Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏԻ ԳՐՉՈՎ ՈՒ ՍՐԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ



Այս պատմությունները թող լինեն հիշատակն ու խնկարկումը այն հայորդիների, ովքեր հավատի գրչով ու սրի զորությամբ, արորով ու արդար վաստակով մեզ ավանդեցին Հայաստան աշխարհը։ Քանի-քանի սերունդ այդ ճանապարհն անցավ արհավիրքների ու ալեկոծությունների միջով։ Եվ սակայն պատմության մեջ եղավ մի տարեթիվ՝ 1915թ., երբ զոհ գնացին միլիոն ու կես անմեղ մարդիկ։ Արցախյան հերոսամարտի այս պատմությունները Մեծ եղեռնը վերապրածների զավակների մասին է։

Այնտեղ չկա ողբ ու կական, լաց ու կոծ… Մեծ եղեռնի 100-ամյակի նախօրեին այս հերոսական պատմությունները թող սփոփանք լինեն մեր թափառող, անմեղ զոհերի հիշատակին։

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՈՒԼԻԿԸ

Սամվել Ամիրխանյանը ծնվել է Արարատի մարզի Ուրծաձոր գյուղում: Ամուսնացած է, ունի զավակներ: Նախնիներն իրենց հետ բերել են ավանդապահ մշեցու պատվախնդրություն, բարություն: Այս ամաչկոտ երիտասարդն էլ շատերի հետ զենք վերցրեց ու մեկնեց ռազմի դաշտ: Նրա մասին ընկերները խոսում էին սիրով ու հարգանքով և փաղաքշաբար նրան բրիգադում դիմում էին «Ուլիկ» մականունով: Ադրբեջանցիների բազմաթիվ գրոհներին դիմակայելով` տղաները հանգստանում էին, երբ Սամվելը դիմեց իր ռուս գնդացրորդին. «Հը՞, Պաշա՛, ի՞նչ ես ասում, հերիք չի՞ սրանք մեր հոգին հանեն»: «Ես էլ էդ էի ուզում ասել», – ասաց Պաշան ու շոյեց լիցքավորված գնդացրի փողը: Ու մինչ թշնամին պատրաստվում էր նոր հակագրոհի` կայծակնային արագությամբ Ուլիկի տանկը սլացավ դեպի նրանց դիրքերը: Խուճապահար թշնամին մինչ գլխի կընկներ կատարվածը և կփորձեր դիմադրություն ցույց տալ` տանկը սլացավ խրամատի ողջ երկայնքով մեկ: Պաշայի արձակած կարկահերթերը հասնում էին իրենց նպատակին: Խելահեղ վազքով տանկը սլանում էր, երբ Պաշան ձայն տվեց. «Ուլի՛կ, դարձի՛ր, փամփուշտները վերջանում են»:

Մինչ հոգնած տղաները դրիքերից «թամաշա» էին անում տանկի խելահեղ արշավը, Ուլիկը շրջվեց ու նույն արագությամբ էլ անվնաս հասավ մեր դիրքերը: Հրամանատար Մանվել Գրիգորյանին ներկայանալով` Ուլիկն իր ամոթխած ժպիտով արդարացավ.

-Ինչ անեի, հրամանատա՛ր, հոգիներս հանեցին…

ԶԻՆԱԳՈՐԾԸ

Եղեռն վերապրած ծեր կաճեթցիները վաղուց հեռացել էին, ու նրանցից սովորած ասկյար բառով էին Ատոմին դիմում նրանց հետնորդները։ Ատոմ Սարգսյանն առաջին իսկ օրից զինվորագրվել էր ու մեկնել սահմաններ։ Երբ կարճ ժամանակով տուն էր գալիս, էլի հանգիստ չուներ, գյուղացիների պատերից տարիներով կախ, ջարդված, ճաքած փողերով հրացաններն էր նորոգում, հանձնում ջոկատի տղաներին։ Կարելի էր նրան կոչել նաև զինագործ, բայց ասկյար էին ասում, մեկ-մեկ էլ՝ զինագործ ասկյար։

Կռվեց տարբեր ջոկատներում։ Բանակի ստեղծման հետ նորից դիրքերում էր, զինվորների կողքին։ Այսպես մինչև հաղթական ավարտ։ Խաղաղության հետ տուն եկավ ասկյարը՝ Կաճեթա ծուռը։ Պատից կախ տվեց զինագործի իր հմտությամբ վերանորոգված մոսինն ու անցավ հողագործի աշխատանքին։ Երբ գյուղացիներից մեկնումեկն ասում է.

-Ասկյա՛ր, մնայիր բանակում, հիմա քո վաստակի տեր մարդիկ բարձր պաշտոնների են, հեշտ կապրեիր։

Նա իր մեղմ ժպիտով պատասխանում է.

-Իմը հողագործությունն է։ Փառք Աստծո, բանակը կա, տեխնիկան կա։ Մեր զինվորները հրաշք տղաներ են, թող հմտանան, գերազանց տիրապետեն զենքին, առաջ գնան, եթե հարկ լինի, ես էլի իմ երկրի զինվորն եմ…

Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Պատմության էջերից


30/07/2014