ՀԱՎԱՏԻ ԳՐՉՈՎ ՈՒ ՍՐԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ
Այս պատմությունները թող լինեն հիշատակն ու խնկարկումը այն հայորդիների, ովքեր հավատի գրչով ու սրի զորությամբ, արորով ու արդար վաստակով մեզ ավանդեցին Հայաստան աշխարհը։ Քանի-քանի սերունդ այդ ճանապարհն անցավ արհավիրքների ու ալեկոծությունների միջով։ Եվ սակայն պատմության մեջ եղավ մի տարեթիվ՝ 1915թ., երբ զոհ գնացին միլիոն ու կես անմեղ մարդիկ։ Արցախյան հերոսամարտի այս պատմությունները Մեծ եղեռնը վերապրածների զավակների մասին է։
Այնտեղ չկա ողբ ու կական, լաց ու կոծ… Մեծ եղեռնի 100-ամյակի նախօրեին այս հերոսական պատմությունները թող սփոփանք լինեն մեր թափառող, անմեղ զոհերի հիշատակին։
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԻ ՄԵԿ ԳԻՇԵՐԸ
-Ազատագրված հողի բույրն ու համը, գույնն ու ձայնը և վերջապես կարոտը զգալու համար պետք է ազատագրելուց հետո մի գիշեր քնես այդտեղ, լինի բնակավայր թե ամայի տարածք,- խորհում էր Ալֆրեդ Ներսիսյանը՝ Աֆոն։- Այդ զգացողությունը ես ունեցա Նռնաձորի (Նյուվադիի) գրավումից հետո։ Փոքրիկ մի բլրակին մի տուն կար, որտեղ էլ գիշերն անցկացրինք գեներալ Գիգիի (Գրիգոր Գրիգորյան) հետ, որը լսելով, որ մեր ջոկատը պետք է իրականացնի Նյուվադիի ազատագրումը՝ սար ու ձորերով , արնոտած ոտքերով եկել-հասել էր մեզ։ Խաղաղ գիշեր էր։ Մարել էին բոլոր կրակոցների ձայները, ասես՝ չէին էլ եղել։ Գիշերվա լռության մեջ խորհրդավոր ձայնով լսվում էր Արաքսի ջրերի ձայնը, ինչպես են ձկները խայտում, պոչերով ալիք տալիս։ Ինչպես են կռանում ծառերը կամ ինչպես են ճաք տալիս նռները։ Ինչպես է ծիծեռնակը քնեցնում իր անհնազանդ ձագերին, կատուն ինչպես է քնում այդ ձայների լռությունից հետո։ Ինչ է հարցնում քամին Արաքսի եղեգներին և լռում՝ ականջը պատասխանի, լսում ես ջարդած խաչքարի ճիչը, զգում նրա ցավը… Կարեւոր չէ՝ խաչքարի կտորը Արաքսի հատակի՞ն է, թե՞ մի խորխորատ ձորում…
Ասացի պետք է մեկ գիշեր քնես ազատագրված հողին, սակայն չես կարող քնել, պիտի ողջ գիշեր արթուն մնաս ու լսես այն հարազատ, մոռացված ձայները՝ քարի, սարի, առվի, ծիծեռնակի, ծառի, եղեգի, որոնք վաղուց լռել էին կամ լսող, ականջ դնող չունեին, սրտացավ չէին…
Ու երբ բացվում է առավոտը դու ասես նոր ծնունդ ես առնում, ասես էլ առաջվանը չես՝ զորեղ ես, զորացած, հոգեպես հարստացած և հայրենիքի զգացողությունը նորովի ընկալած…
ՀՈԳՈՒ ԽՌՈՎՔ
Ռաֆիկ Հովհաննիսյանի նախնիները Սասնո Տալվորիկ գյուղից են։ Եղեռնին մեծ գերդաստանից փրկվել են քչերը։ Գաղթել ու բնակություն են հաստատել Արեւելյան Հայաստանում։ Հայրենական մեծ պատերազմ մեկնած հորից եկել է «սեւ թուղթը», եւ Հրանուշ մայրն իր երեք զավակներին սասունցի կնոջ պատվախնդրությամբ իր թեւերի տակ առած պահել է, մեծացրել։ Գաղթական բառի հետ որբացած երեխաների ականջին լսելի էր արդեն զոհվածի ընտանիք, այրի, որբություն բառերը։
Անցան տարիներ։ Հրանուշ մայրիկի զավակները մեծացան, ամուսնացան, տուն-տեղ դրին։ Սկսվեց ազգային-ազատագրական պայքարը։ Անկախ Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհվեց Ռաֆիկի Գագիկ որդին՝ թողնելով պապի անունով իր նորածին որդուն։ Կլարա տատի եւ Ռաֆիկ պապի ծնկներին խաղում էր Ռաֆայել թոռը, իսկ նրանք վերհիշում էին դրվագներ իրենց որդու ապրած կյանքից։ Հրաժեշտին պատվարժան սասունցին ասաց.
-Տղայիս մասին գրելիս խնդրում եմ մի՛ օգտագործեք գաղթական, զոհվածի այրի, զոհվածի ընտանիք, որբություն բառերը, դրանք ճնշող են։ Էրգրից հետո մեզ գաղթական էին ասում, հայրս զոհվեց Մեծ հայրենականում՝ զոհվածի ընտանիք։ Էլ չեմ ուզում այդ բառերը լսել։ Դրանք ճնշող են, թող Ռաֆայել թոռս այդ բառերը չլսի։ Որդուս մասին գրելուց միայն նշեք, որ որդիս նորաստեղծ հայոց բանակի զինվոր էր եւ պաշտպանում էր անկախ Հայաստանի սահմանները։
Սասնո Տալվորիկ գյուղից սերած Ռաֆիկ Հովհաննիսյանի այս խոսքերը խնդրանք չէին, այլ տարիների, դարերի դառնություններից կուտակված հոգու խռովք ու ճիչ…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #30 (1048) 7.08.2014 – 13.08.2014, Հոգևոր-մշակութային