ԿԱՄՈՎԻ՛Ն` ԱՌԱՋՆԱԳԻԾ
Հուլիսի 23-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի այս տարվա շրջանավարտները պետք է վիճակահանության սկզբունքով ընտրեին իրենց ծառայության վայրը (զորամասը): Նախքան վիճակահանությունը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց. «Արդյոք կա՞ն այնպիսիք, ովքեր պատրաստ են կամովին ծառայության անցնելու առաջնագծում` մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում»: Տասնյակ շրջանավարտներ առանց վարանելու ոտքի կանգնեցին եւ ընտրեցին մայրաքաղաքից հարյուրավոր կլիոմետրեր հեռավորության վրա տեղակայված մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը: Նրանց ընտրությունն արժանացավ ներկաների ջերմ ծափողջյուններին: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած անձնվիրության եւ խիզախության համար, ապա ամուր ձեռքսեղմումով շնորհավորեց նորաթուխ սպաներին:
Մենք զրուցեցինք կամովին առաջին կարգի զորամասերն ընտրած երիտասարդ սպաների հետ եւ հետաքրքրվեցինք` ինչո՞ւ որոշեցին ծառայել առաջնագծում, ի՞նչ տրամադրությամբ են մեկնում զորամաս, ի՞նչ ակնկալիքներ ունեն ծառայությունից:
ՍՈՒՐԵՆ ԱՎԱԳՅԱՆՆ առաջնագծում ծառայելու իր որոշումը կայացրել է 2013 թ., երբ մեկնել է մարտական հերթապահություն իրականացնող զորամաս՝ զորային ստաժավորման. «Գիշերը տեղ հասանք, մեզ դիմավորեց հրամանատար, գնդապետ Ա. Աղաջանյանը` թե խոսքով, թե պահվածքով իսկական զինվորական: Մութ էր, ոչ տեղանքը տեսանք, ոչ զորամասը կարողացանք ուսումնասիրել: Երբ առավոտյան արթնացանք եւ դուրս նայեցինք, հիացմունքից քարացանք: «Էս ինչ հրաշք է, էս ինչ բնություն է, ինչ օդ»,- կրկնում էինք բոլորս միաբերան: Ասես՝ ջունգլիներում հայտնված լինեինք: Շատ տպավորված էի, ուստի որոշեցի, որ կամովին ընտրելու եմ այդ զորամասը: Ստաժավորման ընթացքում մենք հնարավորություն ունեինք գործնականում կիրառելու մեր հմտությունները: Ես ստանձնեցի դասակի հրամանատարի պարտականությունները, շփվեցի զինվորների հետ, շարային պարապմունքներ անցկացրի, գնդի կազմում մասնակցեցի զորավարժության եւ հիմա ամբողջական պատկերացում ունեմ, թե ինչ է ինձ սպասում առաջիկայում: Կարծում եմ՝ կարդարացնեմ ինքս ինձ եւ կկարողանամ ծառայության ընթացքում ցուցաբերել միասնականության, համախմբվածության, դժվարությունները համատեղ հաղթահարելու որակներ և կամք»:
ՀԱՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ մասնագիտության հարցում կողմնորոշվել էր դեռեւս 8 տարեկանում. «Մի օր դպրոցի ճանապարհին երկու զինվորականի հանդիպեցի: Հետաքրքրվեցի` ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղվում: Նրանք էլ պատասխանեցին` «Հայրենիքն ենք պաշտպանում»: Նրանց պատասխանն ինձ շատ դուր եկավ: Ես էլ որոշեցի՝ երբ մեծանամ, պիտի հայրենիքը պաշտպանեմ: Այդպես էլ արեցի: Նախ՝ ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, այնուհետեւ դարձա Ռազմական ինստիտուտի կուրսանտ եւ երդվեցի հավատարմորեն ծառայել իմ երկրին ու ժողովրդին: Մեկնում եմ առաջնագծի ամենապատասխանատու հատված, ուզում եմ սեփական օրինակով ոգեւորել շարքային զինվորին: Վստահ եմ` իմ հաստատակամությունն ու վճռականությունը պետք են մեր երկրին»:
ՅՈՒՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ որոշել էր մասնակցել վիճակահանությանը, նախընտրած զորամաս չուներ, և երբ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հարց ուղղեց շրջանավարտներին, նա ոտքի կանգնեց. «Չգիտեմ, գուցե ինքնաբերաբար ստացվեց կամ ներքին ձայնն ինձ հուշեց, չեմ կարող ասել: Երբ ընկերներս ծափահարում էին, ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում, իմ ընտրությունը հերոսություն կամ քաջություն չեմ համարում, մենք նոր ենք սկսում մեր ծառայությունը, երիտասարդ ենք, առույգ, լեցուն էներգիայով, այսինքն՝ ունենք այն բոլոր որակները, որոնք անհրաժեշտ են առաջնագծում ծառայելու համար, ուրեմն՝ ինչո՞ւ չգնալ: Ծառայելու եմ առաջնագծի զորամասերից մեկում, կաշխատեմ շահել զինվորի վստահությունը, հրամանատարության հարգանքը: Ընկերներիս մաղթում եմ բարի ծառայություն: Տղերք, պինդ եղեք»:
ՆԱՐԵԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հայրը՝ Հովհաննես Վարդանյանը, ազատամարտիկ է, կռվել է «Արծիվ» ջոկատի կազմում: Նարեկը պատմում է, որ փոքրուց մեծ հետաքրքրությամբ է լսել հոր պատմությունները պատերազմի, իր կռված ընկերների մասին. «Հայրս միշտ օրինակ է եղել ինձ համար, ձգտել եմ նմանվել նրան, լինել նույնքան բարի, ընկերասեր, հավասարակշռված, պատասխանատու, ազնիվ: Ուզում էի, որ հայրս պարծենար ինձնով, ուստի որոշեցի զինվորական դառնալ: Ընդունվեցի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարան, այնուհետեւ՝ Ռազմական ինստիտուտ, այսօր էլ կամովին ընտրեցի գնդապետ Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասը: Կփորձեմ իմ ծառայությամբ անառիկ պահել մեր սահմանները, իմ ավանդը ունենալ մեր զինված ուժերի կայացման եւ հզորացման գործում: Ուզում եմ, որ հրամանատարությունը մեզ լավ դիմավորի, որ փորձառու սպաները օգնեն, խորհուրդներ տան մեզ, մինչեւ կհարմարվենք: Կարծում եմ՝ զինվորներիս հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեմ. չէ՞ որ տարիքով նրանցից այնքան էլ մեծ չեմ»:
ԳԱՐԵԳԻՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ նույնպես ցանկություն հայտնեց ծառայության անցնելու սահմանամերձ զորամասերից մեկում: Այնինչ ցանկացողներն այնքան շատ էին, որ նախարարի առաջին տեղակալը որոշեց, այնուամենայնիվ, վիճակահանություն անցկացնել: «Վիճակ հանեցի, եւ թղթի վրա գրված էր իմ նախընտրած զորամասի համարը,- պատմեց Գարեգինը:- Մտքումս ասացի՝ ուրեմն, իրոք, իմ տեղն է: Ծառայելու եմ գնդապետ Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասում, պատրաստ եմ: Ինձ հունից հանում է խաբեբայությունը: Ազնվությունը շատ կարեւոր արժեք եմ համարում եւ կարծում եմ, որ այն մարտունակության ապահովման հիմնարար գործոններից է, քանի որ զորքերում կարեւոր են ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլեւ ենթակաների հետ հարաբերությունները կառուցելու մարդկային որակները: Ես բնավորությամբ խիստ եմ եւ պահանջկոտ, բայց փորձելու եմ հասկանալ յուրաքանչյուր զինվորի»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում