ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ
Հուլիսի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:
Նիստի ընթացքում քննարկվել են 2014 ուստարվա ձմեռային ուսումնական փուլում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, կարգապահության և մարտական հերթապահության իրականացման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները:
Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորումների հրամանատարներ և այլք: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին ներկա էին նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՊԲ բարձրաստիճան սպաներ:
ԶՈւ 2014 թվականի ձմեռային ուսումնական փուլի կոլեգիայի ամփոփիչ նիստի մեկնարկից առաջ ուսումնական փուլի ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Նիստի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով տարածաշրջանային ներկայիս զարգացումներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հատկապես նման իրավիճակում անհրաժեշտ է ապահովել բարձր զգոնություն, նվազագույն մակարդակի հասցնել բացթողումներն ու թերացումները:
Հաշվետու զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Զեկույցներում ներկայացվեցին ձմեռային ուսումնական փուլի ընթացքում իրականացված համաբանակային ստուգումների արդյունքները, մատնանշվեցին հայտնաբերված բացթողումները և ուսումնական փուլի ընթացքում առանձին ստորաբաժանումների արձանագրած հաջողությունները: Առանձնահատուկ շեշտադրումներ կատարվեցին վերջին շրջանում գրանցված հրադադարի ռեժիմի խախտման և հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման և հակազդման գործում համապատասխան ստորաբաժանումների արագ և արդյունավետ աշխատանքի շուրջ:
Կոլեգիայի հերթական նիստը համընկել էր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական գործընթացին և համատեղվել երիտասարդ սպաների համագումար-հավաքի հետ: Ըստ այդմ` նիստին առաջին անգամ ներկա էին նաև ռազմաուսումնական հաստատությունների 2014թ. շրջանավարտները, որոնց շարքերում առաջին անգամ իգական սեռի երեք ներկայացուցիչ էին: ՀՀ պաշտպանության նախարարը նիստի ընթացքում հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց զինվորականի մասնագիտությունն ընտրելու յուրահատուկ խիզախման համար:
Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Ազգային բանակ