ՓՈՂՈՑՈՒՄ
«Մանրապատումներ» շարքից
Գիշեր էր: Զբոսնում էի երևանյան փողոցներով և հիանում նրանց գեղեցկությամբ: Առհասարակ սիրում եմ երեկոյան զբոսանքերը: Լուսավոր ու գեղեցիկ քաղաքը դեպի իրեն էր ձգում հազարավոր մարդկանց:
Զբոսնում էի Երևանի կենտրոնական փողոցներով, զմայլվում նրանց տեսքով: Մարդկանց անհոգ դեմքերն ինձ թարմ լիցքեր ու բարձր տրամադրություն էին հաղորդում: Հանկարծ հայացքս կանգ առավ մի ծերունու վրա, որը կուչ էր եկել մի անկյունում և իր տեսքով անցորդներին պատմում էր իր դառը ճակատագրի մասին: Ցրտից մատները քարացել էին: Ինչ-որ հեղուկով փորձում էր տաքացնել հոգին: Մարմինն ասես նրան այնքան էլ չէր հետաքրքրում: Անգամ թափառական շներից անտեսված այս մարդու ու հասարակության միջեւ ինչ-որ անանց անդունդ կար:
Ի՞նչը կարող էր նրան այդ օրին հասցնել` չունևորությո՞ւնը, բարոյական անկո՞ւմը: Այս հարցերի պատասխանն ուներ միայն նա` ծերունին: Փորձեցի մոտենալ, բայց նա ձեռքի արհամարհական մի շարժումով հեռացրեց ինձ` հասկացնելով, որ չի ուզում ինչ-որ մեկի հետ շփվել:
Ես լուռ ու մունջ հեռացա:
Մարդկանց անհոգ դեմքերն ինձ այլևս չէին հետաքրքրում:
ԳՈՌ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Խորագիր՝ #30 (1048) 7.08.2014 – 13.08.2014, Բանակ և հասարակություն