Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԻՔԸ ՈՐՊԵՍ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՆ



Հեղինակության ստեղծման գործում մեծ նշանակություն ունի տարիքային գործոնը։ Զինվորական ծառայության մեջ ծառայողական աստիճանակարգում առաջընթացը կապված է զինծառայողի տարիքի հետ։ Առավել բարձր զինվորական պաշտոնները պահանջում են հասուն տարիքին բնորոշ հատկանիշներ՝ կենսափորձ, շրջահայացություն, պատասխանատվության զգացում եւ այլն։ Սակայն, դրա հետ մեկտեղ, բարձր զինվորական պաշտոնները պահանջում են մտքի ճկունություն, հաճախ ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու կարողություն։ Իսկ սրանք հատկանիշներ են, որոնք բնորոշ են երիտասարդ տարիքին։ Զինվորական պաշտոններում արդյունավետ աշխատանքը պահանջում է այս երկուսի հաշվեկշիռը։ Ծայրահեղություններն այստեղ անթույլատրելի են։ Այսպես, ռուս-ճապոնական պատերազմի նախօրեին ռուսական բանակի գեներալների միջին տարիքը տատանվում էր 55-92 տարեկանի միջեւ։ Արդյունքում ռուսական բարձրագույն հրամանատարական կազմի մտածելակերպին եւ գործելաոճին բնորոշ անճկունությունը, դանդաղկոտությունը, նախաձեռնություն հանդես բերելու անկարողությունը նաեւ պատճառ հանդիսացան ռուսական բանակի պարտության համար։ Մասնավորապես, հենց տարիքային նկատառումներից ելնելով, ռուս-ճապոնական անհաջող պատերազմից հետո մեկ տարվա մեջ պաշտոնաթող արվեց 341 գեներալ եւ 400 գնդապետ։ Ահա հակառակ ծայրահեղության բնորոշ օրինակ։ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին խորհրդային բանակը չուներ անհրաժեշտ թվով բարձրաստիճան հրամանատարներ. պատճառը 30-ական թվականներին բանակում անցկացված ստալինյան աննախադեպ ռեպրեսիաներն էին։ Այսպես, 733 բարձրագույն հրամանատարների եւ քաղաշխատողների ընդհանուր թվից (սկսած բրիգադի հրամանատարից եւ բրիգադային կոմիսարից մինչեւ ԽՍՀՄ մարշալ) բռնադատվել է 579 եւ բանակում մնացել ընդամենը 154 մարդ։ 1937թ. մայիսից մինչեւ 1938թ. հոկտեմբեր բռնադատվել է բանակի եւ ռազմածովային նավատորմի 40000 բարձրաստիճան սպա։ Զանգվածային «զտումը» շարունակվում էր ընդհուպ մինչեւ Մեծ հայրենականի սկիզբը։ Արդյունքում արդեն պատերազմի սկզբին միայն ցամաքային զորքերում թափուր էին հաստիքով նախատեսված հրամանատարական 66900 պաշտոններ։ Այս ամենի հետեւանքը եղավ «հրամանատարական կազմի արհեստական կադրային երիտասարդացումը»։ Անբավարար կրթությամբ լեյտենանտները նշանակվում էին գումարտակի եւ անգամ՝ գնդի հրամանատար։ Այս հանգամանքը նույնպես պատճառ էր դարձել պատերազմի սկզբնական փուլում խորհրդային բանակի անհաջողությունների։

Հայկական բանակի համար տարիքային գործոնով պայմանավորված խնդիրներն այլ բնույթ ունեն։ Այսօր մեր սերժանտների եւ զինվորների միջեւ տարիքային տարբերություններ հիմնականում չկան, հետեւաբար՝ բացակայում է հարուստ կենսափորձը, որը մարդկանց վրա ազդելու կարեւոր բարոյահոգեբանական գործոն է։ Զինվորների կողմից նրանք ընկալվում են որպես նույնպիսի երիտասարդներ, ինչպիսիք իրենք են, որոնք, սակայն ինչ-որ հանգամանքների բերումով պետք է հրամայեն, իսկ իրենք՝ նրանց ենթարկվեն։ Հետեւելով կանոնադրային պահանջներին՝ երիտասարդ սերժանտները իրենց հասակակիցների կողմից մերժված լինելու մտավախություն են ունենում։ Ինչ վերաբերում է զինվորական կոլեկտիվներին, ապա դրանք ամեն մի զորամասում յուրահատուկ են։ Ցավոք, հաճախ փողոցում երիտասարդության մեծամասնության շրջանում այսօր դոմինանտ դարձած որոշակի նորմերը տեղափոխվում են բանակ։ Այս հանգամանքի վտանգավոր լինելը մատնանշել է դեռեւս Վազգեն Սարգսյանը. «Գտնում եմ, որ բանակի համար ավելի վտանգավոր է…, փողոցային կեղծ գողական բարքերի տեղափոխումը բանակ»։

