ԶԵԿՈՒՅՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Սահմանին և շփման գծում լարվածությունը, կրակոցները, դիպուկահարների աշխուժությունն ու խափանարարների թափանցումների փորձերը անհանգստության առիթ դարձան, ակտիվացան նոր պատերազմի հավանականության մասին խոսակցությունները: Մի շարք հրամանատարների, որոնք մասնակցում էին օրերս կազմակերպված հրամանատարական հավաքներին, խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
ՈՒՆԵՆՔ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-Սահմանին լարվածություն միշտ էլ եղել է` զինադադարի կնքման օրվանից ի վեր, պարզապես վերջին ժամանակահատվածում հակառակորդը ակտիվացել է նաեւ հայաստանյան` հատկապես հյուսիսային եւ հյուսիսարեւելյան հատվածում: Սա, ըստ իս, նշանակում է` Ադրբեջանն այլեւս ոչ միայն Արցախն է դիտարկում որպես հակառակորդ, այլեւ սադրանքների միջոցով բացահայտ ցույց է տալիս, որ խնդիր ունի Հայաստանի հետ: Սակայն հիմնավորված չէ այն մտահոգությունը, թե պատերազմի շեմին ենք: Փորձը ցույց է տալիս, որ պատերազմից առաջ անդորր է տիրում, ինչպես փոթորկից առաջ: Եթե նախապատրաստվում ես մարտական գործողությունների, աշխատում ես մոլորեցնել հակառակորդին, թուլացնել նրա զգոնությունը, դուրս մնալ նրա ուշադրությունից, որպեսզի կարողանաս քողարկված աշխատանքներ իրականացնել: Հրադադարի ամենօրյա խախտումները, ընդհակառակը, մեզ զգոն են պահում: Լարվածության պատճառով մենք հակառակորդի նկատմամբ ավելի ուշադիր ենք, հետեւաբար ավելի լավ ենք պաշտպանվում: Ադրբեջանն այսօր մեծ միջոցներ է ծախսում ռազմական նոր տեխնիկա ձեռք բերելու, սպառազինության քանակը ավելացնելու համար, սակայն դա նրանց առավելություն չի տալիս, քանի որ մենք ունենք այդ տեխնիկային դիմակայելու բոլոր հնարավորությունները եւ ոչնչացման ամենաարդյունավետ տարբերակները: Ադրբեջանը ռազմական տեխնիկայի խոշոր գնումներ է կատարում, սակայն չունի ձեռք բերված տեխնիկան օգտագործող բարձրակարգ մասնագետներ:
Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ պատերազմում հաղթում է ոչ թե տեխնիկան ու սպառազինությունը, պատերազմում հաղթում է լավ պատրաստված, գիտելիքներով օժտված, արհեստավարժ զինվորը, ուստի մեր ուշադրության կենտրոնում այսօր զինվորն է` նրա բարոյահոգեբանական վիճակը, տրամադրությունը, արհեստավարժությունը, գաղափարական պատրաստվածությունը: Ես վստահեցնում եմ, որ մեր մարտունակությունը եւ մարտական պատրաստությունը բարձր աստիճանի են, մենք ունենք ժամանակի մարտահրավերներին պատրաստ բանակ: Մեր զորքերը տիրապետում են այն բոլոր հմտություններին, որոնք անհրաժեշտ են ռազմական գործողությունների ընթացքում: Կարող եք հանգիստ լինել:
ԽՈՐՏԱԿԻՉ ՀԱՐՎԱԾԸ ՉԻ ՈՒՇԱՆԱ
-Ինձ թվում է` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նպատակադրվել է փոխելու արմատացած բացասական կարծիքն իրենց բանակի մասին: Նա նաեւ վարկանիշ ձեռք բերելու խնդիր ունի. հիշենք, որ մարտական գործողությունների փորձ բոլորովին չունի: Այս ամենի պատճառով էլ դիմում է արկածախնդրության` կորցնելով իրականության զգացողությունը: Նրա գործունեության այս մեկ տարին բարենպաստ չէր ո՛չ իր, ո՛չ էլ ադրբեջանական զինված ուժերի համար` տապալված խափանարար գործողություններ, զոհերի թվի աճ, ձախողում դիպուկահարների պատերազմում և այլն: Կարեւորը` մենք գիտենք նրանց ակտիվացման դրդապատճառները, գիտենք նաև մեր հնարավորությունների սահմանը…
Ես ամեն օր շփվում եմ սահմանին ապրող մարդկանց հետ, նրանք մեզ վստահում են, հավատում են, ապավինում են: Եթե հարկ լինի, խորտակիչ հարված ենք հասցնելու, ջախջախելու ենք, զինվորից մինչեւ գնդի հրամանատար պատրաստ ենք, ավելին` եթե մի օր պիտի պատերազմ լինի, ապա թող լինի այսօր, քանի որ այսօր մենք գերազանց «մարզավիճակում» ենք:
ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ… ՀՈԽՈՐՏԱՆՔ
