ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԾՆԻ
Հոգեբան, պահեստի սպա Տիգրան Ղազարյանն արձագանքում է «Հաղթելու ենք նվազագույն կորուստներով» վերնագրված հոդվածին («Հայ զինվոր», թիվ 28), որը զրույց է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի հետ վերջին շրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի, միջազգային արձագանքի, հնարավոր պատերազմի և հարակից հարցերի շուրջ։
-Ես կուզենայի անդրադառնանք նույն այն հարցերին, որոնք քննարկել ենք ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի հետ, հասկանալու, թե ինչպիսի՞ն է հասարակական կարծիքը, ի՞նչ է մտածում ժողովուրդը պատերազմի, խաղաղության, գալիք մարտահրավերների մասին։
-Արցախյան պատերազմը երբեք չի ավարտվել մեր ժողովրդի համար, որովհետև հենց սկզբից էլ զինադադարի ռեժիմը պարբերաբար խախտվել է, խաղաղությունը եղել է շատ փխրուն, սահմանին միշտ հնչել են կրակոցներ։ Ի վերջո, երկրի քաղաքական և զինվորական ղեկավարները երբեք չեն ժխտել և ազնվաբար ասել են, որ պատերազմը չի ավարտվել, որ կարող է վերսկսվել ամեն պահի։ Մենք փոքր երկիր ենք, և յուրաքանչյուր ընտանիք, կամա-ակամա, կապված է բանակին, սահմանների պաշտպանության խնդիրներին. յուրաքանչյուր ընտանիք կամ բանակում զինվոր ունի կամ զինծառայող հարազատ… Երևանի սրճարանում նստած քաղաքացին անմասն չէ սահմանամերձ տարածքների անցուդարձին։ Մենք ազգովի դեպքերի և իրադարձությունների էպիկենտրոնում ենք և չավարտված պատերազմի մեջ ենք եղել անցած 20 տարիներին, ու հատուկ հոգեբանական պատրաստություն պետք չէ, որպեսզի մենք պատրաստ լինենք ընդունելու մարտահրավերը առանց խուճապի և արժանի հակահարված հասցնենք թշնամուն։ Մենք ակնհայտորեն հաղթածի, հաղթողի հոգեբանություն ունենք։ Ես չեմ հանդիպել գոնե մեկ հայի, որը համոզված չլինի, որ մենք հաղթելու ենք գալիք պատերազմում։
-Փաստորեն, կարող ենք զուգահեռաբար ասել, որ Ադրբեջանի քարոզչամեքենան արդյունավետ չի աշխատել. ահարկու զենքերով ու նավթադոլարներով մեզ վախեցնելու փորձերը ապարդյուն անցան։
-Ոչ միայն։ Սեփական ժողովրդին և բանակը հոգեբանորեն զինելու փորձերը նույնպես ձախողվեցին։ Եթե պարբերաբար հետևեք ադրբեջանական լրատվամիջոցների տարածած նյութերին, կհասկանաք, որ հակառակ հայ ժողովրդի հանդեպ տածած ատելությանը (որը պետականորեն և պարբերաբար իրագործվող ծրագրի հետևանք է), ադրբեջանցի ժողովուրդը վախենում է պատերազմից և պատերազմ չի ուզում։
-Փաստորեն, ատելությունը խիզախություն չի ծնում…
-Հասարակ ադրբեջանցուն խիզախությամբ տոգորելու ոչ մի լծակ չունի Ադրբեջանը, բացի ատելությունից։ Ադրբեջանում հասակ է առել մի սերունդ, որի համար բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ոխերիմ թշնամու կերպար են ստեղծել ու ներշնչել են ատել այդ թշնամուն։ Բայց հայերին վերագրված դաժանությունը, ատելությունից զատ, նաև վախ է ծնել, ոչ թե քաջություն։
-Պարոն Դավթյանը հայտնի հոդվածում բանաձևեց, որ ժամանակը աշխատում է պատերազմի օգտին, և օր օրի ավելի անհավանական է դառնում խաղաղ ճանապարհով խնդրի լուծումը։
-Կարծում եմ, որ ժամանակն աշխատում է մեր օգտին։ Պատմությունը վկայում է, որ անկախություն նվաճած ու 20 տարի անկախությունը պահպանած ոչ մի երկիր բանակցությունների սեղանի շուրջ չի զիջել իր անկախությունը։ Այսինքն՝ երկխոսության սեղանի շուրջ մեր պարտությունն անհնար է այսօր, եթե մենք չենք պարտվել պատերազմից 5-10 տարի հետո։
-Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է կուտակել, խոչընդոտում է միջազգային մոնիտորինգ անցկացնելուն։
