Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԱՅԻՆ ԲԻԱԹԼՈՆ-2014



Ռուսական Ալաբինո զորավարժարանում անցկացվող «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթը թևակոխել է եզրափակիչ փուլ: Առաջին օրերի արդյունքներով արդեն ձևավորվել է առաջատարների խումբը, սակայն վերջնական հաղթողին որոշելը դեռևս վաղ է: Արդեն իսկ պարզ է, որ ոչ մի թիմի համար մրցույթը հեշտ չստացվեց: Եղան և՛ հաջողություններ, և՛ ակնհայտ բացթողումներ: Յուրաքանչյուր անձնակազմ ձգտում է հանդես գալ ուժերի առավելագույն լարումով, անել հնարավոր ամեն ինչ հաղթանակի հասնելու համար. չէ՞ որ յուրաքանչյուրի անհատական ցուցանիշներից է կախված ընդհանուր թիմի վերջնական գնահատականը:

Եվ այսպես, առաջին օրվա արդյունքներով ՀՀ զինված ուժերը ներկայացնող տանկիստների առաջին անձնակազմը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուսական անձնակազմին: Տանկի հրամանատար, կրտսեր սերժանտ Յուրա Դարբինյանը, նշանառու-օպերատոր, շարքային Տիգրան Ղազարյանը և մեխանիկ-վարորդ, շարքային Գագիկ Գևորգյանը հաղթահարել են սահմանված արգելագոտիները, կրակել են հաստիքային զենքերից՝ խոցելով բոլոր թիրախները: Տվյալ օրվա հաղթողները նրանց գերազանցել են միայն ավելի բարձր արագության շնորհիվ: Մրցութային հաջորդ օրը մեր մյուս անձնակազմը մի փոքր հետ է ընկել: Եղել են տեխնիկական թերություններ, նաև թնդանոթից կրակելիս՝ երկու վրիպում, ինչը լրացուցիչ տուգանային ժամանակ է ավելացրել մեր տղաների գրանցած վերջնական ժամանակին: Անհատական մրցումների երրորդ օրը մրցել են 12 մասնակից պետությունների երրորդ անձնակազմերը: Տանկի հրամանատար, լեյտենանտ Մովսես Դավթյանը, մեխանիկ-վարորդ, շարքային Նարեկ Շառոյանը և նշանառու-օպերատոր, շարքային Սանասար Ծառուկյանը կարողացել են բարելավել ընդհանուր ցուցանիշները՝ կրկին խոցելով բոլոր թիրախները եւ անթերի անցնելով արգելագոտին: Այնինչ նրանց նույնպես չի բավականացրել արագությունը, և արդյունքում՝ երրորդ տեղ:

Իհարկե, այս արդյունքները վերջնական չեն, դեռ ամեն ինչ կարող է փոխվել: Հենց այդ անկանխատեսելիությունն է ապահովում տանկային առաջնության դիտարժանությունը: Անհատական, հետապնդման, էստաֆետի մրցափուլերում բոլոր մասնակիցները ձգտելու են բարելավել իրենց ցուցանիշները՝ նպաստելով թիմի ընդհանուր հաղթանակին: Նրանք անցնելու են արագընթաց ճանապարհներով, ծանծաղուտներով, հաղթահարելու են հակատանկային խրամներ և այլ խոչընդոտներ՝ փորձելով խուսափել տուգանային վայրկյաններից: Հընթացս տարբեր հեռավորություններից կրակելու են «տանկ, ուղղաթիռ, նռնականետային հաշվարկ» թիրախների վրա:

Վերջին օրը էստաֆետի մրցուղի դուրս կգան չորս լավագույն անձնակազմերը: Մրցավարական կազմը հաղթողին կհայտարարի օրեր անց: Իսկ մինչ այդ մի հետաքրքիր փաստ: Առավել բարձր և կայուն ցուցանիշներ են գրանցում նախկին խորհրդային պետություններից ժամանած մասնակիցները՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի թիմերը, ինչը կարելի է բացատրել ուսումնական ծրագրերի, օգտագործվող տեխնիկայի նմանությամբ:

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Ռազմական


14/08/2014