Պատանիների համար, որոնց «Ես»-ը այդ տարիքում ինքնահաստատման բուռն գործընթացի մեջ է, այդ նորմերը նույնանում են առնականության, ուժի, տղամարդկության հետ։ Ինքնահաստատման նպատակով երիտասարդները իրենց վարքը, գործողությունները համապատասխանեցնում են այդ նորմերին։

Ահա այսպիսի հոգեբանական դիրքորոշումներ ունեցող երիտասարդները, մինչեւ զորակոչվելը, զորացրվածներից լսելով զինծառայության վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ՝ մեծ մասամբ զորամաս են գալիս արդեն ներքուստ ագրեսիվորեն տրամադրված, դիմանալու վճռականությամբ։ Սակայն 575 զինծառայողի շրջանում անցկացված հարցումների ժամանակ «Ի՞նչ կտա երիտասարդին բանակում ծառայելը» հարցին 441 հոգին պատասխանել է՝ կյանքի փորձ, 122-ը՝ առնականություն, եւ միայն 12-ն էին կարծում, որ բանակն իրենց ոչինչ չի տա։ Փաստորեն, երիտասարդները ներքուստ զգում են եւ հասկանում, որ զինվորական ծառայությունը պիտանի է իրենց։

Պատանիների եւ երիտասարդների մոտ մեկ ուրիշին ենթարկվելու փաստը, առհասարակ, ընկալվում է որպես ինքնասիրությանը դիպչող գործոն, ուր մնաց՝ ենթարկվել իր հասակակցին։ Մեր կողմից հարցման ենթարկված դաստիարակչական աշխատանքների գծով 50 տեղակալների կարծիքով սերժանտ-զինվոր փոխհարաբերություններում լարվածության, կոնֆլիկտների պատճառներից մեկը նրանց միջեւ տարիքային քիչ տարբերությունն է։ Այս վիճակը ծնում է ներհոգեկան հակասություն։ Իրավացի էր Վազգեն Սարգսյանը, երբ նշում էր. «…Եթե հայ զինվորը չսովորի ենթարկվել հայ եֆրեյտորին, մենք երբեք չենք կարող բանակ ստեղծել»։

Հենց տարիքով փոքր հրամանատարին ենթարկվելու, առհասարակ, իր տարիքից փոքրերի հետ ծառայելու հեռանկարն է հաճախ ստիպում շատերին ծառայել ժամանակին, չօգտվել տարկետման հնարավորությունից, չփորձել խուսափել ծառայությունից այն դեպքում, եթե ծառայությունն ի վերջո անխուսափելի է։

Այլ բան է, եթե սերժանտների, սպաների եւ շարքայինների մեջ կա տարիքային տարբերություն։ Հատկապես սերժանտական կազմի հեղինակության ստեղծման համար կան նաեւ որոշ օբյեկտիվ դժվարություններ։ Նրանք հաճախ համատեղ են զորակոչվում, քնում, սնվում են զինվորների հետ, մի խոսքով՝ անընդհատ գտնվում են զինվորների աչքի առաջ։ Ավելին, որոշ դեպքերում սերժանտները, անգամ սպաները, հրապարակայնորեն պատժվում են իրենց ենթակաների ներկայությամբ, որը բերում է նրանց հեղինակության անկմանը։ Այստեղից պետք է կատարել անհրաժեշտ հետեւություն. ոչ մի պարագայում չի կարելի ենթակաների մոտ պատժել սերժանտին կամ սպային, ուր մնաց դիպչել նրանց արժանապատվությանը։ Որոշ դեպքերում հրապարակավ պատժել պետք է, սակայն միայն համաձայն կանոնադրության եւ առանց անձի նվաստացման։ Այսպիսով՝ վերը նշված հանգամանքները հեղինակություն վայելելու բնական նախադրյալից զրկում են երիտասարդ սերժանտին. հեղինակության ձեռքբերման համար մնում է միայն ունենալ անձնային ուժեղ որակներ, ինչով, բնական է, ոչ բոլորն են օժտված։

ՀԱԿՈԲ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հոգեբան

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Հոգևոր-մշակութային


14/08/2014