Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՆԱՉԵՆՔ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ



Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով շարունակվում են հակառակորդի` հայկական զինված ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը: Մեր ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր` տալով կենդանի ուժի զգալի կորուստ: Ցավոք, կորուստներ է կրել նաև հայկական կողմը: Մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհվել են զինծառայողներ ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը, լեյտենանտ Գոռ Բաբկենի Գրիգորյանը, սերժանտ Արարատ Վաչիկի Խանոյանը, կրտսեր սերժանտ Սարգիս Բարմենի Մովսիսյանը և շարքային Ազատ Արթուրի Ասոյանը:

Հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կասեցնելիս, մերձամարտում հրազենային վիրավորում է ստացել շարքային Նորայր Միքայելի Քամալյանը` դրսևորելով անօրինակ վճռականություն և խիզախություն:

Հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում ցուցաբերած անձնական խիզախության եւ նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնվիրաբար կատարելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգեւատրվել են.
Ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով,
Լեյտենանտ Գոռ Բաբկենի Գրիգորյանը` «Մարտական ծառայության» մեդալով ,
Սերժանտ Արարատ Վաչիկի Խանոյանը` «Մարտական ծառայության» մեդալով ,
Շարքային Ազատ Արթուրի Ասոյանը` «Մարտական ծառայության» մեդալով,
Կրտսեր սերժանտ Սարգիս Բարմենի Մովսիսյանը՝ «Արիության համար» մեդալով:

Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել են.
Ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը` «Արիության համար» մեդալով,
Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Սարգիս Բարմենի Մովսիսյանը` «Արիության համար» մեդալով:

Խորագիր՝ #30 (1048) 7.08.2014 – 13.08.2014, Ազգային բանակ


07/08/2014