Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՆԱԿԵՏՈՒՄ



Օրերս հարավարևմտյան ուղղության մարտական հենակետեր հերթական շրջայցի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտեց. «Հայ զինվորի ամեն օրը սխրանք է և հայ զինվորն առ այսօր ոչ մի քայլ չի նահանջել… Ամեն օր սահմանապահ հայ զինվորն ու հրամանատարը սխրանք են գործում…»: Պաշտպանության նախարարի խոսքերն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող, իրենց պարտականությունները գերազանց և անտրտունջ կատարող հայ զինվորի ու սպայի մասին այնքան դիպուկ են ասված, որ ավելի լավ բնութագիր թերևս դժվար լինի տալ:

Բարձրանում ենք դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում փոխգնդապետ Ս. Պողոսյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները: Ինժեներական ծառայության պետ՝ փոխգնդապետ Հ. Մակարյանը մեկ առ մեկ թվարկում է առաջնագծում իրենց կատարած ինժեներական, ամրաշինական, կառուցապատման աշխատանքները:

-Գնանք, ինքներդ ձեր աչքով տեսեք, որ համոզվեք, թե ինչ ամուր և հուսալի խրամուղիներ, խրամաբջիջներ, հենակետեր, դիտակետեր, արգելափակոցներ են կառուցել մեր զինվորները,- ասաց փոխգնդապետն ու վարորդին խնդրեց ճանապարհի այդ հատվածը ավելի արագ անցնել:

Հասանք հենակետ: Հենակետի ավագը՝ ավագ սերժանտ Արշամ Բարսամյանը, փոխգնդապետին զեկուցեց, որ մարտական հերթապահությունն իրականացվում է համաձայն հաստատված գրաֆիկի, մարտական իրադրությունն անփոփոխ է, և, որ ամենակարևորն է, առայժմ հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ չեն եղել:

Այս հենակետում մարտական հերթապահությունն իրականացնում են ժամկետային զինծառայողները: Նրանք ընդգրկված են զորամասում լավագույնը ճանաչված փոխգնդապետ Սամվել Հարոյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային գումարտակի կազմում: Փորձառու ավագը ըստ մարտական հաշվարկի լավ գիտի անձնակազմի խնդիրներն ու գործողություններն:

-Պարտքս կատարեցի և զորացրվեցի, բայց տեղս չէի գտնում: Ձեռքս մեկ էս գործին խփեցի, մեկ էն գործին տվեցի, մի երկու անգամ էլ ներս ու դուրս արեցի: Որ ասեմ՝ վատ էր, սուտ կլինի, բայց իմ սրտովը չէր: Վերջը դիմեցի և անցա պայմանագրային ծառայության: Արդեն վեց տարի ծառայության մեջ եմ: Կարելի է ասել` ես իմ տեղում եմ:

Արշամը հրաշալի է գիտակցում, թե ինչ ահռելի պատասխանատվություն է դրված իր հրամանատարությամբ մարտական հերթապահություն կատարող հենակետի անձնակազմի ուսերին:

Հենակետի ավագի ուղեկցությամբ նորակառույց խրամուղով շարժվում ենք դիրքեր: Մեր դիմաց՝ ձախ ու աջ, թշնամու մի քանի հենակետեր են: Ինչպես և մենք, հակառակորդը ցանկացած շարժ նկատում է. մի վայրկյան անգամ չպետք է մեր զգոնությունը թուլացնենք:

Զինվորների ձեռքերով լեռնաքարով կառուցած անխորտակ պատը մեր տեղաշարժը խրամուղով դարձնում էր հարյուր տոկոսով անվտանգ: Մի քանի րոպեից հասանք դիտակետ: Հեռադիտակով դիտարկում կատարող դիտորդ, շարքային Հրայր Համբարձումյանը, լսելով մեր ոտաձայները, մի պահ հեռադիտակը հեռացրեց աչքերից և հենակետի ավագին արագ-արագ զեկուցեց իրադրությունը:

-Ինչ-որ կասկածելի բան նկատել ես,- հետաքրքրվում եմ:

-Առայժմ ոչ, պարոն մայոր, բայց էս հանգստությունը խաբուսիկ է,- պատասխանեց շարքային Համբարձումյանն ու շարունակեց դիտարկումը:

Լուռ հետևում եմ դիրքապահ Համբարձումյանին: «Ինչքան վստահություն կա իր բազկի ուժի և զենքի զորության վրա, ինչքան նվիրվածություն իր ստանձնած գործի արդարության նկատմամբ»,- ասում եմ ինքս ինձ:

-Հալալ լինի ձեզ ձեր մայրերի կերած կաթը,- ասում եմ ու սեղմում մեր երկրին ևս մեկ խաղաղ օր պարգևած սահմանապահների ձեռքն ու անփորձանք ծառայություն մաղթելով` շարժվում դեպի մյուս հենակետը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Ազգային բանակ


30/07/2014