«ՍՊԱՍԻ՛Ր, ՔՈ ԶԻՆՎՈՐԸ ՏՈՒՆ ԿԳԱ…»
-Մեր առաջնեկի ծնվելուն երկար ենք սպասել: Սպիտակի տարածաշրջանում գտնվող Մեծ Պառնի գյուղի սբ. Հովհաննես եկեղեցի կատարած ուխտագնացությունից հետո ծնվեց մեր առաջնեկը և ի պատիվ սուրբ Հովհաննեսի մեր տղային անվանակոչեցինք Հովհաննես: Բարի տարի էր: Հենց այդ տարի էլ հաստատվեց այնքան բաղձալի հրադադարը: Ուրախացանք, աշխարհով մեկ եղանք: Տարիներն անցան, Հովհաննեսս հասակ առավ, զինվորացու դարձավ: Ներկայացավ զինկոմիսարիատ ու բանակ գնաց: Հովիկս ուզում էր, որքան հնարավոր է, տնից հեռու ծառայել: Ասում էր. «Այդպես և՛ ինձ համար լավ կլինի, և՛ ձեզ համար: Բանակն ամեն տեղ էլ նույնն է` նույն պարտականությունը, նույն պատասխանատվությունը»:
Զորակոչվելուց առաջ էլ այցելեցինք սուրբ Հովհաննես, մոմ վառեցինք, մատաղ խոստացանք:
-Ամուսնուս հետ ուխտեցինք, որ երկու տարի շարունակ՝ 104 շաբաթ, գնալու ենք սրբի դուռը, մոմ ենք վառելու և աղոթելու ենք առ Աստված, որ փորձանք չլինի, պատերազմ չլինի, և բոլորի զինվոր որդիները ողջ ու առողջ տուն վերադառնան: Այդպես էլ արեցինք: Երկու տարի աղոթեցինք ամեն զինվորի ու նաև մեր տղայի համար, մեր երկրի խաղաղության համար: Առաջին օրերը, շաբաթները մեզ համար շատ դժվար էին անցնում: Տեղս չէի գտնում: Ամուսինս քչախոս էր դարձել: Հովիկիս շունն էլ, բացակա տիրոջ կոշիկները թաթերի մեջ առած, բակի մի անկյունում պառկել, վնգստում էր: Այդպես էր, մինչև տղաս զանգեց: Նրա ուրախ, զվարթ ձայնը, ծիծաղը մեր մտահոգությունը ուրախության վերածեցին: Ամեն ինչ փոխվեց մեր շուրջը:
Չեք հավատա, բայց Հովհաննեսի բանակ զորակոչվելուց առաջ երազում տեսել էի սահմանամերձ այն զորամասը, որտեղ ծառայելու էր որդիս, ճանապարհը, որով պետք է անցներ… Չեք հավատա, բայց 36 օր շարունակ,՝ մինչև որդուս երդման արարողության օրը, օրագիր եմ գրել:
Դիրքեր բարձնալու առաջին օրվա մասին այսպես է հորը պատմել. «Պա՛պ ջան, առաջ սահման ասելուց մարմինս փշաքաղվում էր… Չէի տեսել, միայն լսել էի… Երբ սահմանը իրականում ես տեսնում, ամեն ինչ ուրիշ կերպ է երևում… Քեզնից փոքր հեռավորության վրա թշնամին ա, մյուս կողմ ես նայում` քո երկիրն ա ու սահմանամերձ գյուղը, որ մենք ենք պահում, ու էդ գիտակցումից դու ուժ ես ստանում, հասկանում ես քո կարևորությունը, հոգիդ հպարտությամբ ա լցվում: Չգիտեմ, էդ ինչ զգացում ա`՝ հպարտությու՞ն, պատվախնդրությո՞ւն, հաղթանա՞կ, չգիտեմ… Պապ, իրական սահմանը ուրիշ ա…»:
Երկու տարի շարունակ ամեն ծառայող զինվորի պես օրացույցի վրայից ջնջել եմ որդուս անցկացրած ամեն մի օրը: Օրացույցի վրա կարմիր գրիչով նշում էի որդուս՝ դիրքերում եղած օրերը, կապույտ գույնով` զորամասում եղած օրերը, կանաչով` արձակուրդի օրերը: Ամեն օրը հաշվել եմ ու ջնջել, անգիր գիտեի, թե որ օրը որտեղ է եղել…
Համակարգչի միջոցով նաև սիրողական հոլովակ եմ ձևավորել՝ «Սիրում եմ քեզ, իմ մամա, սպասի՛ր, քո զինվորը տուն կգա» վերնագրով: Այդտեղ Հովհաննեսի բանակային տարիների լուսանկարներն են, նաև՝ ընտանեկան լուսանկարներ, Հովիկի ինձ նվիրած խոսքերը.
Մա՛յր, չմտածես, ես կգամ շուտով,
Գիտեմ՝ սպասում ես անհագ կարոտով,
Սակայն դու պատճառ չունես,որ տխրես
Եվ հպարտ եղի՛ր, որ զինվոր ունես…
Որդուս զորացրվելու հենց առաջին կիրակի օրը, ինչպես և ուխտել էինք, այցելեցինք Մեծ Պառնի գյուղի սբ. Հովհաննես եկեղեցի, մատաղ արեցինք մեր որդու վերադարձի համար: Մենք ուրախ ենք, որ մեր որդին իր պարտքը կատարեց, ծառայեց հայրենիքին ու վերադարձավ հայրենի տուն: Դրանք այնպիսի զգացումներ են, որ անկարող ես բառերով նկարագրել: Երբ դուռը բացվում է, և տեսնում ես որդուդ, ամուր գրկում ես նրան, ու նոր միայն հասկանում, որ նա վերջապես տանն է: Տունդ լցվում է ջերմությամբ, ապրելու, արարելու նոր շունչ ես ստանում:
Որդուս վերադարձը մեզ համար ամենաերջանիկ օրն էր նրա ծնունդից հետո… Տա՛ Աստված, որ բոլոր ընտանիքներն էլ զգան այն ուրախությունն ու ջերմությունը, այն անբացատրելի բերկրանքը, ինչ մենք զգացինք: Զգացումները շատ խորն են ու աննկարագրելի: Դրանք պետք է ապրել հասկանալու համար: Շնորհակալ եմ բոլորին, որ այդ դժվար պահերին մեր կողքին են եղել, մեզ ոգևորել են, խորհուրդներ տվել: Եվ, իհարկե, Աստծուն եմ շնորհակալ, որ իմ միակ զավակին պահպանեց փորձանքներից ու վերադարձրեց հայրենի օջախ:
Խաղաղություն և բարի վերադարձ բոլոր զինվորներին:
Պատրաստեց ՆԱՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ
Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Բանակ և հասարակություն