Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՈՒՄՈՎ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼԵՑՈՒՆ ԿՅԱՆՔ



Լրացավ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թանգարանի պետ, պահեստազորի գնդապետ Գևորգ Միսակյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը: Ռազմական ինստիտուտի անձնակազմի անունից շնորհավորում ենք մեր սիրելի հոբելյարին՝ մաղթելով ամուր առողջություն, ուժ ու կորով՝ շարունակելու հայրենանվեր իր գործունեությունը:

Ռազմական ինստիտուտի թանգարանի յուրաքանչյուր այցելու, համոզված ենք՝ մեծ բավականություն է ստացել՝ շփվելով գնդապետ Միսակյանի հետ: Գեղեցիկ, գրագետ խոսքով, հայ ռազմարվեստի պատմության և Արցախյան ազատամարտի բոլոր դրվագների քաջատեղյակությամբ նա հաճելի ու բովանդակալից է դարձնում հյուրերի այցելությունը թանգարան, իր սպառիչ ու հստակ պատասխաններով հագեցնում ցանկացած հետաքրքրասիրություն: Դժվար է հավատալ, որ ուժ ու եռանդով լեցուն, զինվորականի ձիգ կեցվածքով այս մարդն արդեն բոլորել է իր կյանքի ութ տասնամյակը: Գաղտնիքը, թերևս, նվիրյալ սպայի հարուստ կենսագրության մեջ է անթեղված:

Գ. Միսակյանը 1953 թ. ընդունվել է Բաքվի համազորային ուսումնարան, որտեղ երկու տարի սովորելուց հետո տեղափոխվել է ԽՍՀՄ հյուսիսային զինվորական օկրուգի (ք. Չերեպովեց) ուսումնարան: Ուսումնարանն ավարտելուց հետո ծառայության է անցել Մերձվոլգյան ռազմական օկրուգում:

1966-69 թթ. Գ. Միսակյանը սովորել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել է փառապանծ զորահրամանատար, մարշալ Հովհ. Բաղրամյանը:

Խորհրդային բանակում երկարամյա զինվորական ծառայության ընթացքում Գ. Միսակյանը զբաղեցրել է դասակի հրամանատարից մինչև մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնները:

Տեղափոխվելով հայրենի եզերք՝ բազմամյա փորձով հարստացած զինվորականն իր նպաստն է բերել ՀՀ ԶՈՒ ռազմակրթական ոլորտի զարգացմանը: 1974 թ. նշանակվել է ԵՊՀ ռազմական ամբիոնի ցիկլի պետ, այնուհետև ՌՈՒՀ-երի վարչության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ: Եղել է նաև ենթասպաների դասընթացների պետի տեղակալ:

Գ. Միսակյանն իր ավանդն է ներդրել նաև Արցախյան ազատամարտում: Որպես օպերատիվ խմբի շտաբի պետ՝ մասնակցել է Հորադիսում ընթացող մարտական գործողություններին: Բազմիցս գործուղվելով սահմանամերձ շրջաններ՝ նա իր ռազմամասնագիտական հարուստ փորձն ու գիտելիքներն է փոխանցել կամավորական ջոկատների մարտիկներին: Իսկ երբ հայոց բանակը սպայական կադրերով համալրելու անհրաժեշտությամբ ստեղծվեց առաջին ռազմաուսումնական հաստատությունը՝ «Բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը», Գ. Միսակյանի դերն անփոխարինելի դարձավ: Հիմնադրման առաջին իսկ օրվանից նա նշանակվեց ուսումնարանի կարևորագույն օղակներից մեկի՝ մարտավարության ամբիոնի պետի պաշտոնին՝ իր գիտելիքներով ու հմտություններով, զինվորական հարուստ կենսափորձով նպաստելով ամբիոնի կայացմանն ու զարգացմանը: ԲԶԲՀՈՒ-ի որպես Ռազմական ինստիտուտ վերակազմավորումից հետո գնդապետ Գ. Միսակյանը ստանձնեց ուսման գծով ինստիտուտի պետի տեղակալի պաշտոնը՝ զինվորականին վայել շրջահայացությամբ պլանավորելով ու ղեկավարելով ապագա սպաների հայեցի ուսուցման և դաստիարակության պատասխանատու և դժվարին գործը: Եվ ոչ միայն. պատասխանատու այս պաշտոնում նա ղեկավարել է նաև մեթոդական ձեռնարկների, դիդակտիկ նյութերի ստեղծման և տպագրման աշխատանքները:

Ի մի բերելով մասնագիտական հարուստ փորձը՝ նա հեղինակել է նաև մի շարք ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ:

Գ. Միսակյանն այն երախտավորներից է, ովքեր Ռազմական ինստիտուտի հիմնադրման առաջին իսկ օրվանից քայլ առ քայլ կերտել են վերջինիս քսանամյա պատմությունը:

Շուրջ կեսդարյա զինվորական ծառայության ընթացքում Գ. Միսակյանը դրսևորել է արհեստավարժություն, զինվորականին հատուկ բարոյակամային հատկանիշներ, սկզբունքայնություն, խստապահանջություն: Որակներ, որոնց շնորհիվ էլ նա հասել է սպայի մասնագիտական բարձունքին: Նրա անբասիր ու հայրենանվեր ծառայության մասին են վկայում վաստակած պարգևները՝ ԽՍՀՄ 17 և ՀՀ 4 մեդալները, իսկ մարդու նրա տեսակի մասին խոսում է ծառայակիցների սերն ու հարգանքը:

Ռազմական ինստիտուտի ողջ անձնակազմը սիրում ու հարգում է տարիների փորձով իմաստնացած, իր էությամբ պատկառանք ներշնչող բարի մարդուն՝ Գևորգ Միսակյանին: Սա՛ է նրա անձի ու վաստակի իրական գնահատականը: Ապրած մի կյանք, որը հայրենիքին անձնազոհ ու անմնացորդ ծառայելու, նվիրումի ու հայրենասիրության ուսանելի դաս է ի ցույց բոլորի: Առավել ևս՝ Ռազմական ինստիտուտի կուրսանտների՝ հայոց բանակի ապագա սպաների համար:

ԵՎԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

Խորագիր՝ #30 (1048) 7.08.2014 – 13.08.2014, Ազգային բանակ, Ճակատագրեր


07/08/2014