-Ադրբեջանի ղեկավարության հոխորտանքներն ու պատերազմի վերսկսման սպառնալիքները ներքին սպառման համար են: Ադրբեջանական բանակի յուրաքանչյուր ձեռնարկում ամեն անգամ ավարտվում է պարտությամբ: Նրանք նորից ու նորից ի ցույց են դնում իրենց թույլ մարտավարական հնարավորությունները, ցածրորակ կատարողականությունը, անկազմակերպվածությունը: Կարծում եմ` միամիտ չեն եւ հասկանում են` հարկ եղած դեպքում ավելի ծանր հարված են ստանալու: Ես վստահ եմ, որովհետեւ մենք ամեն օր սովորում ենք, ամեն օր կատարելագործում ենք մեր իմացածը, ամեն օր մեր զինվորն ու սպան հերոսանում են իրենց ծառայությամբ:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԴԱՍԸ… ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԷՐ
-Մեր հակառակորդը պարտվածի հոգեբանությունից ձերբազատվելու խնդիր ունի, նրանց զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը ծանր է, ամենօրյա մեր դիտարկումները դա են ապացուցում: Անձնակազմը այդ վիճակից դուրս բերելու, ինչպես նաեւ զինվորներին ոգեւորելու համար ձեռնարկում են խափանարար գործողություններ, բայց նրանց բոլոր պլանավորված միջոցառումները ձախողվում են մեր ստորաբաժանումների զգոն ծառայության շնորհիվ: Պատրաստ ենք յուրաքանչյուր պահի հետ շպրտելու հակառակորդին: Ինչ վերաբերում է դիպուկահարներին, կարծում եմ` առանձնապես մեծ հերոսություն չէ քարի հետեւից, թաքստոցից մարդու վրա կրակելը, դրա համար լրացուցիչ կարողություններ ու հմտություններ պետք չեն: Մեր զորքերը կազմ ու պատրաստ են ցանկացած արկածախնդրության արժանի պատասխան տալու, ընդ որում` դաժան պատասխան: Նախիջեւանի հետ սահմանը պահող իմ հարեւան զորամասի արձանագրած հաջողությունները մեր հակառակորդը թող ընդունի որպես նախնական զգուշացում:
ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ Է
-Հակառակորդը լկտիացել է, ուստի նրան պետք է պատժել, պատժել ու էլի՛ պատժել: Նրանք երբեք էլ չեն հասնի հաջողության, որովհետեւ իրենց համար զինվորն ուղղակի թիրախ է: Փակագծերը չբացելով` ասեմ, որ վերջիններս էլ առանձնապես ջանք չեն ներդնում ծառայության մեջ: Մեզ մոտ ամբողջովին հակառակ պատկերն է: Օրինակ` ես, հիանում եմ մեր զինվորներով, երբեմն նրանք իրենց կազմակերպվածությամբ ու հասունությամբ ուղղակի ինձ զարմացնում են: Վերջերս իմ հրամանատարությամբ գործող ստորաբաժանումն ընդգրկված էր Քարվաճառի տարածք ներթափանցած խմբի անդամներին հայտնաբերելու աշխատանքներում: Զինվորները մի մարդու պես սարը շրջապատեցին եւ արհամարհելով եղանակային անբարենպաստ պայմանները` կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը: Հազիվ էի հասցնում նրանց հետեւից հասնել… Վրեժով էին լցված: Զինվորներս ասում էին` «Պարո՛ն հրամանատար, դրանց գտնելը եւ վնասազերծելը մեր պատվի հարցն է…»: Եթե զինվորը այսպես է մտածում, ուրեմն հարկ եղած դեպքում նա կրծքով կպաշտպանի իր հայրենիքը:
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՄՆՈՒՄ ԵՎ ՉԻ ՄՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ
-Մեր պաշտպանական համակարգը համապատասխանում է տարածաշրջանային վտանգներին դիմակայելու պահանջներին, մեր զինվորականները աչալուրջ են եւ զգոն, ուստի մենք շատ արագ կարող ենք ճնշել մեր խաղաղությանն սպառնացող վտանգները, կանխարգելել դրանք, ինչպես եւ անում ենք: Ես վստահեցնում եմ, որ իրավիճակը վերահսկվում է մեր արհեստավարժ զինվորականների կողմից, եւ ազգաբնակչությունն անհանգստանալու առիթ չունի: Մենք մշտապես կապի մեջ ենք սահմանամերձ բնակավայրերի հետ, եւ որեւէ ոտնձգություն անպատասխան չի մնում, դիպուկ եւ անհամաչափ հակահարվածի է արժանանում, ինչն էլ հակառակորդն զգում է իր մաշկի վրա: Եթե ժամանակը գա, եւ անհրաժեշտություն լինի, մենք կարող ենք կրակը տեղափոխել ավելի խորք, թող որեւէ մեկը կասկած չունենա:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
կապիտան