Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՍԻՐԵԼԻ ԴԵԴՈ



Օրերս ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան Վրեժ Հովհաննիսյանը նշեց իր 80-ամյակը: ՀՀ վետերանների միությունում հավաքվել էին շատերը՝ մեծարելու, պատվելու անվանի ծովայինին: Բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի կողքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ևս պատվոգիր հանձնվեց՝ հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար:

Ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան Վրեժ Հովհաննիսյանի հյուրընկալ բնակարանում ենք: Սեղանին բազմաթիվ թղթեր են, լուսանկարներ: Հուշերի ալիքը հին ծովայինին տանում է հեռավոր այն օրերը ու «խարիսխ գցում» մայրաքաղաքի թիվ 29 դպրոցում, որտեղ ռուս սպաներ էին եկել և հորդորում էին ավարտական դասարանի աշակերտներին ուսումը շարունակել ռազմածովային ուսումնարաններում: Եվ ահա Հայաստանից մեկնող 107 հոգու մեջ ընդգրկվում է նաև Վրեժ Հովհաննիսյանը։ Օրեր անց նա ընդունվում է Սևաստոպոլի Պ. Ս. Նախիմովի անվան Սևծովյան ռազմածովային բարձրագույն ուսումնարան…

Վրեժ Հովհաննիսյանը ծառայել է և՛ Կասպյան նավատորմիկում, և՛ Հյուսիսային նավատորմում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ու թե հարցնեք նրան, թե աշխարհի քանի «ծովով է անցել», հպարտորեն կպատասխանի՝ բացի Խաղաղօվկիանոսյան նավատորմից, ծառայել եմ ամենուրեք… «Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում տարվա 9 ամիսը համատարած սառույց էր,- հիշում է վետերանը, ապա ավելացնում,- բայց տարվա բոլոր եղանակներն էլ այնտեղ հասցնում էինք տեսնել, որովհետև հունիսին գարուն էր, հուլիսին՝ ամառ, օգոստոսին՝ աշուն…»:

Սակայն ծովայինի մասնագիտությունը շատ հեռու է ռոմանտիկ լինելուց՝ վտանգներով ու դժվարություններով լիուլի է: Անթափանց մշուշի, անլուսին գիշերների մեջ քանի՞ անգամ են փոթորկահույզ, մոլեգնած ալիքներն իրենց խելահեղ հևքի մեջ առել նավը, ու կյանքը մազից է կախված եղել:

-Այդ պահերին ամենաշատը մտածել եմ նավում գտնվող նավաստիների մասին,- խոստովանում է ծովայինը,- ախր ամեն մեկը մի տան ճրագ էր, մի օջախի սյուն, ու միշտ երկինք եմ նայել, խաչակնքել ու աղոթք մրմնջացել… Աստծու ամենահաս զորությունը միշտ եմ զգացել: Մի՛շտ…

Ծովայինի դուստրը՝ Սուսաննա Հարությունյանը, որը հանրապետությունում ճանաչված և սիրված կոմպոզիտոր է, մինչ այդ լուռ լսում էր, միանում է մեր զրույցին.

-Գիտեք, մեկ-մեկ մտածում եմ ու զարմանում՝ ինչպե՞ս և ինչո՞ւ է հայրս ընտրել այդ անհանգիստ մասնագիտությունը, չէ՞ որ ո՛չ ստիպված էր, ո՛չ էլ պարտադրված, և հետո էլ ընտանիքում ծովայիններ չկային: Երբեմն իր ծովային կյանքից այնպիսի սխրալից դրվագներ է հիշում ու պատմում, ու այնքան սովորական պատմում, որ ապշում եմ, ինչու ոչ՝ հպարտանում ու հիանում հայրիկովս: Հայրս զուսպ խիզախության օրինակ է…. Հաճախ են ինձ ասում՝ որքան երջանիկ ես, որ այդպիսի հայր ունես:

***

…Ծառայողական 30-ից ավելի տարիները հետևում թողնելով՝ 1983թ. Վրեժ Հովհաննիսյանն ընտանիքով վերադառնում է հայրենիք՝ անցնելու վաստակած հանգստի: Սակայն ծովային սպան չէր կարող ձեռքերը ծալած, հանգիստ նստել… Եվ ահա «խարիսխ է գցում» մի այլ բնագավառում՝ մանկավարժության ասպարեզում, որպես վաշտի հրամանատար-ավագ դաստիարակ աշխատանքի է անցնում Մարշալ Բաբաջանյանի անվան ռազմական թեքումով գիշերօթիկում (հետագայում դարձավ ռազմական վարժարան և վերանվանվեց ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով): Այնուհետ դասավանդում է տարբեր ուսումնական հաստատություններում: Ու պարզվում է, որ նվիրյալ ծովայինը նաև փայլուն մանկավարժ է…

Նրան սաները շատ են սիրում, շա՜տ-շա՜տ… Եվ այնքան շատ, որ երբ նրան դպրոցներից մեկից տեղափոխեցին Շահումյանի ժողկրթբաժնում որպես ՆԶՊ առարկայի մեթոդիստ աշխատելու, գիշերօթիկի աշակերտները ըմբոստացել էին, պատռել բոլոր բարձերն ու բմբուլներով գրել էին՝ «Վերադարձրեք մեր Դեդոյին» (այդպես էին նրան մտերմիկ դիմում):

