Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ



Բանակում փողոցային բարքերի դեմ պայքարը պետք է իրականացվի զինվորական բոլոր օղակներում, բայցև առավել կարևոր է կրտսեր հրամանատարական անձնակազմի ակտիվ մասնակցությունը գործընթացին: Սերժանտների գնահատմամբ՝ բացասական երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է ոչ այնքան խիստ պատժամիջոցների կիրառմամբ, որքան յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ անհատական մոտեցումով:

Խոսելով բանակում փողոցային բարքերի դեմ պայքարից, կարգազանցներից, դրանց վերացման կամ կանխարգելման եղանակներից, սերժանտները մեծամասամբ համակարծիք են, որ այստեղ մեծ նշանակություն ունեն յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ զորամասի հրամանատարության, սպայական անձնակազմի անհատական մոտեցումը և մանկավարժական ճիշտ մեթոդիկան: Այս հարցում նրանք խիստ կարևորում են ոչ միայն զորամասի հոգեբանի, իրավաբանի կամ իրավական ակտիվի գործունեությունը, այլ նաև հոգևոր սպասավորի, հրամանատարների հետ համագործակցող ծնողկոմիտեների արդյունավետ աշխատանքը:

Միաժամանակ, սերժանտների մեծամասնության կարծիքով, չկա այնքան մեծ անհրաժեշտություն, որ ներզորամասային բոլոր գործերում միջամտի ռազմական ոստիկանությունը, քանի որ դա ստեղծում է ավելորդ ընկճվածության, վախի, լարվածության մթնոլորտ: Խոսքը, իհարկե, որևէ իրավախախտում կամ հանցակազմ չպարունակող երևույթների, դեպքերի, պատահարների մասին է:

-Զորամասեր ռազմական ոստիկանության պարբերաբար այցելությունները մեծ հաշվով դրական են ազդում ընդհանուր մթնոլորտի առողջացման վրա, բայց որոշ` կենցաղային և ոչ նշանակալի խախտումների դեպքում ՌՈ միջամտության կարիքը չկա, քանի որ լուծումները կարող են գտնվել ստորաբաժանման ներսում կամ, անհրաժեշտության դեպքում, զորամասի հրամանատարության ներգործությամբ,- ասում է գնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Մովսիսյանը:

Այս տեսանկյունից նա կարևորում է նաև սերժանտական խորհուրդների գործունեությունը, ինչպես նաև իրավական ակտիվների ճիշտ աշխատանքը:

– Ոչ պակաս կարևոր է նաև զորամասի իրավաբանի աշխատանքը, որը կարող է կանխել կարգազանցությունները, փոխել զինվորի տրամադրվածությունը ծառայության նկատմամբ, – նշում է Գ. Մովսիսյանը:

Ընդհանուր առմամբ, ոչ պաշտոնական զրույցներում սերժանտների մի մասը այնքան էլ գոհ չէ իրավական ակտիվներից, ինչպես նաև իրավաբանների աշխատանքից՝ գտնելով, որ յուրաքանչյուր զինծառայող ինքը պետք է սովորի և իմանա իր իրավունքներն ու պարտականությունները ոչ թե զուտ մեխանիկորեն, այլ գիտակցաբար, իսկ իրավական ակտերի ընթերցումները չպետք է դառնան զուտ պարտավորություն կամ հրամանատարությանը և վերադասին սիրաշահելու միջոց: Սերժանտները կարևորում են նաև ՀՊՊ դասընթացների ճիշտ կազմակերպումը՝ որպես ռազմահայրենասիրության և գաղափարական դաստիարակության մեթոդ՝ կոչ անելով այդ հարցում դասավանդմանը մոտենալ խորաթափանց, հասանելի և կիրառական ձևով: Մեծ նշանակություն ունի, ըստ սերժանտների, նաև հրամանատար սպաների անձնական օրինակը, մանավանդ՝ փողոցային բարքերի դեմ պայքարի գործում:

