Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԱՅԻՆ ԲԻԱԹԼՈՆ-2014



2014թ. հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը ռուսական Ալաբինո զորավարժարանում անցկացվելու է «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթը, տանկային անձնակազմերի աշխարհի առաջնությունը: Նման առաջնություն ՌԴ զինված ուժերի ղեկավարությունը երկրորդ անգամ է կազմակերպում: Որոշակի մարզական բաղկացուցիչի հետ մեկտեղ մրցույթը առաջնահերթ դիտարկվում է որպես մարտական պատրաստության միջոցառում, որի նպատակն է անձնակազմերի մասնագիտական պատրաստվածության բարձրացումը: Անցած տարի մասնակիցները չորսն էին, այս տարի արդեն 12 պետություն հաստատել է իր մասնակցությունը: Այդ պետությունների ներկայացուցիչները մրցելու են ռուսական Ձ-72ը տանկերով, միայն Չինաստանը և Քուվեյթը ներկայացնող անձնակազմերը հանդես են գալու իրենց զինված ուժերի ռազմական տեխնիկայով: Հատուկ այդ նպատակով արդիականացվել է ավելի քան 100 միավոր մարտական տեխնիկա: Արդիականացված բոլոր տանկերը հետագայում փոխանցվելու են ՌԴ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներին: Մրցույթի ընթացքում նախատեսված են տարբեր առաջադրանքներ, մասնավորապես, ցամաքային և ջրային արգելքների հաղթահարում, հրաձգություն շարժման ընթացքում և կանգնած դիրքից, հետապնդում, էստաֆետ, առանձին մարզական փուլ և այլն: Ամբողջ ընթացքին հնարավոր կլինի հետևել հատուկ տեսախցիկների միջոցով, իսկ տանկիստների գործողությունները վերահսկելու է մասնակից յուրաքանչյուր պետությունից ժամանած դիտորդներից կազմված մրցավարական կազմը:

Նշենք, որ այս մրցույթը զարգացնելու բավական լայն հեռանկարներ կան: Ռուսական կողմի գնահատմամբ, ապագայում այն լինելու է ոչ միայն տանկային անձնակազմերի, այլև տեխնիկան նախագծողների, արտադրողների, տեխնիկական և շահագործող անձնակազմերի մրցակցության ոլորտ: Նման պայմաններում լիովին կբացահայտվեն ռազմական տեխնիկայի և սպառազինության հնարավորությունները՝ նպաստելով զրահատանկային զորքերի զարգացմանը: Չինաստանից և Քուվեյթից սեփական տեխնիկայով տանկային անձնակազմերի ժամանումը կարծես թե դա է փաստում:

Բացի այդ, լայն հնարավորություններ են բացվում նաև մարտական պատրաստության կատարելագործման համար: Առաջնության ժամանակ կուտակած փորձը նախատեսվում է ներդնել զինված ուժերի ուսումնական ծրագրերում: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակակից մարտի վարման ձևերը տանկիստների համար էականորեն փոխվել են, այն է՝ դասական գրոհի փոխարեն մարտ քաղաքում սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ համագործակցելով հրետանու, ավիացիայի հետ և այլն, նախատեսվում է հետագայում տանկային բիաթլոնն անցկացնել նաև այլ զորատեսակների ներգրավմամբ:

Արդեն երկրորդ անգամ տանկային առաջնությանը մասնակցելու են նաև ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմերը: Այս տարի մեր պետությունը ներկայացնելու են չորս անձնակազմեր: Նրանք ընտրվել են հունիսի 15-ից մեկնարկած համաբանակային մրցումների արդյունքներն ամփոփելուց հետո: Ինչպես նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության ավագ սպա փոխգնդապետ Գ. Գևորգյանը, որն անմիջականորեն ներգրավված է նախապատրաստական աշխատանքներում, չորս լավագույն անձնակազմերը լրապատրաստում են անցել Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ: Յուրաքանչյուր երկրից մասնակցելու է չորս անձնակազմ՝ երեք հիմնական և մեկ պահեստային: Պահեստայինը նախատեսված է հիվանդության կամ այլ դեպքում մասնակիցներին փոխարինելու համար: Մեր զինված ուժերը ներկայացնելու են պարտադիր ժամկետային զինծառայողներ և երկու սպա: Այլ պետությունների թիմերում շատ են պայմանագրայինները, կան նաև նախորդ տարի մրցույթին մասնակցած անձնակազմեր: Անցած տարի մերոնք մասնակցել են միայն վերջին փուլին, իսկ այս տարի սկզբից են մեկնարկելու: Փոխգնդապետը նշեց, որ մեր տղաները լիարժեք պատրաստություն են անցել: Մեր զորավարժարաններից մեկում մրցույթի պահանջներին հնարավորինս մոտ պայմաններ են ստեղծվել նրանց համար: Գործը հեշտացրել է նաև այն հանգամանքը, որ կազմակերպիչները տրամադրել են ամբողջական տեղեկատվություն մրցույթի առանձնահատկությունների, երթուղու մասին: Ընդհանրապես, նրա գնահատմամբ ռուսները շատ բարձր մակարդակով են պատրաստվել առաջնությանը: Մի քանի անգամ բանակցությունների և քննարկումների նպատակով հանդիպումներ են կազմակերպվել, մեր զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վերջին անգամ մեզ ծանոթացրել են անձնակազմի տեղավորման պայմաններին, մեքենավարման դաշտին և այլն: Այդ ամենը նպաստում է, որ մեր տղաները ավելի լավ մասնակցություն ունենան մրցույթին:

Անցած առաջնության ժամանակ հայկական թիմը չորս պետությունների թվում գրավեց վերջին տեղը: Հուսով ենք, որ այս տարի մեր տղաները կուրախացնեն մեզ և ավելի բարձր արդյունքներ ցույց կտան: Մաղթում ենք նրանց հաղթանակ, իսկ առավել մանրամասն մրցույթի մասին վերադարձից հետո կպատմեն հենց իրենք՝ մեր մասնակիցները:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


30/07/2014