Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ



Ներկայացնում ենք գնդապետ Ա. Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամասի լավագույն զինվորներին

ՍԵՎԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Սեւակ Կարապետյանը զորամասի լավագույն հրաձիգներից է, ջոկի հրամանատար: Սեւակին հանդիպեցի զորամասի հրաձգարանում, զենքն էր փայլեցնում: Նկատեց մեզ, բայց չկտրվեց իր գործից: Փորձեցի զրույցի բռնվել: Բոլոր հարցերիս կարճ էր պատասխանում՝ շատ վստահ ու աներկբա: Եվ երբ խոսք գնաց իրեն վստահված զենքի՝ Կալաշնիկովի ձեւափոխված ավտոմատի մասին, ոգեւորված եւ մանրամասնորեն ներկայացրեց մարտավարատեխնիկական բնութագրերը.

-Տրամաչափը 7.62 մմ է, քաշը՝ առանց փամփուշտների 3.1 կգ, կրակի նշանառու հեռավորությունը 1000 մ է, իսկ մահացու հեռավորությունը՝ 1500 մ… Այն թեթեւ է, շարժման մեջ անհարմարություն չի պատճառում… Ես շատ եմ սիրում զենքս, իմ մարտական ընկերն է: Վեց ամիս սովորել եմ, մասնագիտացել, վատ էլ չեմ կրակում…

-Համեստություն է անում,- անմիջապես միջամտում է վաշտի հրամանատարը,- թիրախ չկա, որ չխոցի… Հարկ եղած դեպքում հակառակորդն էլ պրծում չի ունենա: Ձմռանը ջոկի կազմով մասնակցել է զորավարժության («ջոկը պաշտպանությունում») եւ գերազանց արդյունք գրանցել, խրախուսվել զորամիավորման մարտական գծով տեղակալի կողմից…

-Ո՞րն է ծառայողական հաջողություններիդ գաղտնիքը,- հարցնում եմ:

-Մի տեղ կարդացել եմ, որ լավ հրաձիգը գլխով է կրակում: Համամիտ եմ: Նախ՝ պետք է մտովի խոցես թիրախը, նաեւ հոգեբանորեն կազմակերպված լինես: Այդ դեպքում բոլոր փամփուշտները արդյունավետ կօգտագործես… Ընդհանրապես, եթե գործի մեջ սիրտ ու հոգի ես դնում, ամեն ինչ ստացվում է:

-Սեւակ, մյուս եղբայրդ էլ է ժամկետային զինծառայող եւ քեզնից բավականին հեռու է…,- չեմ հասցնում հարցս շարունակել:

-…Ի՞նչ կարևոր է… Կարևորը, որ երկուսս էլ լավ ենք ծառայում…

ՆԱՐԵԿ ԳԼՃՅԱՆ

Նարեկ Գլճյանը հրետանավոր է, ասում է` «Հրետանին պատերազմի աստվածն է» արտահայտությունն արդիական է նաեւ մեր օրերում. «Հարկ եղած դեպքում ես պետք է պաշտպանական դիրքից կրակ բացեմ հակառակորդի ուղղությամբ` ապահովելով հետեւակի առաջխաղացումը: Զորավարժարաններում ես եւ իմ ջոկը բազմիցս մեր հմտությունները կիրառելու հնարավորություն ենք ունեցել, արդյունքը միշտ էլ գոհացուցիչ է եղել: Համոզված եմ` եթե Աստված մի արասցե պատերազմ սկսվի, պատվով ենք կատարելու մեր գործը: Գիտեք` ես վստահ եմ մեր զորամասում ծառայող յուրաքանչյուր զինվորի վրա, մեր շարքերում վախկոտ, գլուխ պահող չկա: Ու, որ ամենակարեւորն է, համերաշխ ենք… Զինվորական համազգեստը մեզ համախմբում է, իսկ մեր ժողովրդի հարգանքն ու սերը` ուժ տալիս: Երբ ազատարձակում ենք ստանում եւ դուրս գալիս քաղաք, պատահական անցորդներն այնքան օրհնանքի խոսքեր ու բարեմաղթանքներ են հղում, որ ոգեւորված, խանդավառված վերադառնում ենք զորամաս»:

«Քանի դեռ զինվորը գնահատված է հասարակության կողմից, մեր բանակը անպարտելի է»,- արդեն համոզված մտածում եմ ես:

ԷԴԻԿ ԴՈԼՈՒՆՑ

«Էդիկը չափազանց ուշադիր, զգոն, աչալուրջ, ջանադիր ու հոգատար զինվոր է, օժտված հետախույզին բնորոշ համբերատարությամբ»,- այսպես է հետախուզական ջոկի հրամանատարին նախապես ներկայացնում գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը: Քիչ անց ծանոթանում եմ Էդիկի հետ, զրուցում եւ նկատում, որ չնայած ծառայության ընթացքում արձանագրած բազում հաջողություններին, նաեւ չափազանց համեստ է. «Հրետանային դիվիզիոնի կազմում վերջերս մասնակցեցինք զորավարժությունների: Իմ հրամանատարությամբ գործող ջոկը պետք է հայտնաբերման եւ չափման տարբեր սարքերի միջոցով իրականացներ հրետանային հետախուզություն, որոշեր հակառակորդի ենթակայությամբ օբյեկտների եւ նշանակետերի կոորդինատներն ու փոխանցեր հրանոթների հրետանավորներին` դրանք խոցելու համար: Մեզ հաջողվեց գերճշգրիտ տվյալներ փոխանցել, ինչի շնորհիվ պայմանական հակառակորդը խոցվեց, եւ գումարտակը կարողացավ առաջ շարժվել` գրավելով նոր դիրքեր: Մեր տղաները մեծ ոգեւորությամբ ու ջանասիրությամբ են կատարում իրենց պարտականությունները, եւ հարկ եղած դեպքում հարյուրապատիկ ավելի կազմակերպված ենք գործելու…»:

Եվ պատահական չէ, որ Էդիկ Դոլունցը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի կողմից զորավարժության ընթացքում ցուցաբերած բարձր գիտելիքների համար արժանացել է խրախուսանքի:

ՍԱՐԳԻՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Զորամասի սպորտհրապարակում խմբված զինվորներն աշխուժությամբ հետեւում էին պտտաձողին հնարքներ կատարող երիտասարդին, հիացական բացականչություններով ոգեւորում նրան: Մենք էլ հետաքրքրվեցինք` ո՞վ է պտտաձողին հնարքներ կատարողը: Պարզվեց գնդապետ Հ. Սեւոյանի հրամանատարությամբ գործող զորամասի շարքային Սարգիս Մխիթարյանն է: «Այս տարվա համաբանակային սպարտակիադայում մի քանի ռեկորդ է սահմանել, մեր զորամասի ամենաուժեղ զինվորն է»,- ասաց Սարգսի ծառայակից ընկերը:

Հանգստի պահին զրուցեցինք Սարգսի հետ. «Հունիսին կազմակերպված համաբանակային սպարտակիադային զորամասից միայն ես եմ մասնակցել: Անկեղծ ասած, գնում էի հաղթելու համար, երբեք այն կարծիքին չեմ եղել, որ կարեւորը մասնակցությունն է: Զորամասի պատվի մասին էի մտածում, ուզում էի արդարացնել ծառայակից ընկերներիս հույսերը եւ մի լավ ոգեւորել նրանց: Հաջողվեց. 2 րոպե 40 վայրկյանում հաղթահարել եմ 1000 մետր վազքուղին` սահմանելով ռեկորդ, նռնակի նետումից գրանցել եմ 104 միավոր, նորից ռեկորդ, արգելագոտին էլ հաղթահարել եմ 2 րոպե 8 վայրկյանում` մեկ վայրկյան տարբերությամբ զիջելով այլ զինվորի: Ես նախկինում ընդհանրապես չեմ զբաղվել սպորտով, բայց զորակոչվեցի եւ հասկացա` հայ զինվորը պետք է ամուր ու պինդ լինի, որ անհրաժեշտության դեպքում կարողանա անգամ մերկ ձեռքով տապալել հակառակորդին, ինչպես վերջերս արեց հերոս զինվոր Նորայր Քամալյանը: Նա անզեն դիմագրավել է թշնամու հատուկ ջոկատայիններին եւ ստիպել վերջիններիս փախուստի դիմել: Կեցցես, ընկեր: Թող թշնամին իմանա` հայ զինվորի ոչ միայն զենքն է հատու, այլեւ բազուկն է ամուր…»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Ազգային բանակ


14/08/2014