-Փողոցային բարքերը մուտք են գործում զորամաս ժամկետային զինծառայողների հետ միասին, և դրանց կանխարգելման, հետևանքների վերացման համար մեծ նշանակություն ունի հրամանատարների անձնական օրինակը: Թե՛ հոգեբանի և թե՛ հոգևոր սպասավորի հետ պարբերաբար անցկացվող անհատական զրույցները հնարավորություն են տալիս զինվորին կողմնորոշվելու, երբեմն նույնիսկ փոխելու աշխարհայացքը, ինչը, բնական է, դրական է ազդում նրա պատկերացումների, պատասխանատվության զգացողության, իր զինակից ընկերների և հրամանատարների հետ շփման ընթացքի վրա,- իր կարծիքն է հայտնում սերժանտական խորհրդի նախագահ, սերժանտ Վահրամ Հովսեփյանը:

Ըստ նրա՝ փողոցային բարքերի դեմ պայքարելու լավագույն միջոցներից է նաև շնորհալի զինվորների ներգրավումը մշակութային կամ այլ օղակներում. «Այն հնարավորություն է տալիս նոր որակի շփումների, ինչպես նաև մեծացնում է պատասխանատվությունը` ավելի բովանդակալից դարձնելով զինծառայողի ազատ ժամանակը»:

Սերժանտների գնահատմամբ՝ խիստ կարևոր է, որ զորամասի կյանքը զերծ լինի նյութական փոխկապակցվածությունից, քանի որ դա բացասական ներգործություն է ունենում միջանձնային հարաբերությունների վրա՝ հաճախ պատճառ դառնալով տարբեր խախտումների, վարվելակերպի արատավոր դրսևորումների և նույնիսկ՝ հանցագործությունների:

Գնդապետ Կ. Առստամյանի հրամանատարությամբ գործող զորամասի ծառայող, կրտսեր սերժանտ Մարտին Գրիգորյանը բնական է համարում, որ հիմնականում տղամարդկանցով համալրված կառույցներում կարող են տարածում գտնել հասարակության մեջ առկա տարբեր բացասական երևույթներ:

-Փաստացի մի տեղ են հավաքվում տարբեր աշխարհայացքի, դաստիարակության սոցիալական խմբեր և հետաքրքրությունների տեր մարդիկ: Եվ բնական է, որ այս պարագայում շատ կարևոր է հրամանատարի` որպես հոգեբանի, մանկավարժական փորձը: Ինչ վերաբերում է խախտումներին, ապա դրանց կանխարգելման համար, իմ կարծիքով, ավելի լավ է դիմել ոչ թե պատժի, այլ խրախուսման միջոցին: Խիստ կարևոր է զորամասի հոգեբանի ճիշտ կազմակերպած աշխատանքը և անհատական վերաբերմունքը ցանկացած զինվորի նկատմամբ զորակոչի առաջին իսկ օրվանից:

Կրտսեր սերժանտ Գրիգորյանի կարծիքով` ռազմական ոստիկանության մասնակցությունը ներզորամասային կյանքին անհրաժեշտ է միայն ծայրահեղ դեպքերում, և հիմնական խնդիրները պետք է լուծվեն կանոնագրքերի, հրամանների հիման վրա.

-Կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքում սահմանված պատիժները պետք է կիրառել այն ժամանակ, երբ անհնար է դառնում մարդկային գործոնի գործադրումը: Ռազմական ոստիկանությունն իր գործը կկատարի ցանկացած դեպքում, բայց այստեղ պետք է տարբերակել կարևորն ու երկրորդականը: Նախընտրելի է, որ շատ հարցեր լուծվեն հենց զորամասում, բայց ռազմական ոստիկանության իմացությամբ, քանի որ երբեմն աննշան թվացող զանցանքը կարող է հետագա լուրջ խնդրի պատճառ դառնալ: Անչափ կարևոր է, որ ամեն զինվոր իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քանի որ անտեղյակությունն է, որ հաճախ հանգեցնում է անկանխատեսելի հետևանքների:

Կրտսեր հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչների գնահատմամբ` զինված ուժերում փողոցային բարքերի դեմ պայքարում դրական դերակատարություն կարող է ունենալ հրամանատարների և ժամկետային զինծառայողների ծնողների համագործակցությունը, մասնավորապես` ծնողկոմիտեների ակտիվ գործունեությունը:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/07/2014