ԿՈՄՍ ՎՐՈՆՍԿՈՒ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔԸ
Նա եղել է Ռուդոլֆ Հեսսի անձնական աստղագուշակը, բժշկել է Ադոլֆ Հիտլերին, համագործակցել է Իոսիֆ Ստալինի հետ, գուշակել է Լեոնիդ Բրեժնեւի ճակատագիրը
Մի երեկույթում Հեսսը Վրոնսկուն ծանոթացրեց Եվա Բրաունի հետ, եւ վերջինս խնդրեց գուշակել իր բախտը: Հաջորդ հանդիպմանը Վրոնսկին սիրունատես աղջկան հայտնեց, որ նա «արտասովոր ճակատագիր» է ունենալու, եւ ավելացրեց. «Եւ ձեր թռիչքը տեղի կունենա ամուսնության շնորհիվ»: Եվան թերահավատորեն ծիծաղեց: Բայց որոշ ժամանակ անց Հիտլերը տեսավ Եվային եւ տեղնուտեղը սիրահարվեց, ապա առաջարկեց ամուսնանալ: Հեսսն անմիջապես զանգեց Վրոնսկուն եւ ասաց. «Քո ասածները ճշգրիտ կատարվեցին»: Դրանից հետո Վրոնսկին վերջնականապես նվաճեց Հեսսի վստահությունը եւ սկսեց կենսադաշտով բուժել նացիստական բարձրագույն պաշտոնյաներին ու նույնիսկ անձամբ Հիտլերին, որը տառապում էր աղեստամոքսային եւ հոգեկան խանգարումներով: Հայտնվելով Հիտլերի շրջապատում՝ նա շուտով, բնականաբար, լավ հարաբերություններ հաստատեց Հիտլերի անձնական աստղագուշակ Կառլ Էռնեստ Կրաֆտի հետ, ինչը հնարավորություն տվեց անհրաժեշտ ազդեցություն ունենալ ֆյուրերի համար պատրաստվող աստղագուշակային կանխատեսումների վրա եւս:
ԴԵՊԻ ՇԱՄԲԱԼԱ
Ինչպես հայտնի է՝ Հիտլերը հրապուրվում էր ոգեհարցությամբ: Ուստի ռեյխում անարգել գործում էին բազում գիտական եւ կեղծ-գիտական ընկերություններ, որոնք զբաղվում էին միստիկ հետազոտություններով: Ամենանշանավորները «Վրիլ» եւ «Տուլե» խմբերն էին, որոնք, ըստ երեւույթին, սերում էին տամպլերների (տաճարականների) օրդենի ասպետներից: Փաստեր կան, որ Վրոնսկու գերմանացի բարեկամներից շատերը հարում էին հենց «Վրիլ» կազմակերպությանը, եւ չի բացառվում, որ Վրոնսկին եւս անդամակցում էր որեւէ գաղտնի ընկերության, որը նպատակ ուներ ազդել մարդկային քաղաքակրթության զարգացման վրա՝ ուշադրության չարժանացնելով առանձին մարդկանց եւ նույնիսկ ամբողջ ժողովուրդների կյանքը: Արդեն իր օրերի մայրամուտին Վրոնսկին խոստովանում էր. «Ես իրավունք չունեմ ասել ողջ ճշմարտությունը… Կա մի սկզբունք՝ նա, ով հաղորդակից է մեծ գաղտնիքի, պետք է այն իր հետ տանի գերեզման»:
Գոնե մոտավորապես պատկերացնելու համար, թե ինչ գաղտնիքներ է իմացել Վրոնսկին, պետք է վերհիշել 20-րդ դարասկիզբը, երբ շատ երկրներում, առաջին հերթին, Գերմանիայում, Ամերիկայում եւ Ռուսաստանում, վերածնվեցին մասոնական ուղղվածության ընկերությունները: Բայց եթե նախկինում մասոնների ուշադրության կիզակետում Եգիպտոսն էր, ապա հիմա նրանք փորձում էին «հավերժական ճշմարտությունը» գտնել Շամբալա մոգական երկրում: Տիբեթ էին մեկնում ամենաբազմապիսի արշավախմբեր, այդ թվում՝ մի քանի անգամ՝ Կենսառադիոլոգիայի ինստիտուտի գերմանական արշավախումբը, ռուս փիլիսոփա եւ նկարիչ Նիկոլայ Ռերիխի արշավախումբը, իսկ Հոկտեմբերի բոցաշունչ ասպետ Ֆելիքս Ձերժինսկին նույնիսկ հատուկ խնդրել էր կառավարությանը՝ փող հատկացնել՝ նման մի արշավախումբ ուղարկելու համար Տիբեթ:
ԱՌԱՆՑ ՄՈՍԿՎԱՅԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
Իր բարձրաստիճան պացիենտներին այցելելիս Վրոնսկին ուշի-ուշով ականջ էր դնում նրանց խոսակցություններին եւ դրանց բովանդակությունը մանրակրկիտ փոխանցում էր Գերմանիայում գտնվող խորհրդային հետախուզական կենտրոններից մեկին: Անկասկած՝ նրանից ստացված տեղեկությունները շատ արժեքավոր էին: Բացի դրանից, նա նաեւ կոնկրետ հանձնարարություններ էր կատարում: Օրինակ, մի անգամ նրան հանձնարարվեց ֆյուրերի մերձակա շրջապատ մտցնել խորհրդային նախկին բռնցքամարտիկ Իգոր Միկլաշեւսկուն: Վրոնսկին վերջինիս ծանոթացրեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մաքս Շմելինգի հետ, որին Հիտլերը հաճախ էր հյուրընկալում:
Խորհրդային չեկիստների վկայությամբ՝ Միկլաշեւսկին այն ժամանակ հույժ կարեւոր առաջադրանք էր ստացել. մուտք գործել Հիտլերի մերձավոր շրջապատը եւ հարմար առիթի դեպքում վերացնել նրան: Ըստ հավաստի աղբյուրների՝ Ստալինը հետագայում ստիպված էր հրաժարվել այդ պլանից՝ զգուշանալով, որ Հիտլերին փոխարինած մարդիկ սեպարատ հաշտություն կկնքեն Անգլիայի հետ…
Վրոնսկու համագործակցությունը խորհրդային հետախուզության հետ բավական արդյունավետ էր, սակայն երբեմն նա անթույլատրելի, «խելագար» արարքներ էր կատարում, ինչը վկայում էր նրա տաքարյուն, արկածախնդիր բնավորության մասին: Այդպիսի արարքներից էր նրա հավանական մասնակցությունը (այդ մասին թռուցիկ տեղեկություն կա մի աղբյուրում) Հիտլերի դեմ անհաջող մահափորձին: Ֆյուրերին պետք է պայթեցնեին 1939 թ. նոյեմբերի 8-ին մյունխենյան «Բյուրգերբրաու» գարեջրատանը, բայց նա կես ժամ շուտ էր հեռացել այնտեղից, եւ հզոր պայթյունը, փաստորեն, նպատակին չէր հասել: Մինչդեռ անհաջող մահափորձին հետեւած բռնությունների ալիքը կարող էր հասնել նաեւ Վրոնսկուն:
Եւս մի դրվագ. 1941 թ. աֆրիկյան կամպանիայի ընթացքում Վրոնսկուն, որպես բժիշկ-էքստրասենս, ուղարկում են Աֆրիկա՝ ֆելդմարշալ Էրվին Ռոմելի գլխավորած գերմանական էքսպեդիցիոն կորպուսի տրամադրության տակ: Ռոմելն այդ ժամանակ անձնական զենք է նվիրում Վրոնսկուն՝ հետեւյալ մակագրությամբ. «Գերմանական ռեյխին ազնվորեն եւ անձնազոհաբար ծառայելու համար»: Ի՞նչ իմանար ֆելդմարշալը, որ Հյուսիսային Աֆրիկայում ճակատամարտն անգլիացիներին տանուլ տվեց նաեւ այն պատճառով, որ «ռեյխին նվիրված» բժիշկ-էքստրասենսը թշնամուն պարբերաբար կարեւոր մարտավարական տվյալներ էր հաղորդում:
Այնուհանդերձ, Վրոնսկու մտերիմ հարաբերությունները ֆաշիստական վերնախավի հետ չէին կարող կասկածներ չհարուցել խորհրդային հետախուզության ղեկավարների մեջ. ի վերջո, ու՞մ կողմում է նա աշխատում: Պատահական չէ, որ 1942 թ. նրան առաջարկվեց շտապ ժամանել ԽՍՀՄ, իբր՝ պարգեւ ստանալու:
Հետագայում Վրոնսկին պատմում էր, որ բախտացույցը նայելով՝ նա իր համար չափազանց անհաճո հեռանկար է տեսել: Սակայն Գերմանիայում մնալ նույնպես չէր կարող, քանի որ նույն աստղերն առաջիկայում գուշակում էին, որ շուտով իրեն կբացահայտեն, ու վախճանն անխուսափելի է: Եւ ոչ միայն աստղերը. Հեսսի փախուստից հետո գերմանացի շատ աստղագուշակներ հայտնվել էին բանտերում:
Շարունակելի
ԷԴՈՒԱՐԴ ԿՈՎԱԼՅՈՎ
«Սովերշեննո սեկրետնո»