Իսկ ինքն ինչքա՜ն է սիրում երեխաներին, նրա սրտացավությունը, հոգատարությունը սահմաններ չունի:

«Հացի գործարանը մեր տան մոտ էր, Վրեժն ամեն օր 40 հատ բուլկի էր գնում, տանում, բաժանում էր կուրսանտներին: Արձակուրդ գալուց առաջ կուրսանտներից շատերը մեր տանն էին գիշերում: Էն դժվար ժամանակներում նեղ օրերի համար պահած վերջին պատառ հացն ու թխվածքաբլիթները բաժանում էինք երեխեքին, նրանք մեզ համար հարազատի պես էին, մենք նրանցով էինք ապրում, շնչում,- վերհիշում է Վ. Հովհաննիսյանի կինը՝ տիկին Իրինան ու շարունակում.- Մի օր էլ տղաներից մեկը՝ Արթուրը, եկավ մեր տուն, Վրեժին էր ուզում, ասի՝ տանը չէ: Քիչ անց էլի եկավ: «Ի՞նչ ես ուզում, տղա ջան,- հարցրի,- գուցե ես քեզ կարողանամ օգնել»: Մի փոքր վարանելուց հետո ասաց. «Պիտի գնամ Ղարաբաղ, մեր տուն, մամաս էլ խալաթ և սոլ ա (հողաթափ) ուզել, բայց փող չկա առնեմ, դուք տվեք, հետո կվերադարձնեմ»: Գումարը հետո բերեց, մի փոքրիկ պարկ էլ ընկույզ մայրն էր մեզ ուղարկել՝ ի նշան շնորհակալության: Ավելի ուշ իմացանք, որ Արթուրը Արցախյան պատերազմի ժամանակ հորը փրկելիս զոհվել է…»,- արցունքներն է սրբում տիկին Իրինան։

***

Որտեղ էլ որ աշխատել է Վրեժ Հովհաննիսյանը, նրան սիրել և հարգել են: Շրջեք Հայաստանի տարբեր զորամասերում և հարցրեք՝ ո՞վ է ճանաչում Վրեժ Հովհաննիսյանին։ «Մեր Դեդոյին, իսկ նրան ով չի ճանաչում»,- հաստատ հենց այսպես կհնչի պատասխանը, ու բարի, ջերմ խոսքերի տեղատարափ կլինի… Շրջապատում բոլորն էլ ակնածանքով են խոսում համեստ կեցվածքով այս մարդու մասին։ Դիրքն ու կոչումները չեն փոխել նրա էությունը, չեն խմբագրել նրա խառնվածքը, միշտ էլ ապրել է ազնիվ ու շիտակ։ Սիրտը ցավում է անարդարության հանդիպելիս, բողոքում է, որ նյութականը տիրում է աշխարհը։

-Մեկ-մեկ կուրսանտներս ինձ հարցնում են. «Ընկեր Հովհաննիսյան, որ էսպես ձեր մեդալները փայլում են, կարո՞ղ է մեջը ոսկի կա»: Նեղսրտում եմ ու բողոքում՝ «Երեխեք ջան, փոխանակ հարցնեք, հետաքրքրվեք, թե ինչի համար եմ մեդալը ստացել, ուրիշ հարցեր եք տալիս»: Է՜, ժամանակները շատ են փոխվել, փոխվել է մարդկանց մտածելակերպը, հիմա ուրիշ արժեքներ են:

***

…Այսօր էլ ծովային վետերանը շարքում է՝ Խ. Աբովյանի անվան N 2 դպրոցում ռազմագիտություն է դասավանդում ու նույն անխոնջ նվիրումով մատաղ սերնդին հայրենասիրություն քարոզում:

-Մեր՝ զինղեկներիս վրա մեծ պատասխանատվություն է դրված, մենք ենք դպրոցականներին նախապատրաստում զինվորական կյանքին ու չպիտի թերանանք այս գործում, բացի զենքի հետ վարվել, կրակել սովորեցնելուց, պիտի ոգեշնչենք պատանիներին, սովորեցնենք սիրել ու գնահատել հայրենիքը, տեր կանգնել մեր հերոս քաջերի արյունով է՛լ ավելի սրբացած հողին: Ծովից ծով Հայաստան ենք ունեցել, հիմա, ցավոք, ինչքա՞ն է մնացել: Մեր կողքին մեր թշնամին է, որ հիմա էլ պատրաստ է ամեն պահ ոտնակոխ անել մեր երկիրը: Ես էլ այս տարիքում առանց վարանելու կգնամ, կկանգնեմ հայրենիքի զինվորի կողքին, թեկուզ իմ տարիների փորձով կօգնեմ նրան… Չէ՞ որ ամենքս մեր հողի զինվորն ենք…

…Բնակարանում թևածում էր դստեր՝ Սուսաննայի հորը նվիրված երգերից մեկը` գրված դեռ դպրոցական տարիներին. «Ախ ծովեր, ծովեր, իմ կյանքի անմոռաց հուշեր: Ափսոս՝ ես նորից ձեր գիրկը չեմ վերադառնա»:

Ու անցյալի հեռվից ալիք-ալիք գալիս էին հազարաձայն հուշերն և ջերմացնում, հուզում, փոթորկում հոգին….

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Ճակատագրեր


14/08/2014