-Մենք պիտի ճշմարտությունը պատմենք մեր ժողովրդին։ Ինքնանպատակ սպառազինությունը պատերազմում հաջողության հասնելու երաշխիք չէ։ Ադրբեջանի գնած զենքի զգալի մասը անգործունակ է։ Նրանք նույնիսկ գնում են այնպիսի զինատեսակներ, որոնք մեր բանակը վաղուց դուրս է հանել գործածությունից:
-Ինչո՞ւ… Ես չեմ հասկանում։ Ինչո՞ւ է գնվում այդ անորակ ու անգործունակ զենքը։
– Զենքի առևտուրը ենթադրում է կոռուպցիոն գործարքներ։ Կան նաև քաղաքական նկատառումներ։ Մեր բանակը լավ է զինված՝ իրատեսորեն, պատրաստ է դիմակայելու ադրբեջանական հարձակմանը։ Վերջին շրջանի ադրբեջանական ագրեսիան պատասխան է տալիս շատ հարցերի. հայկական բանակի շարքայինը վնասազերծում է ադրբեջանական բանակի դիվերսիոն խմբին։ Հենց այդտեղ է երևում բանակի արհեստավարժությունը և ուժը։
-Ես ուզում եմ խոսել նաև հոդվածում հնչած մի հարցուպատասխանի մասին։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանի բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը չգնդակոծելու՝ հայկական կողմի որոշմանը: Կարծում եմ, որ անվերջ ինքնապաշտպանվելը կխեղճացնի մեր ժողովրդին, ադրբեջանցիները նախահարձակ են լինում, մենք պաշտպանվում ենք։
-Մտահոգությունը անհիմն է։ Մենք շատ ճիշտ ենք ինքնապաշտպանվում և, ի պատասխան, հուժկու հակահարված ենք տալիս։ Ի վերջո, մենք ունենք մեր ազգային հոգեկերտվածքը և ձեռագիրը։ Մենք չենք կրակում անզեն մարդկանց վրա։ Վերջերս ադրբեջանցիները կրակեցին Կարմիր խաչի աշխատակիցների վրա։ Դա հանցանք է, որն անպայման արժանի գնահատական կստանա միջազգային ատյանների և հանրության կողմից, խոցելի կդարձնի Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ։
-Չե՞ք կարծում, որ մեր ժողովրդի համբերությունը սպառվել է… Ես զրուցել եմ շատերի հետ, նույնիսկ նախահարձակ լինելու կոչեր են հնչում։
-Այո, ժողովրդի համբերությունը հատել է։ Ու գեներալ-մայոր Արտակ Դավթյանը չբացառեց խնդրի լուծման այդ տարբերակը։ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը, ժողովրդին վերահաս պատերազմի ուրվականով սոցիալական խնդիրներից շեղելու ձգտումը, բանակցություններով հարցը լուծելու հնարավորությունները մերժելու ջանքերը հանգեցնելու են սահմանային պարբերական ընդհարումների, ինչը կորուստների պատճառ է դառնալու և մեզ, և Ադրբեջանի համար։ Սակայն, ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանին կորուստները չեն հուզում։
Այս ամենով հանդերձ, մենք այսօր շատ ավելի շահեկան վիճակում ենք, քան Ադրբեջանը։ Հայաստանում մամուլի ազատությունը, ինֆորմացիոն անարգել հոսքերը, օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու՝ մարդու իրավունքի պահպանումը ձևավորել է մի հասարակություն, որին անհնար է խաբել, որը կարող է խուսափել կեղծ ուղղորդումներից և գործել իր կամքին համապատասխան։ Ադրբեջանում խոսքի ազատության կոպիտ ոտնահարումները, քաղբանտարկյալների առկայությունը, այլակարծության հանդեպ հալածանքները ձևավորել են կարծրատիպերով ուղղորդվող հիվանդ հասարակություն, որին մատուցվող հերոսներից մեկն էլ քնած մարդուն կացնահարող Ռամիլ Սաֆարովն է։ Սա ինքնաոչնչացման ճանապարհը բռնած հասարակություն է, որի հարևանությամբ ապրելը շատ դժվար է լինելու մեզ համար։ Իսկ թե, այնուամենայնիվ, մեզ վիճակվի Ղարաբաղյան խնդիրը լուծել պատերազմի միջոցով, առճակատման հենց առաջին օրվանից Ադրբեջանի քաղաքական-տնտեսական, արժեքային-գաղափարական փուչիկը պայթելու է, և նեխած պետությունը ցույց է տալու իր իրական պատկերը։
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #30 (1048) 7.08.2014 – 13.08.2014, Բանակ և հասարակություն