ԼԻԱՐԺԵՔ ՓՈՐՁՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
ՍԿՍՎԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ
Օգոստոսի 19-ին ազգային բանակի զորամասերում հանդիսավորապես մեկնարկեց այս տարվա երկրորդ՝ ամառային ուսումնական փուլը:
Առավոտյան ուղիղ ժամը 9-ին գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման զինավանի գլխավոր շարահրապարակում մարտական դրոշներով հանդիսավոր տողանի էին կանգնել գնդապետներ Ա. Տոնոյանի, Հ. Սևոյանի, Ա. Բաղդասարյանի, ինչպես նաև զորամիավորման վարչակազմի զինծառայողները:
Զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Փիլոյանը շարահրապարակ մտնող զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովին զեկուցեց հանդիսավոր արարողության համար զորամասերի անձնակազմերի շարված լինելու մասին: Ընդունելով զեկույցը՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նախ ողջունեց, այնուհետև շնորհավորեց անձնակազմերին ուսումնական փուլի մեկնարկի առթիվ: Վերջիններս, ի պատասխան ԶՈՒ ԳՇ պետի շնորհավորանքների, հնչեցրին հաղթական «հուռա»-ն և հանրապետության օրհներգը:
Հանդիսավոր արարողությունը (միտինգը) բացեց զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը:
Ելույթներ ունենալով՝ զինակիցներին շնորհավորեցին և նոր ուսումնական փուլի ընթացքում կրկնապատկված եռանդով ու ջանքերով սովորելու, ռազմարվեստի գաղտնիքներին կատարելապես տիրապետելու խոստումներ տվեցին մայոր Արթուր Հակոբյանը, լեյտենանտ Դավիթ Սարգսյանը, շարքային Նորիկ Թունյանը:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ելույթ ունենալով, զինծառայողներին՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին ու շարքայիններին ներկայացրեց ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձությունները: Այնուհետև նա հանգամանորեն ներկայացրեց այն իրավիճակը, որը վերջին շրջանում ստեղծվել էր հայ-ադրբեջանական սահմանագոտում:
– Մարտական հենակետերում սահմանի պահպանություն իրականացնող մեր ստորաբաժանումները՝ ջոկերը, ժամանակին անցնելով պաշտպանության, կարողացան հաջողությամբ կասեցնել հակառակորդի խափանարար գործողությունները, հարձակումները՝ ստիպելով հակառակորդին նահանջել և, ի վերջո, հրաժարվել նախահարձակ մարտավարությունից: Մեր զինվորները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ ունեն մարտավարամասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն և օժտված են բարոյահոգեբանական բարձր հատկանիշներով, պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը, նախորդ սերնդի՝ իրենց ծնողների արյան գնով ազատագրված հողը,- ասաց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և շարունակեց: -Կխաթարվի՞ հրադադարը, կվերսկսվե՞ն տեղային կամ լայնածավալ մարտական գործողություններ, թե ոչ, կախված է ձեզնից՝ ձեր մարտական պատրաստականության աստիճանից: Եվ քանի որ մեր երկիրը խաղաղության կողմնակից է, մենք պարտավոր ենք ժամանակն օգտագործել արդյունավետորեն, սովորել ջանասիրաբար, ամեն օր, ամեն ժամ աշխատել ու պատրաստվել պատերազմի: Միայն այդպես խաղաղությունը կդարձնենք կայուն ու տևական: Այո՛ կան դժվարություններ, երբեմն շատ բան այնպես չի լինում, ինչպես մենք ենք ծրագրում, արտաքին շատ իրադարձություններ, մեզնից անկախ, ազդում են մեր ձեռնարկած գործերի վրա, բայց այդ դժվարությունները չպետք է մեզ շեղեն մեր ծրագրերի իրականացումից: Մենք պետք է սովորենք և սովորեցնենք մեր զինվորին, մեր ենթականերին, մեր ընկերոջն ու զինակցին: Եղեք առողջ, սովորեք բարձր տրամադրությամբ, սիրեք միմյանց՝ մեր ժողովրդին, մեր հայրենիքը: Ձեզ բարեհաջող ուսումնական գործընթաց եմ մաղթում:
Միտինգն ավարտվեց զորամասերի հանդիսավոր երթով:
***
Վերադառնալով զորանոցներ՝ ստորաբաժանումներն սկսեցին եռօրյա մարտավարաշարային պարապմունքները: Ինչպես ընդունված է՝ առաջին օրվա ընթացքում մարզումներն անցկացվում են ջոկերի և դասակների կազմերով:
Փոխգնդապետ Սաշա Վարդանյանի հրամանատարությամբ գործող գումարտակում հետևեցինք կապիտան Մուշեղ Պոչինսկու վաշտի պարապմունքներին:
-Քանի որ ստորաբաժանումները համալրվել են երիտասարդ զինվորներով, որոնք առաջին անգամ են մասնակցում այս պարապմունքներին, մենք նախ պարզաբանում, այնուհետև գործողությունները կատարում ենք դանդաղ, մաս առ մաս: Հետո կսկսենք աշխատել սովորական ռիթմով, ի վերջո, պարապմունքները սովորելու համար են,-ասաց կապիտանը և վաշտի հետ մեկ անգամ ևս հրահանգավորում անցկացնելուց հետո դասակների, ջոկերի հրամանատարներին հանձնարարեց սկսել գործնական աշխատանքները:
Տագնապով վերկացը, անկողինների պատրաստումը բեռնաբարձման, ուսապարկերի, զենքի և զինամթերքի ստացումը, ջոկերի և դասակների կազմերով արագ, բայց առանց խուճապի զորանոցից դուրս գալու գործողությունները մի քանի անգամ կրկնելուց հետո զգացվեց, որ վաշտը գործում է ինչպես մի ամբողջություն և ի վիճակի է առաջադրանքը կատարել նախատեսված ժամանակից էլ շուտ: Հրամանատարական հմուտ գործողություններով առանձնանում էին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գոռ Եփրեմյանը, դասակի հրամանատարի տեղակալներ, կրտսեր սերժանտներ Գուրգեն Այվազյանը, Սոս Խուրշուդյանը: Պարապմունքի ընթացքում փորձառուներին ոչնչով չէին զիջում նորակոչիկները: Շարքայիններ Արթուր Ղահրամանյանը, Հարութ Խաչատրյանը, Վանիկ Գաբոյանը և Էմիլ Ջամալյանը վստահեցրին, որ առաջին փորձերից հետո իրենց համար արդեն ամեն ինչ պարզ է:
***
Զորամասում դիվիզիոններից մեկի հրամանատար, մայոր Վ. Դավթյանն անձնակազմի ստուգումից և մարտական հաշվարկի ճշտումից հետո ստորաբաժանումները բաժանեց ըստ ուսումնական կետերի: Ուսումնական կետերը հետևյալներն էին. առաջին՝ ննջարան, երկրորդ՝ օրապահի կողապահարան, երրորդ՝ զինանոց, չորրորդ՝ պահեստարան, հինգերորդ՝ հավաքակայան: Յուրաքանչյուր ուսումնական կետում ստորաբաժանումներից ամեն մեկին տրվեց քսան րոպե ժամանակ՝ պահանջվող գործողությունները կատարելու և տեղը հաջորդ ստորաբաժանմանը զիջելու համար: Օրինակ՝ այն պահին, երբ կառավարման դասակի զինվորները երրորդ ուսումնական կետում զենք-զինամթերք էին ստանում, հրթիռների տեղափոխման – վերամբարձման դասակի և զենիթահրթիռային մարտկոցների զինվորները լսարաններում անհրաժեշտ հրահանգավորում էին ստանում: Քիչ անց արդեն վերջիններս հասել էին երրորդ ուսումնական կետ:
Պարապմունքների երկրորդ և երրորդ օրերի մասին հաջորդիվ:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