիդայիներին պատժող հրաման շատ էր տվել Զորավարը, բայց էս մեկը…

-Պճու՛կ, Օհանին էլ ներում չկա…,- դողաց Անդրանիկի ձայնը։- Կհիշե՞ս՝ երբ զինագործ հայրդ՝ իմ սիրելի Համզեն, Տալվորիկում զենք էր պատրաստում, ես էլ ձեր մարագում երեք տարի էդ հրացանների պոչն էի փայտից տաշում։ Օհանը մի մատ երեխա էր, ինձ հաց ու ջուր էր բերում… Էդ ե՞րբ մեծացավ ու իմ հրաման խախտեց։ Օ՜ֆ, Օհա՜ն, Օհա՜ն… Զինագործ Համզե, դու էլ ների՛ր, որ թուրքին պարտք մնացած գնդակներից մեկը քո արյան վրա պիտի արձակեն… Համզե՛, իմ մեծ ախպեր, դու քարանձավում մնացիր։ Երբ Հոսնուտի քարանձավում տղադ քո կողքին վիրավորվել էր, դու կարծել էիր՝ մեռած էի, նրան դիրք էիր դրել ասկյարի գնդակների դեմ ու կռվել։ Վիրավոր տղադ ուշքի է եկել ու քեզ ձայն տվել։ Հետո դու քո մարմնով պաշտպանել էիր քո վիրավոր որդուն ու խոցվել։ Համզե՛, դու հավերժ մնացիր Հոսնուտի քարանձավի բնակիչ ու Տալվորիկի սուրբ… Տե՛ր Աստված, ների՛ր…Զինվորական օրենքը խախտողը պիտի պատժվի։ Երկուսին էլ գնդակահարե՛լ,- հայացքը շրջեց Անդրանիկը, և ցավի ու անզորության նոր կաթիլները Զորավարի աչքերից ծանր ընկան ճրագի թույլ առկայծող կրակին։

Պճուկը տեղից վեր թռավ, նրա հոգում դեռ կար ներման մի թեթև հույս, բայց Անդրանիկն անդրդվելի էր…

-Երկուսին էլ շատ եմ սիրում, բայց ֆիդայական օրենքը բոլորից բարձր է, օրենքի դեմ բոլորը հավասար են, ու պիտի պատժվեն խախտողները՝ նույնիսկ եթե թուրք են սպանել,- իր խոսքն ավարտեց Անդրանիկը։

Զորավարի դռան մոտ իրարանցում սկսվեց։ Այդ վճռից ցնցված՝ առաջինը ներս մտավ հերսոտած շենիկցի Չոլոն՝ Անդրանիկի ամենահանդուգն հրամանատարներից մեկը։

-Փաշա՛, եթե քո հրաման ետ չվերցնես, խաբար՝ մեկ, Աստված՝ մեկ, յոթ գնդակ քո մարմնի մեջ մեկ ծակով կանցկացնեմ,- սպառնաց Անդրանիկին տարիներ շարունակ հավատարիմ ծառայած Չոլոն՝ ձեռքը տանելով զենքին։ Նրա թիկունքին անմիջապես շարվեցին մյուս սասունցիները։

-Այս պահին սասունցիներով քեզնից հեռանում ենք ու…,- Չոլոյի կիսատ խոսքը լրիվ հասկացավ Զորավարը։ Մռայլվեց, մարմնով սարսուռ անցավ։

«Թե որ սասունցիք հեռանան, ես ի՞նչ պիտի անեմ։ Դա ծանր կորուստ կլինի»,- մտքում գալարվեց Անդրանիկն ու հարցական նայեց սասունցի ֆիդայիների խրոխտ աչքերին, իր արծիվներին, ովքեր քանի՜-քանի՜ անգամ մահվան բերանն էին գնացել իրենց Զորավարի համար։ Մի պահ օդը քարացավ։ Զորավարի չափազանց խիստ վճիռը կարող էր շատ բան տակնուվրա անել…

-Լա՛վ, իմ սիրելի՛ սասունցիք, առավոտյան զորքի դեմ ցուցադրաբար Մանուկին ու Օհանին բերեք՝ իբր տանում եք գնդակահարելու…Կտանեք բլրի ետև, շապիկները կհանեք, այնպես կկրակեք, որ շորերի վրա գնդակի անցքերը երևան, մի քիչ էլ արյուն կքսեք և կբերեք զորքին ցույց տալու, որ ֆիդայու օրենքը հարգվել է։ Իրենք էլ թող հեռանան, ցավի տեր են…

5.

Առավոտյան գնդակաhարելու գնացած զինվորները Մանուկի և Օհանի իբր գնդակից ծակծկված և արնոտ շապիկները զորքի առջևով տարան Զորավարի մոտ…

Զանգիբասարից առաջինը Ճերմակ ձիավորը շարժվեց։ Զորքն ու գաղթականները բռնեցին Էջմիածին տանող ճանապարհը, իսկ Օհանը, Մանուկն ու որբ թրքուհի Գյուլիշանը հեռվից հետևում էին նրանց…

♦♦♦

…Տարիներ անցան։ Մանուկը երկար թափառումներից հետո հաստատվեց Արագածի փեշին՝ Թալինի շրջանի Աշնակ գյուղում։ Մանուկը Գյուլիշանին եկեղեցի տարավ, կնքեց քրիստոնեական ծեսերով… Երբ Գյուլիշանը հարսնացու դարձավ, Մանուկը նրան կնության վերցրեց։ Ինը զավակ ունեցան Մանուկն ու Գյուլիշանը… Սասունցի գաղթականներով վերաբնակեցված գյուղը հասկացավ ու սիրով ընդունեց Գյուլիշանին։ Մանուկի ու Գյուլիշանի զավակներին աշնակցիները մոր անունով էին կոչում՝ Գյուլիշանի Սաքո, Գյուլիշանի Ռոզիկ…

ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


24/07/2014