Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԲԻԼԻՍԻՆ ԿԶՍՊԻ՞ ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ԱԽՈՐԺԱԿԸ



Անցած շաբաթ պաշտոնական այցով Երևանում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության հետ, քննարկվեց երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ:

2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Թբիլիսին տարածաշրջանում որդեգրել է ուրույն քաղաքական գիծ, որը հարևան երկրների հետ հավասարակշռված հարաբերությունների միջոցով միտված է չեզոքացնելու արտաքին մարտահրավերները: Սակայն այդ քաղաքականությունը խոցելի է Ռուսաստանի հետ լարվածության և ԱՄՆ հետ՝ նույնաբովանդակ ջերմ համագործակցության պայմաններում, եւ Վրաստանը ակամա դառնում է տարածաշրջանում բաժանարար գծերի ստեղծման հեղինակներից մեկը:

Աբխազական և օսական հիմնահարցերով պայմանավորված՝ թշնամանքը Ռուսաստանի հանդեպ ստիպում է Վրաստանին ամբողջովին բարդ, բայց բազմաբովանդակ հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ, որը, լինելով Ռուսաստանի տարածաշրջանային դաշնակիցը՝ տարբեր հարթություններում փաստացի ոչ պաշտոնական միջնորդ է դառնում Թբիլիսիի և Մոսկվայի միջև: Միաժամանակ, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ստիպում է Վրաստանին միանալ տարածաշրջանային այլ ռազմաքաղաքական դաշինքներին, ինչով, ըստ պաշտոնական Թբիլիսիի, կպահպանվի ուժերի հաշվեկշիռը: Եվրաինտեգրման ճանապարհը որդեգրած վրացական իշխանությունների համար նախընտրելի տարբերակ է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը, սակայն վրացական վերնախավը գերազանց հասկանում է, որ Կրեմլում թույլ չեն տա, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև նոր ընդհանուր սահման հայտնվի, այն էլ այնպիսի բարդ ռազմաքաղաքական տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է: Բնական է, որ Վրաստանը ցանկանում է միանալ որևէ միջազգային ռազմաքաղաքական նախաձեռնության, որը կարող է գոնե նվազագույնը արդարացնել իր սպասումները: Նման հեռանկարը թերևս ցանկալի չէ Հայաստանի համար, բայց Վրաստանին տալիս է թուրք-ադրբեջանական տանդեմը, մանավանդ իր տնտեսական բաղադրիչներով, առաջին հերթին՝ էներգակիրների և կապի միջոցների միջազգային ծրագրերի առկայությամբ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում վրացական բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցություն են ունեցել թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ տարբեր ձեւաչափերով եռակողմ հանդիպումների, փորձել են իրական համագործակցության հիմքեր ստեղծել, սակայն բացի հայտարարություններից որևէ տեղաշարժ այնպես էլ տեղի չի ունեցել: Միաժամանակ, Թուրքիան մեծացնում է տնտեսական ներկայությունը Աջարիայում, իսկ Ադրբեջանը՝ Քվեմո – Քարթլիում, Կախեթիում ու Աջարիայում: Մեծացել է ոչ միայն թուրք-ադրբեջանական ֆինանսական կապիտալի ներհոսքը Վրաստանի այդ երկրամասերը, այլ նաև առկա են իսլամացման, ազգաբնակչության ընդհանուր փոփոխությանը միտված գործընթացներ, որոնք անհանգստացում են ոչ միայն Վրաստանի ուղղափառ եկեղեցու ղեկավարությանը, այլ նաև՝ երկրի իշխանություններին: Այնուամենայնիվ, ռազմաքաղաքական պայմաններից ելնելով՝ Թբիլիսին դեռ շարունակում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ դաշնակցային հարաբերությունների ձևաչափի փնտրտուքը:

Նման մի փորձ տեղի ունեցավ օգոստոսի 19-ին Նախիջևանում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումով: Կողմերը այս անգամ պայմանավորվեցին համատեղ զորավարժություններ անցկացնել: Սակայն որևէ պաշտոնական հաղորդագրության մեջ այդպես էլ չհիշատակվեցին այդ զորավարժությունների անցկացման ժամկետները: Ըստ պաշտոնական լրահոսի՝ հանդիպմանը քննարկվել են ռազմական դրության ժամանակ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի հարցերը, մասնավորապես՝ նավթագազատարների անվտանգության, հաղորդակցության երկաթուղային ճանապարհների, կապի օբյեկտների ծրագիրը: Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ հանդիպումը հիմնականում միտված է եղել դիրքորոշումների հստակեցմանը: Բնական է, որ Բաքուն և Անկարան փորձեցին Թբիլիսիին հետ պահել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունիսին Վրաստան կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումից, ինչպես նաև՝ սա ադրբեջանական կողմի համար ևս մի ձախողված հնարավորություն էր համոզելու վրացական կողմին՝ փակել Հայաստանի հետ հաղորդակցման ուղիները: Բաքուն փորձեց նաև Անկարայի միջոցով ազդել Թբիլիսիի վրա, որպեսզի մեղմի հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իր կողմից կազմակերպած դիվերսիաների ձախողման արդյունքները և հաշվեհարդար լինի Հայաստանի հետ, սակայն նման քայլն անհաջողության մատնվեց:

