Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՐ ԴԻՄԱԳԾԵՐԸ ՄԱՏՆՈՒՄ ԵՆ…



Հարավարևմտյան զորամասերից մեկում ծառայող զինվոր Սամվել Գալստյանը հետաքրքրվում է դիմագիտությամբ։ «Հայ զինվորին» ուղղված նամակում զինվորը գրում է. «Ճի՞շտ է, որ դիմագծերը կարող են տեղեկություն տալ մարդու բնավորության լավ կամ վատ հատկանիշների մասին։ Եվ արդյոք դիմագիտության տվյալները օգտագործվո՞ւմ են մարդկանց տարբեր պաշտոնների նշանակելիս»։

Մենք սիրով բավարարում ենք զինվորի խնդրանքը, ուստի և «Հայ զինվորի» հյուրասրահ ենք հրավիրել Գրիշա Նուրիջանյանին, որը երկար տարիներ դիմագիտություն է ուսումնասիրել։

-Գրիշա, դիմագիտությունը (ֆիզիոգնոմիկան) սովորական գիտությո՞ւն է, ինչպես, ասենք, տնտեսագիտությունը կամ բժշկագիտությունը, թե՞ որոշակի առանձնահատկություններ ունի։

-Ոչ, դիմագիտությունը չունի գիտության կարգավիճակ, սակայն նույնքան հին է, որքան բժշկագիտությունը։ Դիմագիտության մասին առաջին վկայությունները մեզ հասել են Արիստոտելի ժամանակներից: Վերջինս մարդկանց դեմքերը նմանեցրել է կենդանիներին և եզրահանգել, որ մարդիկ ունեն այն կենդանիների հատկանիշները, որոնց նման են։ Հիպոկրատը առաջնահերթությունը տվել է մաշկի գույնին։ Սակայն ֆիզիոգնոմիկայի հայրը Յոհան Գասպար Լավֆաթերն է, որը փորձել է համատեղել մարդկության կատարած փորձը դիմագիտության վերաբերյալ և այն վերածել գիտության։

-Լամբրոզոյի ֆրենոլոգիան կապ ունի՞ դիմագիտության հետ։

-Իհարկե, դա նույն դիմագիտությունն է, որը, դատելով մարդու դիմագծերից, փորձում է որոշել հանցանքի հանդեպ նրա հակվածության աստիճանը։ Ֆրենոլոգիան շատ կարճ ժամանակ կիրառվեց և իրավամբ մերժվեց, որովհետև մարդու հակումները դեռևս չեն նշանակում բնավորություն և վարք։ Մարդու կենսապայմանները շատ մեծ նշանակություն ունեն, դրանք կարող են խթանել հակումները և զսպել։ Այսինքն՝ հակումները կարող են ի հայտ չգալ, եթե արտաքին ազդակները բարենպաստ չեն, այդ պատճառով էլ մենք մեծ կարևորություն ենք տալիս մարդու դաստիարակությանը։

-Հիմա անցնենք մեր զրույցի ամենահետաքրքիր մասին և փորձենք բացահայտել մարդու դիմագծերի և բնավորության միջև կապը։

