Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՇՏՈՑՅԱՆ 36 ՈՒԽՏՅԱԼ ԶԻՆՎՈՐՆԵՐ…



Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և Մեծ հայրենականում զոհված համագյուղացիների հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ՀՕՊ ուսումնական կենտրոնի կուրսանտների երդման արարողությունը։ Ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, Կարբիի հոգևոր հովիվ տեր Եփրեմ քահանա Զարգարյանը, համայնքապետ Կարո Բաղդասարյանը, հյուրեր, ծնողներ, հարազատներ և Կարբի գյուղի բնակչությունը։ Օրը տոնական էր, անմոռաց։ Հայրենասիրական երգ-երաժշտության հնչյուններին միախառնվում է եկեղեցու զանգերի ղողանջը։ Հնչում է ՀՀ պետական օրհներգը։ Զորամասի հրամանատարի ուսգծով տեղակալ մայոր Մ. Աբգարյանը զեկուցում է հրամանատար, փոխգնդապետ Ա. Ֆանյանին, որի ողջույնից հետո էլ սկսվում է երդման արարողությունը։ Խրոխտ քայլքով, գեղեցիկ, թուխ դեմքերով, առնական տղաների երդում է՝ Դավիթ Նուրիջանյան, Գևորգ Աղախանյան, Խորեն Մինասյան, Ղևոնդ Ավետումյան, Հովհաննես Վարդանյան, Տաճատ Բաղդասարյան, Լևոն Ղաբուզյան… Տղաները հայրենիքին ծառայելու սուրբ երդում են տալիս։ Եվ երդման ամեն բառում, ամեն շեշտում կա տիրոջ զգացողություն:

-Նայելով Ձեզ, սիրելի կուրսանտներ՝ ձեր գեղեցիկ ու առնական դեմքերին երանի ու փառք եմ տալիս ձեզ, որովհետև ձեր ամբողջ կյանքը պտտվելու, կառուցվելու է այս երկու տարիների շուրջը։ Այս երկու տարիներին է դրվում ձեր, մեր ապագայի հիմքերը։ Ծառայության այս երկու տարիներին հյուսվելու են գեղեցիկ, հերոսական ասք-պատություններ, որոնք դառնալու են ձեր զավակների հոգևոր սնունդը,- ողջունելով կուրսանտներին ասաց մարզպետը։

-36 զինվոր, 36 ուխտյալ… Այսօր հայրենիքին երդում տված զինվորների թիվը ճիշտ այնքան է, որքան հայոց այբուբենը,- ասաց Կարբիի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Եփրեմ քահանան,- 36 զինվոր, Մեսրոպյան այբուբենի 36 տառերի նման ուխտ արեցին ծառայել ազգին՝ երկրային ու երկնային հայրենիքին։ Ձեզ ամրակուռ հավատ և անսասան սեր։

Զինվորներին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր ասաց նաև զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վ. Մախսուդյանը.

-Սիրելի կուրսանտներ, մենք համոզված ենք, որ դուք հայրենիքին հավատարմության երդում տալով խորապես ըմբռնել եք յուաքանչյուր բառի իմաստը։ Հավատացած ենք, որ մինչև ծառայության վերջը հավարտարիմ կլինեք ձեր տված երդմանը, որովհետև մեզանից-ձեզանից, յուրաքանչյուրիցս է կախված մեր հայրենիքի հզորությունը, ապագան:

Երդման հանդիսավոր արարողությունից հետո կուրսանտները հանդիսավոր երթով անցան հրապարակով: Ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված կարբեցիների հուշարձանին, որից հետո մոմեր վառեցին սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հայաստանի տարբեր ծայրերից ժամանած զինվորների ծնողներին հարազատների պես էին ընդունում հյուրընկալ կարբեցիները.

-Մեր երեխաներն էլ ձեզ մոտ են ծառայում, դուք էլ մեր զինվորներին եք սիրում, օգնում,- ասում են նրանք։

Կարբիի բնակիչ Արմեն Թովմասյանը զինվորների երդման արարողությունը տեսնելու է բերել թոռանը՝ Արմենին, որն արդեն ճանաչում է բոլոր զինվորներին, քանի որ ներկա է եղել նրանց փորձերին։

Վանաձորից զորակոչված Լևոն Ղաբուզյանի մոտ են եկել մայրը և ուսուցչուհի մորաքույրը՝ Մարո Խաչատրյանը.

-Երբ զինվորի ոգին տեղն է՝ ամեն ինչ իր բնական հունով է գնում… Ես նայում հիանում եմ մեր տղաներով, մեր ժողովրդով… Այս ոգևորությունը հայրենիքը սիրելուց է գալիս… Ուրեմն` լավ դաստիարակություն ենք տալիս մատաղ սերնդին…

ՀՕՊ ուսումնական կենտրոնի կուրսանտների երդման արարողությունը Կարբիի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի մոտ վերածվեց առ հայրենիքը սիրո, հայրենասիրության բաց դասի…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Բանակ և հասարակություն


30/07/2014