Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԳՈՒ՛ՅՇ ԵՂԵՔ, ՍԱ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՆ Է



Հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների, ինչպես նաև ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների անդրանիկ շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի մասնակցկությամբ հանդիսավոր միջոցառմանն ավարտական վկայականներ և անվանական դաշույններ ստացան շուրջ 260 երիտասարդ սպա:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դեռ վաղ առավոտյան: Ապրիլի 24-ի արարողություններից հետո առաջին անգամ հուշահամալիրն այդքան բազմամարդ էր: Այստեղ էին հավաքվել շրջանավարտների հարազատները, իսկ ավելի ուշ՝ պաշտոնական արարողության մասնակիցներն ու հյուրերը, որոնց թվում նաև՝ Հայաստանում համատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:

Միջոցառումը բացեց ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Նա լավագույն շրջանավարտներին սպայական վկայականներ հանձնեց և պարգևատրեց անվանական դաշույններով: Պարգևներ ու վկայականներ շրջանավարտներին հանձնեցին նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիսությունն ամփոփվեց ուսումնական հաստատությունների դրոշներին հրաժեշտ տալու արարողությամբ: Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումից հետո նորաթուխ սպաներին շնորհավորական խոսքով դիմեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշանակալի անվանեց այն փաստը, որ ուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական առաջին կոչումներ շնորհելու վկայականներ հանձնելու արարողությունը համընկնում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի հետ:

– Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը հիրավի պատմական նշանակություն ունեցող կրթահամալիր է մեզ համար: Ստեղծվելով Արցախյան պատերազմի հաղթական ավարտի հետքերով` այն նշանավորեց ռազմական կադրերի սեփական դարբնոց ունենալու հայ ժողովրդի վաղեմի երազանքի իրականացումը: Կարող եմ վերհիշել, թե այժմ արդեն հեռավոր 1994 թվականի ամառային օրերին ինչպես էր իր առաջին մանկական, բայց և հաստատուն քայլերը կատարում բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը` ապագա Ռազմական ինստիտուտը: Դրանք այն օրերն էին, երբ անհրաժեշտ ուսումնանյութական բազան բառի բուն իմաստով մեկիկ-մեկիկ հավաքում էինք պատերազմը նոր ավարտած զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներից, երբ պրոֆեսորադասախոսական կազմի հավաքագրման համար շրջում էինք հանրապետության բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, երբ հրամանատարական կազմի համալրման համար ընտրում էինք պատերազմի բովով անցած լավագույն սպաներին, իսկ առաջին հոսքի կուրսանտները նորաստեղծ ինստիտուտի կառուցապատման աշխատանքներին ստիպված էին հատկացնել ուսումնական գործընթացից ոչ պակաս ժամանակ: Հայի ճակատագիրն է սա՝ միաժամանակ կառուցել և սովորել, կերտել և մարտնչել` արևի տակ ապրելու իրավունքն իր քաջությամբ, խելքով և աշխատասիրությամբ պաշտպանելու համար:

Այժմ արդեն քսանամյա երիտասարդը` հայոց բանակի ռազմական կրթության ողնաշարը, տարեցտարի մեր զինված ուժերը համալրում է հայրենիքի նվիրյալ, պրոֆեսիոնալ սպաներով և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հետ մեկտեղ ապահովում է հմուտ, բանիմաց, բայց ամենակարևորը` հայրենի միջավայրում թրծված առաջնորդների մուտքը հայոց բանակ: Ընդ որում, արժանահիշատակ է այն հանգամանքը, որ առաջին անգամ զինված ուժերը կհամալրվեն այստեղ ներկա երեք կին պրոֆեսիոնալ սպաներով` ռազմաավիացիոն ինստիտուտի սաներով: Սա վկայում է հայրենիքի պաշտպանության գործում հայ կնոջ օրըստօրե աճող դերակատարության մասին,- ասաց ՀՀ նախագահը:

Շնորհավորելով բոլոր ռազմաուսումնական հաստատությունների երիտասարդ շրջանավարտներին՝ ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը ցանկություն հայտնեց, որ ռազմական ուսհաստատությունների շրջանավարտները պատվով կկրեն հայոց բանակի սպայի նվիրական կոչումն ու առաքելությունը:

-Լինի դա մեր սահմանները պաշտպանելու թե առօրյա մարտական պատրաստության գործունեությունը, հիշեք, որ դուք պրոֆեսիոնալ սպայի մասնագիտության կրողներն եք, ուստի առաջնորդեք սեփական օրինակով և եղեք այնպիսի հավերժական արժեքների կրողները, ինչպիսիք են «Պատիվը», «Պարտքը» և «Հայրենիքը»: Երբեք չընկրկեք, քանի որ ձեր թիկունքին մշտապես զգալու եք ծառայակից ընկերների, վերադաս հրամանատարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ողջ համակարգի և ամբողջ հայ ժողովրդի ֆիզիկական և հոգևոր աջակցությունը, – շեշտեց երկրի ղեկավարը:

ՀՀ նախագահը հատուկ շնորհավորեց նաև ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացի անդրանիկ շրջանավարտներին՝ նշելով, որ վերջիններս կապող օղակ են լինելու երիտասարդ սպաների և բանակի բարձրագույն ղեկավար կազմի միջև:

