SSAAS ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՀԱՋՈՂ ԷՐ
ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ ավարտեցին AAI կազմակերպության ստեղծած նոր Small Sense And Avoid (SSAAS) օդային համակարգի փորձարկումը: Այն մոտ ապագայում կարող է վերացնել ԱՄՆ-ի ռազմական անօդաչու տրանսպորտային միջոցների (UAV) ազգային օդային տարածքում թռիչքներ կատարելու սահմանափակումը:
Հունվարի 28-ին գաղտնիության պայմաններում իրականացվել է AAI Shadow օդանավի վրա տեղադրված SSAAS համակարգի փորձարկումը: Թռիչքի ընթացքում օդանավը 2 ժամից ավելի գտնվել է օդում, միջինը` 2750 մետր բարձրության վրա: Համակարգի խնդիրն է եղել հայտնաբերել օդանավեր կամ այլ թռչող օբյեկտներ UAV-ի թռիչքուղու վրա և փոխել UAV-ի թռիչքի ուղղությունը` հավանական ընդհարումից խուսափելու համար:
ԱՄՆ օդային տարածքում UAV միջոցների թռիչքը կթույլատրվի միայն այն դեպքում, երբ SSAAS համակարգը լիարժեք կկատարելագործվի: Ներկայումս UAV ուսումնամարզական թռիչքները կառավարում է Դաշնային Ավիացիայի Վարչությունը (ԴԱՎ), որը թույլատրում է թռիչքներ միայն հատուկ սահմանափակ օդային տարածքներում, իսկ ազգային օդային տարածքում թռիչքը թույլատրվում է միայն խիստ սահմանափակ պայմաններում:
<< ԱՄՆ բանակն ունի ուսումնամարզական թռիչքների լուրջ խնդիրներ: Եթե AAI Shadow օդանավի վրա տեղադրենք կատարելագործված SSAAS համակարգը, ապա ուսումնամարզական թռիչքների համար «կբացվեն» օդային նոր տարածքներ >> ,- ասում է AAI-ի փոխտնօրեն Թոմ Դաչմանը:
SSAAS համակարգն իր մեջ ներառում է AAI Shadow երկտեղանի օդանավի վրա ամրացված 3 էլեկտրաօպտիկական տեսախցիկ, որը նկարահանում է օդային տարածքը: Գերարագ պրոցեսորները նկարահանված տեսանյութի մեջ բացահայտում են շարժվող օբյեկտները և մշակված ինֆորմացիան ուղարկում թռիչքի կառավարման վերգետնյա համակարգի օպերատորներին, վերջիններս էլ ընտրում են թռիչքի նոր ուղղությունը և հաղորդում այն համակարգին: Այնուամենայնիվ, AAI-ի աշխատակիցների գլխավոր նպատակը համակարգը այնպես ծրագրավորելն է, որ վերջինս ավտոմատ կերպով փոխի թռիչքի ուղղությունը հավանական ընդհարումներից խուսափելու համար, ապա եւ դրա մասին տեղեկացնի վերգետնյա օպերատորներին: