Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎՈՎ` ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ…



«Հայ զինվորի» հյուրասրահում ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի հրամանատար ՍՈԿՐԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է, որն օրերս արժանացավ փոխգնդապետի կոչման:

-Պրն. Վարդանյան, շնորհավորում ենք Ձեզ ավագ սպայի հերթական զինվորական` փոխգնդապետի կոչմանն արժանանալու կապակցությամբ, ցանկանում առողջություն, անձնական երջանկություն և նորանոր ձեռքբերումներ ծառայության մեջ: Որքա՞ն ժամանակ է, ինչ Դուք մեր ԶՈՒ այս անչափ կարևորագույն գործառույթներ կատարող ստորաբաժանման` պատվո պահակային վաշտի հրամանատարն եք:

-Շնորհակալ եմ անկեղծ և սրտաբուխ մաղթանքների համար: Պետք է ասեմ, որ ցանկացած զինվորականի համար անչափ կարևոր իրադարձություն է թե՛ հերթական կոչում ստանալը և թե՛ առաջխաղացումը ծառայության մեջ, ինչին կարող ես հասնել միմիայն ազնիվ և նվիրված ծառայության շնորհիվ: Երբ ավարտեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ինձ ծառայության նշանակեցին գնդապետ Կ. Սիմոնյանի հրամանատարությամբ գործող զորամասում` որպես պատվո պահակային վաշտի դասակի հրամանատար: Հինգ տարի անց՝ 2009 թվականին, առաջխաղացման կարգով ստանձնեցի ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի հրամանատարի պաշտոնը:

-Ե՞րբ է կազմավորվել պատվո պահակային վաշտը, և ովքե՞ր են եղել նախկին հրամանատարները:

-Վաշտը, կարելի է ասել, մեր փառապանծ զինուժի հասակակիցն է: Կազմավորվել է 1993թ. հունվարի 18-ին: Ունեցել է երեք հրամանատար` առաջինը մեր զորամասի ներկայիս շտաբի պետ փոխգնդապետ Ա. Հակոբյանն է, որը, ի դեպ, վաշտի կայացման գործում անուրանալի ավանդ ունի: Երկրորդ հրամանատարը (2005-2009թթ.) եղել է մեր զորամասի լավագույն սպաներից մեկը` փոխգնդապետ Վ. Խամփերյանը, և ես:

– Դուք եք այն երջանիկները, որոնց բախտ է վիճակված մեր երկիրն ու ԶՈՒ-ն ներկայացնել օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի առջև: Կխնդրեի մի երկու խոսքով բնութագրեիք Ձեր հրամանատարությամբ գործող ստորաբաժանման ծառայությունը:

-Դժվար և պատասխանատու, քանի որ մեր հիմնական առաջադրանքը տարբեր պետությունների ղեկավարների առջև, ամենատարբեր պետական միջոցառումների ժամանակ մեր երկիրն ու նրա զինված ուժերը հավուր պատշաճի ներկայացնելն է, ինչն էլ մինչ օրս կատարվել ու կատարվում է պատասխանատվության բարձր զգացումով, բարձր մակարդակով, ինչի առհավատչյան այն տասնյակ պատվոգրերն ու մեդալներն են, որոնց արժանացել են մեր տղաները: Իսկ հաջողության հասնելու համար պահանջվում է ամենօրյա քրտնաջան ու լարված աշխատանք:

-Ի՞նչ առանձին խմբեր է ներառում պատվո պահակային վաշտը:

-Պատվո պահակային վաշտն ունի դիմավորման խումբ, որը մասնակցում է օտարերկրյա նախագահների, հյուրերի պաշտոնական այցերին ու դիմավորման արարողություններին: Մյուսը ծաղկեպսակ դնողների խումբն է, որը մասնակցում է միջոցառումների Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդում, հուշարձանների բացման ժամանակ և այլն: Մեկ այլ խումբ կանգնում է պատվո պահակ, ունենք նաև համազարկ տվողների խումբ, ինչպես նաև Դեֆիլե վարժանքը կատարողների խումբ: Ընդհանրապես, պատվո պահակայինի բոլոր զինծառայողները յուրաքանչյուր գործողության կարող են մասնակցել, ուղղակի ստույգ բաժանում ենք կատարում, թե որ խումբը ինչ միջոցառման պետք է մասնակցի: Այս տարի՝ 2014թ.-ի հունիսի 14-ին, Ֆրանսիայում մասնակցեցինք Առաջին աշխարհամարտի 100-ամյակի և Բաստիլի ազատագրմանը նվիրված միջոցառումներին, որի ժամանակ պատվով ներկայացրինք մեր եռագույնը:

-Մեր տղաների կողմից Դեֆիլեի կատարման վարպետությունը նույնիսկ գերհզոր պետությունների զինվորականների մոտ հիացմունք, ինչու չէ նաև զարմանք է առաջացրել… Հետաքրքիր է իմանալ, ի՞նչ միջոցառումների ժամանակ է ներկայացվում հանրահայտ Դեֆիլեն, և ե՞րբ է այն առաջին անգամ կատարվել:

-Դեֆիլեն առաջին անգամ կատարել ենք 2009թ. հուլիսի 31-ին՝ Հանրապետության հրապարակում՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ: Դեֆիլե կատարել ենք նաև ԶՈՒ կազմավորման 17-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում՝ փոքր խմբով: Դրանից հետո էլի ցուցադրություններ ենք ունեցել: Վերջին հիշարժան կատարումներից մեկն էլ Հանրապետության հրապարակում Անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ էր:

-Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի նորակոչիկը, որպեսզի ծառայի պատվո պահակային վաշտում:

-Պատվո պահակային վաշտում ծառայելու համար նորակոչիկը պետք է ունենա 180-187 սմ հասակ, բարետես արտաքին, լինի ֆիզիկապես առողջ, ամրակազմ: Նա պետք է հասնի նախնական պատրաստվածության այնպիսի մակարդակի, որ կարողանա լիարժեք տիրապետել բոլոր վարժաձևերին՝ թե՛ զենքով, թե՛ շարային:

-Որքան ես տեղյակ եմ՝ տղաների սննդակարգն էլ է տարբեր:

-Այո՛: Քանի որ մեր զինվորները շարային հրապարակում շատ են քայլում, պարապում են բավականին երկար, այդ պատճառով ուժերը վերականգնելու համար նախաճաշին, ճաշին և ընթրիքին նրանց տրվում է սննդի լրացուցիչ չափաքանակ:

-Պատվո պահակային վաշտի և անձամբ Ձեր` որպես սպայի, այդ վաշտի հրամանատարի, ամենից թանկ պարգևը ո՞րն է:

-Բոլորն էլ թանկ են, սակայն կուզենամ առանձնացնել 2008թ. ՆԱՏՕ-ի զորավարժության բացման և փակման արարողություններին փայլուն մասնակցության համար մեր վաշտի ստացած պատվոգիրը, ինչպես նաեւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը, որն ստացել եմ ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից:

Խորագիր՝ #33 (1051) 28.08.2014 – 03.09.2014, Ազգային բանակ


28/08/2014