– Ցանկանում եմ, որ ամենաեռանդուն կերպով զինված ուժերի բոլոր գործառութային ոլորտներում տարածեք ձեր ստացած ժամանակակից գիտելիքներն ու հմտությունները՝ դառնալով արդիական մարտարվեստի, պլանավորման, ղեկավարման, կառավարման, առաջնորդման ու զինվորական էթիկայի լավագույն փորձի կիրառման առաջամարտիկներ, – ասաց նախագահ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը շեշտեց նաև, որ պատահական չէ ընտրված այս արարողության վայրը:

-Հավաքվելով այս սրբավայրում և խոնարհվելով անմեղ նահատակների հավերժ հիշատակի առջև՝ մեր ազգի ու պետականության բոլոր ախոյաններին նաև հստակ ուղերձ ենք հղում առ այն, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ: Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություն իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»: Եվ ես շնորհակալ եմ ձեզնից, որ, ընտրելով սպայի մասնագիտությունը, գիտակցաբար և անմնացորդ նվիրումով դարձել եք այս պատվիրանների հետևորդներն ու դրանք գործով իրականացնողները: Ես հրամայում եմ ձեզ, խնդրում եմ, տղանե՛ր, անել ամեն ինչ, հերոսանալու ոչ թե սեփական կյանքը զոհելու, այլ մեր աշխարհի անդորրը խաթարող ելուզակներին վնասազերծելու միջոցով: Դուք հայրենիքին շատ եք պետք,- ասաց ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը՝ կրկին շնորհավորելով շրջանավարտներին և մաղթելով բարի գալուստ փառապանծ զինված ուժերի շարքերը:

Դիմելով ռազմական ուսումնարանների շրջանավարտներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցավով նշեց, որ նրանք ծառայության են անցնում սահմանում տիրող անկայուն վիճակի, լարվածության նոր օջախներ ստեղծելու ապարդյուն փորձերի և հակառակորդի հաճախակիացած դիվերսիոն գործողությունների պայմաններում։

– Դժվարին պարտականություն է դրված ձեր ուսերին, դուք պիտի պահպանեք և զարգացնեք անցած երկու տասնամյակներին ստեղծված այն լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները, որոնցով այսօր առանձնանում է հայկական բանակը, ու այդ ամենի հիմքում պետք է լինի փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու մարտավարությունը, ասիմետրիկ պատերազմ մղելու մեր ունակությունը։ Դա է 20 տարի առաջ կնքված զինադադարը պահպանելու և Արցախյան ազատամարտի տարիներին ավագ սերնդի նվաճած բնագծերն ամրացնելու հուսալի ճանապարհը,- ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մեկ անգամ ևս շեշտեց, որ հայկական բանակն ուրիշի հողին տիրելու նպատակ չունի, բայց հաստատակամ է հակառակորդի ներթափանցումները ոչ միայն կասեցնելու, այլև վճռական հարված տալու հարցում։

-Հայկական բանակը վստահորեն պաշտպանում է Հայաստանի և Արցախի սահմանները, կարող է դիմակայել բոլոր սպառնալիքներին և ի զորու է արգելելու սարսափելի անցյալի կրկնությունը: Այս հուշահամալիրը պետք է զգոնության կոչ լինի բոլորիս, և առաջին հերթին՝ ձեզ,- շեշտեց նա:

Նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` ազգային բանակի ռազմաուսումնական կառույցները լիարժեքորեն ծառայում են իրենց նպատակին, դարձել են ժամանակակից ռազմարվեստին տիրապետող սպաների պատրաստման, հարուստ ուսումնադաստիարակչական բազա ունեցող կենտրոններ:

– Աներկբա է, որ հայկական զինված ուժերի շարքերը համալրող այս երիտասարդ սպաները նոր ու հաստատուն քայլերով զարկ կտան մեր բանակի առավել զարգացմանն ու հզորացմանը և իրենց մասնագիտական հմտություններով, մարդկային որակներով ու նկարագրով օրինակ կծառայեն նաև մյուսների համար,- նշեց նախարարը:

Նա նաև երախտագիտություն հայտնեց շրջանավարտների ծնողներին, իրենց զավակներին դեպի զինվորական մասնագիտությունն ուղղորդելու համար:

Իր խոսքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն անդրադարձավ ուսումնական հաստատության անցած ուղուն և տարեգրությանը` ուրախությամբ արձանագրելով, որ ինստիտուտի պատմությունը համարվել է ևս մեկ կարևոր ձեռքբերմամբ, այն է` 2013 թ.-ից սկսվել են ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացները, և արդեն այս տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ հանդիսավոր այս արարողությանը կանգնած են այդ դասընթացների առաջին 11 շրջանավարտները: Նա նաև շեշտեց, որ տարիների ընթացքում հայկական ռազմական ինստիտուտները կարողացան բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել արտասահմանյան համանման կառույցների հետ՝ իրականացնելով փորձի բազմաբովանդակ փոխանցում:

Ավարտական վկայականների հանձնման արարողությունից հետո շրջանավարտները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Կարեն Դեմիճյանի անվան մազրահամերգային համալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պետական բարձրաստիճան այրերը շնորհավորեցին շրջանավարտներին արդեն շամպայնի բաժակներով:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լեյտենանտ

Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


30/07/2014