Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏԻ ԳՐՉՈՎ ՈՒ ՍՐԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ



Այս պատմությունները թող լինեն հիշատակն ու խնկարկումը այն հայորդիների, ովքեր հավատի գրչով ու սրի զորությամբ, արորով ու արդար վաստակով մեզ ավանդեցին Հայաստան աշխարհը։ Քանի-քանի սերունդ այդ ճանապարհն անցավ արհավիրքների ու ալեկոծությունների միջով։ Եվ սակայն պատմության մեջ եղավ մի տարեթիվ՝ 1915թ., երբ զոհ գնացին միլիոն ու կես անմեղ մարդիկ։ Արցախյան հերոսամարտի այս պատմությունները Մեծ եղեռնը վերապրածների զավակների մասին է։

Այնտեղ չկա ողբ ու կական, լաց ու կոծ… Մեծ եղեռնի 100-ամյակի նախօրեին այս հերոսական պատմությունները թող սփոփանք լինեն մեր թափառող, անմեղ զոհերի հիշատակին։

ՃԱՄՓԵՆ ԴԵՊԻ ՎԱՆ

Վանի ինքնապաշտպանական մարտերին Տիգրան Բաղդասարյանն իր ջոկատով հերոսաբար մարտնչում էր թուրքական կանոնավոր բանակի դեմ։ Դեռ ապրող վանեցիները հիշում ու պատմում են նրա կատարած հերոսություններից։ Տիգրան Բաղդասարյանի կյանքից հետաքրքիր մանրամասներ է գրի առել իր Տիգրան (Ռուբիկ) անունով ծոռը։ Նրա մասին գրավոր հիշատակություններ կան Վանի հերոսամարտի և, առհասարակ, Վասպուրական աշխարհի այդ օրերի ականատեսների գրառումներում։ Այսօր էլ մեծ պապի կենսագրությունն են շարունակում նրա ծոռները՝ Արշակն ու Արտակը, որոնք հայոց բանակի սպաներ են։ Մեծ հայդուկն իր մահկանացուն կնքեց Արևելյան Հայաստանի Քարաձի գյուղում (Գեղարքունիքի մարզ)։ Նրա վերջին բառերն էին. «Իմ տապանաքարին մի ձիավոր կտաշեք, ձեռին թվանք, ճամփեն դեպի Վան»։

Տարիներ անց նրա Պարույր թոռը, հեռավոր ռուսաստաններում զինվորական դառնալով, իր հետ տարել էր հիշողություններ պապից եւ նրա ծննդավայր Վանից։ Երբ սկսվեց ազատագրական պայքարը, բարձրաստիճան զինվորականը Վ. Սարգսյանի առաջին իսկ կանչով վերադարձավ Հայաստան եւ իր ծառայությունը շարունակեց սահմանային այն հատվածներում, որտեղ ընթանում էին ծանր մարտեր։ Տարիքի եւ իր հանդարտ, մեղմաբարո բնավորության համար բոլորը նրան Դեդ էին ասում։ Այդպես էր նրան դիմում նաեւ Սպարապետը, որը, ի դեպ, մեծ հարգանք էր տածում նրա հանդեպ։ …Ծանր հիվանդությունը նրան գամեց անկողնուն։ Վերջին օրերին ամեն առավոտ աչքերը բացելով՝ նայում էր իրեն շրջապատողների հայացքներին եւ նրանց՝ «Ո՞նց ես, Դեդ» հարցին պատասխանում էր. «Երազում նորից Վազգենին տեսա, Սպարապետը կանչում էր։ Գնալու եմ Սպարապետիս մոտ»։ Այսպես ամեն առավոտ ժպիտը դեմքին, իր երազն էր պատմում Տիգրան հայդուկապետի թոռը՝ Պարույր Բաղդասարյանը՝ Դեդը։

ՄՇԵՑԻ ՇԱՔՐՈՆ՝ ՀԱՐՍԱՆՔԱՎՈՐ

Մշեցի Շաքրոյին հրավիրում են հարսանիքի։ Հարսանիքի ժամանակ հարսանքավորների մեջ վեճ է ծագում, որն էլ վերածվում է տուրուդմփոցի։ Այդ ընթացքում մշեցի Շաքրոն, ասես ոչինչ էլ չկա, հանգիստ, անխռով սեղանին նստած, լցնում է օղու բաժակն ու խմում նորապսակների կենացը։ Կռիվը գնալով թեժանում է, ու փեսայի կողմնակիցներին սկսում են նեղել խնամիները։ Շաքրոն հրավիրված էր փեսայի կողմից, ու սրանք դիմում են Շաքրոյին.

-Ա՛յ տնաշե՛ն, հանգիստ նստել, քեզ համար քեֆ ես անում, չե՞ս տեսնում կռիվ է, ղալմաղալ, չէ՞ որ դու էլ հրավիրված ես փեսայի կողմից։

Մշեցի Շաքրոն վեր է կենում, էս դիմողի ձեռքից բռնած, ժպտալով բերում, նստեցնում է իր կողքին, ապա ծոցագրպանից հանում է հրավիրատոմսը.

-Կարդա, լաո՛, ի՞նչ է գրված։

-Էհ, ի՞նչ, Շաքրո ամի, գրված է հրավիրատոմս։

-Աբրիս, լաո, դե դու նստիր, մնացած լե ես կարդամ,- ու սկսում է բարձրաձայն կարդալ.- «Հարգելի Շաքրո՛, դուք հրավիրված եք մեր որդիների հարսանյաց հանդեսին»։ Հասկացար, լաո՛, իսկ թե հրավիրատոմս չեղներ, ասենք էղներ հրովարտակ, մեջ լե գրված «Մշեցի Շաքրո՛, վերու քու զենք ու զրահ ու հայրենիքի համար գրվի զինվոր», էն ժամանակ ուրիշ, գա՛ռ ջան։ Էս հեչ, թըխ կռվին լե, բարիշին լե։ Մեր թշնամին սահմանից էն կողմն է։ Հիմա հասկցա՞ր, դե վերու բաժակդ, լաո՛, վերու խմինք հարս ու վեսի կենաց։

Գ. Շ

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Պատմության էջերից


14/08/2014