ԽՐԱՄԱՏԸ ՄԵՐ ԱՄՐՈՑՆ Է
Հակառակորդի հետ շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են խրամուղիների կառուցման, խրամաբջիջների, պաշտպանիչ պատնեշների ամրացման, փշալարային արգելափակոցների սարքավորման աշխատանքները:
Հենակետում մեզ դիմավորեցին վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Առաքելյանն ու հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Գևորգ Մարգարյանը: Երբ մեքենայից իջնելով ընդառաջ եկա եւ բարևեցի նրանց ու գետնատնակի առջև շարված զինվորներին, առաջին հերթին մաշկիս վրա զգացի տղաների՝ մուրճի պես ամուր, կոշտուկներով պատված ձեռքերի ուժն ու թափը. ասես ապառաժ քար բռնած լինեի ձեռքումս… Մարտական հերթապահության հետ մեկտեղ մեր սահմանապահները ժամ առ ժամ ամրապնդում են մեր դիրքերն ու հենակետերը` դրանք դարձնելով ավելի ապահով, ավելի հուսալի: Լեռնապատերը ջարդում եւ այստեղից-այնտեղից քարաբեկորները տեղափոխում են ուր որ հարկն է, շաղախը տեղում անում ու ամրություն են կառուցում: Այսպես՝ օր օրի, սահմանագծի երկայնքով, քարը քարի վրա դնելով, ինչպես բերդ-ամրոցի անխորտակ պատեր, բարձրանում ու ձգվում են խրամուղիների, գետնատնակների՝ մինչև մեկ մետր հաստություն ու գրեթե երկու մետր բարձրություն ունեցող պաշտպանիչ պատերը:
-Ինչով ուզում եք, ինչքան ուժ ունեք հարվածեք, մեկ է, մի կտոր չի պոկվի,- ցույց տալով խրամուղու պատը, անթաքույց հպարտությամբ վստահեցնում է կրտսեր սերժանտ Գևորգ Մարգարյանը:
-Կառուցել ենք երկու դիտակետ, ձախ թևում նաեւ՝ մեկ խրամաբջիջ, խմելու ջրի բաքի քողարկիչ: Շուտով կավարտենք գետնատնակի պաշտպանիչ դիմապատը, վերանորոգել ենք ուղեփակոցներն ու «ոզնիները», փշալարային արգելափակոցների սարքավորումը և էլի որոշ բաներ… Ինչպես տեսնում եք՝ օգտագործում ենք ձեռքի տակ եղած հումքը, և եթե ինչ-որ բանի պակաս ենք զգում, անհապաղ ուղարկում են զորամասից: Այս ամրությունից դեռ շատ սերունդներ կօգտվեն, այնպես որ՝ մենք դարերի համար ենք կառուցում,- ավելացնում է վաշտի հրամանատարը:
Կապիտան Ա. Առաքելյանը ծնունդով Արտաշատի շրջանի Զովաշեն գյուղից է: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո վիճակահանությամբ ծառայության է նշանակվել փոխգնդապետ Ս. Պողոսյանի հրամանատարությամբ գործող սահմանամերձ զորամասում` որպես դասակի հրամանատար: Երկու տարի անց առաջխաղացման կարգով նրան վստահում են վաշտերից մեկի հրամանատարությունը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր առաջադիմության և կարգապահական գերազանց ցուցանիշների համար կապիտան Արթուր Առաքելյանին պարգևատրել է թվային տեսախցիկով:
Այն հենակետի հսկման տիրույթում, որտեղ գտնվում ենք, մինչև հազար մետր հեռավորության վրա դեմ հանդիման հակառակորդի մի քանի հենակետեր են տեղակայված: Այստեղ օրը չի մթնում առանց թշնամու արձակած կրակոցների, ինչն էլ ավելի զգոն է դարձրել դիրքապահներին: Թշնամու ոչ մի շարժ չի վրիպում մեր դիտորդների ուշադրությունից. նկատված ցանկացած տեղաշարժի մասին, համաձայն հրահանգի, անմիջապես զեկուցվում է հրամանատարությանը: Երբ խառն են ժամանակները, և լարված է իրավիճակը առաջնագծում, հրամանատարության բոլոր հրահանգներն ու հրամանները կատարվում են ամենայն ճշգրտությամբ: Մեր դիրքապահների առավելություններից մեկն էլ հենց խստագույն կարգապահությունն է:
Գետնատնակի արթուն հերթափոխը՝ շարքային Արման Շահբազյանը, որի ծառայության մեկ տարին օրերս է բոլորել, բազմապատկման աղյուսակի նման անգիր գիտի արթուն հերթափոխի իր պարտականությունները: Հետաքրքրվեցի զինվորով: Պարզվեց՝ նրա ավագ եղբայրը` Թորգոմը, այս տարի ավարտելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը` ծառայության է նշանակվել սահմանամերձ զորամասերից մեկում:
-Եղբա՞յրդ էլ քեզ նման թիկնեղ, ամուր, կոփված տղա է,- հետաքրքրվում եմ:
-Ո՛չ, պարոն մայոր, նա ինձնից ավելի թիկնեղ է, ավելի ամուր և ուժեղ,- ժպտալով պատասխանում է Արմանը:
Անփորձանք ծառայություն եմ ցանկանում զինվորներին, մեկ անգամ եւս ամուր սեղմում եմ նրանց կարծրացած ձեռնափերը` թաքուն հարգանք զգալով նրանցում ամբարված ուժի գերազանցությունից, և իսկույն էլ ինքս ինձ մտածում եմ. «Չէ՛, էս տղաներին հաղթել չի՛ լինի»:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում