ԱՆՀԱՅՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿԵԼ ԵՆ ԳԱԼԻՔ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ
19-րդ դարի վերջին, երբ գնդացիրը, ինքնաթիռը, ներքին այրման շարժիչն արդեն սկսում էին դառնալ սովորական, երբ բանակների հրամանատարությունները դեռևս ամբողջությամբ չէին հրաժարվել նապոլեոնյան ժամանակաշրջանի մարտավարությունից, կային մարդիկ, որոնք կարողանում էին կանխագուշակել 20-րդ դարի պատերազմների էությունն ու ընթացքը: Նրանք կանխագուշակեցին գրեթե բոլոր զինատեսակները, սկսած ավտոմատ հրացաններից մինչեւ զրահաբաճկոնը, դիրքային պատերազմները և այլն: Կար նույնիսկ տանկի նախատիպը, որն անվանում էին ինքնուրույն շարժվող, զրահապատ թնդանոթ: Մինչև ամերիկացի Ռայթ եղբայրները կկատարեին իրենց առաջին թռիչքը, կանխատեսվում էր, որ օդում գերակշռություն ունեցողը կոչնչացնի հակառակորդի կամուրջները, պահեստները, կխորտակի նավատորմիղը և սարսափի մեջ կպահի բնակչությանը:
Նման գուշակներից էր ռուս աստիճանավոր, ազգությամբ հրեա, հետագայում ռուսական «երկաթուղիների արքա», մեծահարուստ Իվան Բլիոխը (1836-1902 թթ.): Նա ուսանել է Բեռլինի համալսարանում՝ ստանալով ճարտարագետի որակավորում: Նա մի շարք հիմնարար աշխատությունների հեղինակ էր («Երկաթուղիների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսական զարգացման վրա», «19-րդ դարի Ռուսաստանի ֆինանսները», «Լեհական թագավորության ֆաբրիկային արդյունաբերությունը»):
Ի. Բլիոխն իր ահռելի դրամական միջոցներից գումարներ էր հատկացնում հարյուրավոր մասնագետների և գիտնականների, որոնք հետազոտություններ էին կատարում գիտության տարբեր բնագավառներում: Նա որոշում է հետազոտել ապագա պատերազմների բնույթը, ավելի ճիշտ՝ թե ինչպես են նրանց վրա ազդում գիտատեխնիկական և տնտեսական առաջընթացները: Այդ նպատակի համար նա ներգրավում է բազմաթիվ մասնագետների՝ տնտեսագետների, վիճակագիրների, ճարտարագետների և նույնիսկ՝ Ռուսաստանի ու Գերմանիայի գլխավոր շտաբների աշխատակիցներին: 19-րդ դարում դեռևս սովորություն չկար ռազմավարական բնույթի ծրագրերն ու հետազոտությունները գաղտնիացնելու: Այդ մեծ կոլեկտիվի լարված աշխատանքի արդյունքում ստեղծվում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքը նկարագրող վեց հատորից բաղկացած աշխատություն, որի առաջին հատորը լույս է տեսնում 1898 թ. Սանկտ Պետերբուգում, ապա նաև՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն ու լեհերեն:
Բլիոխը, լինելով փառասեր անձնավորություն, գիրքը հրատարակում է միմիայն իր անունով՝ անտեսելով իր իսկ հրավիրած մասնագետների ահռելի աշխատանքը:
Այդ ժամանակ զինվորականության շրջանում իշխում էր այն տեսակետը, թե մարտի կամ ճակատամարտի ելքը հիմնականում որոշում է սվինային հարձակումը, Ի. Բլիոխը գուշակեց, որ հաղթանակն ապահովելու է ավտոմատ զենքը:
Բանակներում գոյություն ունեին հեծելազորային մեծ միավորումներ, որոնց հետ մեծ հույսեր էին կապում: Բլիոխի գրքում հեծելազորին հատկացվում էր հիմնականում հետախուզական գործառույթ, քանի որ ապագա պատերազմը լինելու էր դիրքային՝ ականադաշտերով, մի քանի շարք փշալարերով, զանազան ամրություններով և այլն:
Բլիոխը մեծ տեղ էր տալիս օդանավերին, որոնք կարող էին ոչ միայն հետախուզական գործողություն իրականացնել, այլև հարձակվել հակառակորդի տարբեր զորամիավորումների վրա: Նրա համոզմամբ՝ ապագա պատերազմում միմյանց դեմ կռվելու էին միլիոնանոց բանակներ, և ռազմաճակատների երկարությունը ձգվելու էր 1000 կիլոմետրից ավելի, ինչի հետևանքով միլիոնանոց զորքերը շատ արագ կսպառեն անհրաժեշտ քանակությամբ զինամթերքն ու պարենը, և հավելյալ մատակարարման կարիք կզգացվի: Նա կանխատեսեց այն, ինչ տեղի ունեցավ 1915-1916 թթ., երբ հակառակորդների բանակներում գրեթե սպառվել էին արկերն ու հացը:
Ի. Բլիոխը նշեց, որ ապագա պատերազմը լինելու է դիրքային, որի հետևանքով բանակները կրտսեր սպայական կազմի զգալի կորուստներ կկրեն: Նրա համոզմամբ՝ ցանկացած գրոհ ուղեկցվելու էր ահռելի կորուստներով: Եվ արդյունքում՝ կռվող կողմերը հայտնվելու են դիրքային փակուղում, երբ նրանցից ոչ մեկը չի կարող հասնել վճռական գերակշռության:
Գրքում նկարագրվում են խրամատների, դաշտային ամրությունների, ականադաշտերի և փշալարերի վճռական նշանակությունը: Եվ այս գուշակումը կատարվել էր Առաջին համաշխարհային պատերազմից 20 տարի առաջ:
Ի. Բլիոխն անդրադառնում է նաև ապագա պատերազմի սոցիալական հետևանքներին՝ նշելով, որ խառնակ պատերազմական իրադրությունից օգտվելու են առևտրականներն ու հարուստ գյուղացիները, որոնք էլ շահագործելու են ունեզուրկ բնակչությանը՝ կուտակելով ահռելի կարողություններ: Կայսրություններից շատերը դադարելու են գոյություն ունենալ: Արդեն իսկ հայտնի է, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո պատմության ասպարեզից վերացան չորս կայսրությունները՝ օսմանյանը, ռուսականը, ավստրիականը և գերմանականը:
Ժամանակի բարձրաստիճան զինվորականները թշնամաբար էին ընդունում Բլիոխի գուշակությունները՝ նրա ուսումնասիրություններում չնկատելով կարևորը և էականը, որ այսօր էլ արդիական է հնչում. «Մոտակա ժամանակներում մեծ պատերազմը քիչ հավանական է… Սակայն հավերժ խաղաղության մասին կարելի է միայն երազել: Պատերազմների տարեգրությունը չի կարելի համարել վերջնականապես փակված, և վտանգը դեռևս չի վերացել»:
Խորագիր՝ #33 (1051) 28.08.2014 – 03.09.2014, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից