ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՄԵԿՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԻԾ
Նյութիս հերոսը Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի մայոր Օնիկ Արտավազդի Խաչատրյանն է: Նա ծնունդով Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղից է, իսկ այժմ ապրում է Վայք քաղաքում: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի վոլեյբոլի բաժինը, եղել Հայաստանի վոլեյբոլի հավաքականի անդամ: Մինչև Ադրբեջանից մեր հայրենակիցների բռնի տեղահանությունը, նա ֆիզկուլտուրա է դասավանդել Վայքի դպրոցներից մեկում: Իսկ երբ իրավիճակը սրվում է խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված հայոց պատմական ու հինավուրց Նախիջևանի սահմանին, Օնիկ Խաչատրյանն իր ընկերոջ՝ Նարբե Հակոբյանի հետ Վայքի հրապարակում 16 համախոհների շարքում երդվում է պատժել զավթիչ «հարևանին» ու մեկնում է սահման:
1989թ.-ին Հակոբյան Նարբեի գլխավորությամբ նորանոր ջոկատներ են կազմավորվում և մեկնում սահման` հերթափոխի: Ադրբեջանցուն բնորոշ անասնագողությունը մեծ չափերի էր հասել, հատկապես գիշերները: Օր չկար, որ սահմանամերձ բնակավայրերից գյուղացիները տագնապ չհնչեցնեին: Քոչվորներն այնքան էին լկտիացել, որ ոտնձգություններ էին կատարում սահմանամերձ գյուղերի բնակիչների ոչ միայն ինչքի, այլև կյանքի դեմ: Եվ երբ մեր կամավորներն սկսեցին սահմանում վերակարգ սահմանել, մեկ գողացված անասունի դիմաց տասը ետ բերել, ընդհուպ պատժելով ավազակներին, իրավիճակը փոքրիշատե կայունացավ… Բայց տղաները հրաշալի գիտակցում էին, որ թուրքը մնում է թուրք, և երբեք ավարառուի իր գործելաոճից չի հրաժարվի:
1992թ. մայիս-հունիս ամիսներին սկսվում է Մարտակերտից նահանջը: Թշնամու դեմն առնելու նպատակով հանրապետության բոլոր շրջաններում ու գյուղերում կազմավորվում են կամավորական ջոկատներ ու մեկնում Արցախ: Վայքում ձևավորվում է 152-րդ մոտոհրաձգային գումարտակը:
Վազգեն Սարգսյանը, որի հետ ակնարկիս հերոսն արդեն ծանոթ էր, Օնիկ Խաչատրյանին նշանակում է նոր կազմավորված գումարտակի հրամանատար, իսկ սետեմբերին արդեն Օնիկ Խաչատրյանի հրամանատարությամբ գործող գումարտակի վաշտերից մեկը շտապ տեղափոխվում է Քաշաթաղի հարավային ճակատ: Ավտոբուսներով հասնում են Աշոտ Պետրոսյանի հրամանատարությամբ գործող Սովետաշենի գնդի տեղակայման վայր, որտեղ էլ փոխարինում են Սիսիանի ջոկատին, վերջինիս հնարավորություն տալով հոգնատանջ մարտերից հետո մի փոքր շունչ առնելու: Այդ խառնակ ու ծանր օրերին էր. ադրբեջանցի կնոջ լաց ու կոծին ականջալուր լինելով, մերոնք չեն խոչընդոտում հանդիպակաց քարափի տակ ընկած փոխգնդապետի դիակի տեղափոխումը, ինչին ադրբեջանցի կինը պատասխանում է մինչև գետին հասնող խոնարհումներով ու շնորհակալական բացականչություններով:
Օ. Խաչատրյանը նաև ցավով հիշում է, թե ինչպես հակառակորդը տեղատարափ կրակով թույլ չէր տալիս մարտի դաշտից դուրս բերել մահացու վիրավորված իրենց ընկերոջը` վայքեցի Վարոյին:
Պատերազմի ժամանակ Օնիկ Խաչատրյանը մարտական ընկերներ է կորցրել: Քաշաթաղի ինքնապաշտպանական մարտերից մեկում նրա աչքի առաջ զոհվում է իր աշակերտներից մեկը՝ Քերոբ Ղազարյանը: Ահա այսպես իրենց հայրենիքի պաշտպանության համար կողք կողքի կռվել ու զոհվել են հայր ու որդի, եղբայր ու քույր, ուսուցիչ և աշակերտ…
ՀԻՇՈՒՄ Է ՕՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
– Ջերմուկի Սիրչալի կոչվող բարձունքի տակ (3180մ) ադրբեջանական յայլաներն էին: Տարածքը մանրազնին ուսումնասիրելուց հետո անցանք հարձակման, որին, ի դեպ, մասնակցում էր նաև երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը: Հարձակումն անցավ բարեհաջող:
1993թ. օգոստոսին վաշտի հրամանատար Օնիկ Խաչատրյանը գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանատարությամբ մասնակցում է նաև Կուբաթլուի գրավմանը: Օնիկ Խաչատրյանը ՀՀ զինված ուժերում ծառայել է 11 տարի և 9 ամիս՝ արժանանալով տասնյակից ավելի պատվոգրերի և բազմաթիվ մեդալների: Նա բանակաշինության գործում օրինակելի և բարեխիղճ ծառայության համար Վազգեն Սարգսյանի կողմից արժանացել է Երկրապահ կամավորականների միության պատվոգրերի, ստացել նաև մանկավարժության «Գերազանցիկի» կոչում: 1990-ականներին Արցախի մայրերի կոմիտեի նախագահ Հասմիկ Մամիկոնյանի կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով:
Այնուհետև Օ. Խաչատրյանը չորս տարի անբասիր ծառայել է Վայքի զորամասում, արժանացել կապիտանի կոչման: 2001թ.-ին տեղափոխվել է սահմանամերձ զորամաս, այնտեղ ծառայել է ութ տարի, արժանացել մայորի կոչման, իսկ 2008թ. սեպտեմբերից անցել վաստակած հանգստի: Երբ պատրաստվում էի հրաժեշտ տալ արժանավոր սպային, նա ընդգծված շեշտադրումով ասաց.
Սիրելի՛ Նանե, լա՛վ իմացիր, մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեկնելու առաջնագիծ, միայն թե հրաման լինի:
ՆԱՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Խորագիր՝ #33 (1051) 28.08.2014 – 03.09.2014, Ճակատագրեր