-Իհարկե, կան շատ նրբերանգներ, համակցումներ, և մենք չենք կարող խոսել բոլոր դեպքերի մասին ու կփորձենք ընդհանուր գծերով բնութագրել շեշտված երևույթները։ Այսպես, լայն ճակատը, խոշոր ականջները խոսում են մարդու մտավոր կարողությունների մասին։ Փոքր աչքերով մարդիկ ավելի ընդունակ են, քան նրանք, ովքեր մեծ աչքեր ունեն։ Հոնքերի ու աչքերի տեղադրման մակարդակը նույնպես խոսում է մարդու խելքի մասին։ Որքան ականջները բարձր են տեղադրված, մարդ այնքան ինտելեկտուալ է։ Թեք ճակատով մարդիկ ունեն արագ կողմնորոշվելու ունակություն, կլորված ճակատը խոսում է մարդու երաժշտականության մասին։ Հաստ հոնքերով մարդիկ բծախնդիր են, սիրում են կարգուկանոն։ Եռանկյունի գլուխ ունեցող մարդիկ խորամանկ են ու ճարպիկ։ Մեծ քիթ ունեցողները կարող են հաջողության հասնել ֆինանսական ոլորտում։ Մեծ քիթը նաև շռայլ լինելու նշան է։ Կեռ՝ դեպի ներքև ծռված քիթը հատուկ է դավաճանության հակում ունեցողներին։ Նեղ, կիսաբաց, փոքր աչքերով կանայք համարձակ են և խելացի։ Փոքր, ներս ընկած աչքերով մարդիկ սիրում են քննադատել, նրանք ունեն բարձր կամային հատկանիշներ։ Բարակ շուրթերով մարդիկ սառնասիրտ են ու հավասարակշռված։ Շրթունքները որքան հաստ են, մարդն այնքան զգացմունքային է։ Արտահայտված ծնոտն ու այտոսկրերը խոսում են մարդու մեծ ուժի մասին։ Մուգ մաշկով մարդիկ ավելի զգացմունքային են, էքսցենտրիկ ու փոփոխական։ Նրանք ավելի տաք են ու կրակոտ։

-Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության երեք նախագահների, այսպես ասած, դիմապատկերը՝ ֆիզիոգնոմիկայի տեսանկյունից։

-Լևոն Տեր-Պետրոսյանը մտավոր բարձր կարողությունների դասական տիպ է։ Դեմքից դատելով՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ավելի շեշտված են լիդերությունն ու հաստատակամությունը։ Սերժ Սարգսյանի մտավոր կարողությունները զուգակցվում են մեղմության, հանդուրժողականության հետ։ Նա ավելի հավասարակշռված է։

-Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյա՞նը…

-Պաշտպանության նախարարի դիմագծերից հետևում է, որ նա պահպանողական է։ Աչքի է ընկնում հավասարակշռվածությամբ, պրագմատիզմով։ Նա ներդաշնակ անձնավորություն է։

-Փաստորեն, որոշակի կապ կա մարդու դիմագծերի և նրա ընտրած մասնագիտության միջև։ Այսինքն՝ մարդու դիմագծերը կարող են ներդաշնակ լինել նրա մասնագիտությանը և չլինել։

-Այո, իհարկե։ Օրինակ՝ զինվորականի մասնագիտություն ունեցողներին հատուկ են արտահայտված ծնոտն ու այտոսկրերը, որպես ուժի և համարձակության նշան։

-Իսկ նրանց պետք չե՞ն մեծ ճակատ, մեծ ականջներ՝ որպես ինտելեկտի նշան…

-Անշուշտ, պետք են։ Սակայն մտավոր կարողությունները կարող են բնութագրվել նաև քթի և աչքերի դասավորությամբ, ինչպես նաև ականջների դիրքով։

-Իսկ իմ դիմագծերը «խրախուսում են» մասնագիտական ընտրությունս։

-Այո, Դուք լրագրողի բնորոշ տիպ եք… Նեղ, փոքր աչքերը, երաժշտական ճակատը, եռանկյունաձև գլուխը խոսում են մտավոր կարողությունների, ստեղծագործական երևակայության և դեպի արվեստը հակվածության մասին։ Մուգ մաշկը վկայում է էքսցենտրիկ խառնվածքի և հախուռն պահվածքի մասին։ Ձեր դիմագծերը «տեղեկացնում են» նաև համարձակության, բարձր ինքնատիրապետման և օպերատիվ գործելու մասին։

-Ճիշտ նույնն է գրված իմ ծառայողական բնութագրում։

Շնորհակալություն, Գրիշա։ Կարծում եմ մեր զինվորի հետաքրքրասիրությունը բավարարեցինք և սպառիչ պատասխան տվեցինք նրա հարցին։

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Բանակ և հասարակություն


14/08/2014