Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ



Գնդապետ Օ. Գասպարյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում ավարտվեցին հնգօրյա հրամանատարական հավաքները, որին բացի հրամանատարներից մասնակցում էին նաև տեղակալները։ Այս հավաքը հերթական պլանային միջոցառումն է, որն անցկացվում է պաշտպանության նախարարի ցուցումի համաձայն։ Նպատակը հրամանատարների և նրանց տեղակալների գիտելիքների ստուգումն է, գործող պահանջներին համապատասխանությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև թերությունների վերհանումը, շտկումը։ Եվ ամենակարևորը` նման հավաքների ընթացքում ուսումնասիրվում է առաջավոր փորձը և կազմակերպվում փոխանակումը:

Հրամանատարական հավաքներն անցկացվում են սահմանված ժամկետում։ Բացի նշված նպատակներից, այս հավաքը հետապնդում էր նաև անցած ուսումնական փուլի ընթացքում հայտնաբերված թերությունների վերհանման խնդիր։

Պարապմունքների ժամանակ տրվել են մեթոդական և ակադեմիական բնույթի անհրաժեշտ ցուցումներ։

-Մարտական պատրաստությունը մեր զորքի գործունեության հիմնական բաղկացուցիչն է,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը։- Մշտապես նոր մոտեցումներ, նոր մեթոդներ, ձևեր ու տարբերակներ են մշակվում և մատուցում զորքերին, որպեսզի դրանով կարողանանք ապահովել մեր առջև դրված խնդիրների կատարումը՝ արձանագրելով բարձր ցուցանիշներ։ Անցած ուսումնական փուլում բավական շատ նոր ուղղություններ են արմատավորվել զինված ուժերում, որոնք կնպաստեն մարտական պատրաստության արդյունքների հետագա բարձրացմանը:

Հրամանատարական հավաքների արդյունքները հուլիսի 19-ին ամփոփեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Ազգային բանակ


24/07/2014