ՀՀ ԶՈՒ-Ն, ԼՂՀ ՊԲ-Ն ԻՐԵՆՑ ԱՌՋԵՒ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼԻԱՐԺԵՔ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 6-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպեց հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչներին և պատասխանեց նրանց հուզող հարցերին:
Ներկայացնում ենք ասուլիսի առավել ուշագրավ հատվածները:
-Պարոն նախարար, Սոչիում օգոստոսի 8-9-ը ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո իրավիճակի կայունացում կանխատեսվո՞ւմ է:
-Այս լարված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սովորաբար քաղաքական միջոցառումներից, հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո լարված իրավիճակ է ստեղծում` փորձելով ազդեցություն գործել միջազգային և մեր հանրության վրա, բարձրացնել իրենց ստորաբաժանումների մարտական ոգին: Յուրաքանչյուր այսպիսի հանդիպում հնարավորություն է բանակցելու, երկխոսելու, կառուցողական հիմք տալու բանակցային գործընթացին: Սոչիի հանդիպումից հետո ակնկալել լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում քիչ հավանական է ինձ թվում: Ուստի ՀՀ զինված ուժերը նաև հանդիպումից հետո մշտապես պիտի լինեն իրենց դիրքերում, հատկապես ԼՂՀ պաշտպանության բանակը պետք է օրըստօրե բարձրացնի իր մարտունակությունը, զգոնությունը: Այսօր ՊԲ գործողությունները ցույց են տալիս, որ մեր հայորդիները ԼՂՀ-ում ավելի քան մարտունակ են, պատրաստ արձագանքելու, հակադարձելու հակառակորդի ցանկացած գործողության:
-Ազատամարտիկներն այս օրերին ցանկություն հայտնեցին մեկնելու սահման, նրանք հավաքագրվեցին և այժմ դիրքերում են, արդյոք կա՞ր դրա կարիքը:
-Ազատամարտիկները` մեր մարտական ընկերները, այսօր էլ ՀՀ ԶՈՒ զորահավաքային ռեսուրսի մաս են կազմում: Ագրեսիայի դիմագրավման, մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման եւ ԶՈՒ ամբողջությամբ ծավալման ընթացքում նրանք մեր շարքերում են լինելու և մեզ հետ պաշտպանելու են հայրենիքը: Այսօր այդ անհրաժեշտությունը չկա, որովհետեւ ՀՀ ԶՈՒ-ն, ԼՂՀ ՊԲ-ն իրենց առջեւ դրված խնդիրները լիարժեք կատարում են: Բայց նրանց մուտքը բանակ, հանդիպումները զինված ուժերի անձնակազմի, հատկապես ժամկետային զինծառայողների հետ անհրաժեշտություն են այն առումով, որ նրանք փոխանցում են իրենց մարտական փորձը, բարձրացնում են մեր զինծառայողների ոգին:
-Պարոն Օհանյան, ՀԱՊԿ-ի գործընկերների հետ քննարկե՞լ եք ստեղծված իրավիճակը:
– ՀԱՊԿ-ի գործընկերների հետ շփումներ լինում են իմ և գլխավոր շտաբի պետի կողմից, բայց այս պահին ես չէի ցանկանա մանրամասնել: Նրանք արտահայտում են իրենց մտահոգությունները ստեղծված իրավիճակի առնչությամբ, բարոյական աջակցություն են ցուցաբերում, փորձում են ազդել և՛ մեր, և՛ հակառակ կողմի վրա, որպեսզի այս լարվածությունը նվազեցնեն:
-Չե՞ք կարծում, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինեն կոնկրետ հայտարարություններ՝ ուղղված իրավիճակի պատասխանատու կողմին, հատկապես որ դիվերսիոն գործողություններ լինում են ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի սահմաններին:
-Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակը այն իրավիճակը չէ, որ մենք դիմենք ՀԱՊԿ-ի աջակցությանը: Ես մեկ անգամ չէ, որ արտահայտվել եմ` ՀԱՊԿ-ի աջակցությանը մենք կարող ենք դիմել միայն այն ժամանակ, երբ լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսվեն, և մենք վտանգ զգանք Հայաստանի անվտանգության ապահովման առումով: Այսօր մենք Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ խնդիր չունենք, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակի գնահատմանը և դատապարտմանը, հատկապես այն կողմին, որը խախտում է կատարում, ապա ոչ միայն ՀԱՊԿ-ն, այլեւ միջազգային բոլոր կառույցները պետք է արձագանքեն: Թափված արյան պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական ղեկավարության վրա, նրանց խղճի վրա: Բոլորը պետք է սթափ գնահատեն այս իրավիճակը եւ դատապարտեն Ադրբեջանին, որը լարվածություն է ստեղծում, որի համար զինվորը, նրա արյունը արժեք չունեն:
-Խնդրում եմ հրապարակել կորուստների թիվը:
-Այս օրերին մեր ստորաբաժանումները կանխել են հակառակորդի ավելի քան 20 դիվերսիա, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 6 կորուստ, իսկ հակառակորդը 8-9 անգամ ավելի:
-Վերջին տարիներին Ադրբեջանը մեծաքանակ սպառազինություն էր ձեռք բերում եւ քարոզչություն էր ծավալում, թե իբր իրենց զինված ուժերը նոր մակարդակի են հասել, աննախադեպ ուժեղ են, բայց բախումները կարծես հակառակը ապացուցեցին: Եթե փորձենք գնահատական տալ, կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանի զինված ուժերը տապալվել են:
-Ադրբեջանն իր իսկ ստի զոհը դարձավ: Չնայած նրան, որ ադրբեջանական բանակն այսօր լայն թափով զինվում է, ձեռք բերում նոր տեսակի սպառազինություն, այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր զենք օգտագործող է պետք: Մեծ քանակությամբ զենք ձեռքբերելը դեռևս չի նշանակում, որ դրանք պատրաստ են շահագործման և կիրառման անձնակազմի կողմից: Այսօրվա փորձը ցույց է տալիս, որ իրենց դիվերսիոն գործողություններին մասնակցում են հարեւան երկրներում պատրաստված «կոմանդոսները», որոնք իրենց վախճանը գտնում են հայկական հողում, հայկական դիրքերում: Սա խոսում է այն մասին, որ ՀՀ ԶՈՒ-ն իր մարտունակությամբ, կարողություններով, ոգով, գիտելիքներով, հմտություններով, նաեւ հրամանատարների արագ կողմնորոշման շնորհիվ մրցունակ է տարածաշրջանում, պատրաստ ոտնձգություն կատարողներին ցույց տալու իրենց տեղը:
-Ինչպե՞ս եք վերաբերում այն տեսակետներին, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում պետք է ռուս խաղաղապահներ տեղակայվեն:
-Աշխարհի հակամարտությունների շարքում Լեռնային Ղարաբաղը միակ վայրն է, ուր առանց երրորդ կողմի պահպանվում է հարաբերական զինադադարը: Ճիշտ է, իրավիճակը մենք մշտապես գնահատում ենք որպես ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, որովհետև հակառակորդի կողմից մշտապես խախտվում են հրադադարի պայմանները, բայց մեր ստորաբաժանումների պատրաստության շնորհիվ մենք վերահսկում ենք իրավիճակը: Այդ առումով մենք մեր առջև դրված խնդիրներն ինքնուրույն կարող ենք լուծել, և խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա:
-Արդյոք ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն չկա՞ զենք բաժանել սահմանամերձ գոտիների բնակիչներին:
-Այսօր ՀՀ սահմանները հսկող զինվորը ամուր է կանգնած իր դիրքում, իսկ գյուղացին` բնակավայրում: Կարծում եմ` միակ պատճառը, որ այսօր սահմանամերձ 26 բնակավայրերը գնդակոծվում են, այն է, որ զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո ադրբեջանական բանակը որոշ դեպքերում երկկողմանի գերիշխող դիրքեր է զբաղեցրել, բայց մենք հակադարձում ենք, կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում: Բնակչության մասնակցության մասին խոսելիս պետք է շեշտել, որ բոլոր ցանկացողներն այսօր ծառայում են պայմանագրային ստորաբաժանումներում և իրենց մասնակցությունն ունեն սահմանների պաշտպանության գործում, իսկ համատարած զենք բաժանելու կարիք չկա, քանի որ զենքը նաև պետք է վերահսկվի:
-Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել քննարկել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքականությունն այս կոնտեքստում, որպեսզի ոչ միայն պատժամիջոցների կիրառումից, այլև թեկուզ միայն դրա քննարկումից խուսափենք:
-Կարծում եմ, որ այդ պատժամիջոցները պետք է կիրառվեն հենց Ադրբեջանի նկատմամբ: Այսօր ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները և մեր` բանակի միջազգային համագործակցության վարչությունն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացնում, փորձում ճիշտ ներկայացնել իրավիճակը միջազգային հանրությանը: Ադրբեջանի ղեկավարությունն այսօր փորձում է դեպքերը խեղաթյուրել և, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Ադրբեջանում փոքր ձեռնարկներ են տպագրվել՝ վերնագրված «Երեքօրյա պատերազմ», որի միջոցով փորձում են ցույց տալ, թե որքան հզոր է ադրբեջանական բանակը, ինչ հաղթանակներ են իրենք ունեցել` խաբելով իրենց իսկ ժողովրդին: Կարծում եմ` այդ երեքօրյա պատերազմը կարելի էր փոխարինել երեք տոննա «լապշայով» այն ադրբեջանցիների ականջներին, որոնք չեն հասկանում այդ ամենը:
-Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը գնա լայնամասշտաբ պատերազմի, և արդյոք արտաքին ուժերի կողմից կա՞ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման շահագրգռություն:
-Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ տարբեր երկրների քաղաքական, ռազմական, էներգետիկ շահերի բախում է տեղի ունենում: Բայց կարծում եմ, որ այսօր այն իրավիճակը չէ, որ տարածաշրջանային ուժային կենտրոնները փորձեն լարվածություն ստեղծել Հարավային Կովկասում: Հանդիպումներն էլ ուղղված են նրան, որ այս լարվածությունը չվերածվի լայնամասշտաբ պատերազմի: Անկասկա՛ծ, Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի, ՀՀ զինված ուժերը եւս միշտ պատրաստվում են պատերազմի. ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի: Այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ միջադեպերը կարող են վերաճել փոքր, լոկալ բախումների, բայց լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, ըստ իս, դեռևս ցածր է: Այնուամենայնիվ, մենք՝ մեր զինված ուժերը, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, պետք է ցանկացած ժամանակ պատրաստ լինենք պատերազմի: Եթե սկսվեց՝ ի՞նչ ենք անելու. պետք է պատվով մեր պարտականությունը կատարենք:
-Անցած տարի լրատվամիջոցները հայտնեցին, որ լեհական ընկերություններից մեկը արդիականացնում է Հայաստանի զինված ուժերի T-72 տեսակի տանկերը: Ավելի ուշ Մոսկվայում գործող «Սպառազինության համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» հաղորդեց, որ լեհական «Բումար լաբեդի» (Bumar Լabedy) ընկերությունում ընթանում է հայկական T-72 տեսակի թվով 84 տանկերի արդիականացումը: Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ լուրերը:
-ՀՀ զինված ուժերը ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցություն են իրականացնում ռազմավարական գործընկեր երկրների ու Ռուսաստանի հետ: Զարգացող ռազմատեխնիկական համագործակցությունը հնարավորություն է տալիս հայկական զինված ուժերը լայն կերպով համալրել ժամանակակից սպառազինությամբ և այդ ոլորտում ստեղծել համատեղ ձեռնարկություններ: Այդպիսի ձեռնարկություն ստեղծել ենք նաև Լեհաստանի հետ, որը հնարավորություն է տալու և՛ նոր միջոցներ ձեռք բերել, և՛ արդիականացնել այն միջոցները, որոնք մենք ունենք, որոնք մեզ են հասել Խորհրդային Միության փլուզումից հետո:
– Այս օրերին ակտիվացել են խոսակցությունները և քննադատությունները, թե սահմանին զոհերի թիվը նվազեցնելու համար հենակետերը պետք է զինել ժամանակակից սարքավորումներով և համակարգերով՝ տեսախցիկներ, սարքեր, որոնք անգամ հողի թեթև շարժն են գրանցում: Որքանո՞վ է հնարավոր ժամանակակից համակարգերի տեղադրումը, որքանո՞վ են դրանք հուսալի ավանդական միջոցներից:
– ՀՀ և ԼՂՀ մարտական հենակետերի կահավորանքը, ինժեներական լուծումներն ապահովում են և՛ մարտական հերթապահության անվտանգությունը, և՛ պաշտպանողական գործողությունների արագ անցումը, և՛ հակառակորդին հնարավորություն չեն տալիս դասական ոճով լայնամասշտաբ հարձակումներ ծավալելուն: Ինչ վերաբերում է տեխնիկական վերազինմանը՝ գուցե նորագույն միջոցները հնարավորություն կտային առավել լավ մարտական հերթապահություն, դիտարկում անցկացնեինք: Այդ ուղղությամբ մենք համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք, ցավոք, դիրքերի շատ մոտ լինելը հնարավորություն չի տալիս տեղադրել տեխնիկական այդ միջոցները: Մեր դիրքերի 50 տոկոսը հակառակորդի հենակետերից մոտ 50 մետր հեռավորության վրա է, հատկապես ԼՂՀ-ի տարածքում, այսինքն՝ խոցման գոտում են: Այնտեղ, որտեղ հնարավոր է, կտեղադրենք: Որպես մասնագետ կարող եմ ասել` եթե ռազմական կառույցները ներթափանցման խնդիր են դնում, հատկապես միջդիրքային տարածքներում, անցնելը դժվար չէ` հաշվի առնելով մեր լեռնաանտառային պայմանները: Կարևորն այն է, որ ժամանակին արձագանքենք, հայտնաբերենք եւ ոչնչացնենք: Փորձը ցույց տվեց, որ մեր զինծառայողները կարողացել են ոչ միայն հայտնաբերել, այլ նաեւ Մարտակերտի տարածքում ստեղծել են ծուղակներ և վնասազերծել հակառակորդի դիվերսիոն խումբը:
Պատրաստեց
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