Անկարայում և Բաքվում նաև մտահոգված են Թբիլիսիի պատրաստակամությամբ՝ աշխատեցնել վրաց-աբխազական երկաթգիծը, ինչը, փաստացի, կչեզոքացնի նրանց կողմից Հայաստանի շրջափակման ազդեցությունը: Նրանք առաջարկում են Վրաստանին հրաժարվել Եվրասիական միության փաստացի տարանցիկ երկրի գայթակղիչ տարբերակից՝ առաջարկելով հեռանկարային Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որի ծրագիրը մեկ տասնամյակ դեռ իրագործման փուլում է: Այնուամենայնիվ, Թբիլիսիում պատրաստ են վրաց-աբխազական երկաթգծի վերագործարկմանը և այդ հարցի շուրջ նույնիսկ բանակցություններ վարել Աբխազիայի հետ:

Երևանում ըմբռնումով մոտեցան նաև վրացական կողմի մասնակցությանը նախիջևանյան հանդիպմանը: Ավելին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը տեղական լրատվամիջոցներից մեկին վստահություն հայտնեց, որ այն որևէ կերպ չի անդրադառնա հայ- վրացական ռազմավարական համագործակցության վրա:

– Հարևան Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության շահերի լայն շրջանակ, որի մասին վկայում են մի շարք համագործակցային նախաձեռնություններ՝ պաշտպանական ոլորտում ներառյալ: Կարծում եմ, որ հենց Վրաստանի մասնակցությունը կզսպի այս եռակողմ հարաբերությունների հակադրումը Հայաստանի ազգային անվտանգության շահերին, – ասել էր Դ.Տոնոյանը եւ շեշտել, որ այս համագործակցության հետևանքները ամբողջովին ներառված են Հայաստանի պաշտպանության պլանավորման ռազմավարական նկատառումներում՝ դրանց կանխատեսվող վնասակար ազդեցությունների հաշվառմամբ:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման թեման հայտնվել էր ուշադրության հետնաբեմում նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի` օգոստոսի 21-ից 22-ը Երևան կատարած այցի շրջանակներում: Պաշտոնական Երևանը վստահ է, որ Թբիլիսին հավատարիմ է հունիսին ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ վարչապետի այցը երկու կողմերի դիրքորոշումների համաձայնեցումն է՝ Հայաստանի կողմից Եվրասիական Միությանն անդամակցելու պայմանագրի և Վրաստանի՝ ԵՄ ասոցացման և ազատ գոտու համաձայնագրերի ստորագրումից և վավերացումներից առաջ: Իր հայաստանցի գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլիի արած հայտարարությունները վստահություն ներշնչեցին, որ երկու երկրների անդամակցությունը տարբեր ինտեգրացիոն միավորումներին խոչընդոտ չեն դառնա հայ-վրացական բազմակողմ համագործակցության համար:

Վրաստանի վարչապետը վերահաստատեց ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման պատրաստակամությունը նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: – Հայաստանը ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլև բարեկամ պետություն: Այդ բարեկամական հարաբերություններով երկու երկրների բարեկեցության համար պետք է օգտակար ու բարի շատ գործեր անել, – վստահեցրել է վարչապետ Ղարիբաշվիլին:

Հատկանշական է, որ վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլին տարածաշրջանային առաջին այցը կատարել է հենց Հայաստան: Դա վկայում է Թբիլիսիի կողմից հայ-վրացական հարաբերությունների ռազմավարական ճկունության պահպանումը խիստ կարևորելու մասին: Հաջորդիվ նա կմեկնի Անկարա՝ նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Բնական է, որ հավասարակշռությունը պահելու համար Վրաստանի վարչապետը մոտակա ժամանակներում կայցելի նաև Բաքու: Կրկին ռազմաքաղաքական համագործակցության կոչեր և հայտարարություններ կլինեն, սակայն, պարզ է, որ մոտակա ժամանակահատվածում հայ-վրացական ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանում այլընտրանք չունի. Երևանը դառնալու է Թբիլիսիի համար կամուրջ ՀԱՊԿ-ի և Եվրասիական Միության հետ հարաբերություններում, Թբիլիսին Երևանի համար կդառնա տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցության ընդլայնումը զսպող կարևոր ուժ:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #33 (1051) 28.08.2014 – 03.09.2014, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


28/08/2014