ՍԱՀՄԱՆԻՆ ՔԱՋԱԶՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Հազիվ թե աշխարհի ամենահեռավոր ծագերում ապրող որևէ հայ գտնվի, որ հոգու խորքում երազած չլինի երբևէ քայլել Արցախի ազատագրված տարածքներով, շնչել հայոց հինավուրց հողի բույրը: Հազիվ թե…
Եվ ահա հայրենաճանաչության գործում շնորհակալ գործ է կատարում նաև համացանցի ֆեյսբուքյան «Պատմական Հայաստան» կայք-էջը:
… Դեպի Արցախ: Գնում եմ եռօրյա արշավի, գնում եմ նախնիներիս հողին հաղորդակցվելու (նախնիներս արմատներով շուշեցիներ են): Բայցեւայնպես, հոգուս խորքում սահմանին կանգնած զինվորն է: Ներքին կանխակալությամբ մտածում եմ` երանի շա՜տ-շա՜տ զինվորներ տեսնեմ: Մտովի հպարտանում եմ. ախր, արյունակից բոլոր հարազատներս Արցախում են ծառայել՝ առաջնագծում: Ու ներքուստ հոգիս փառավորվում է:
Արշավի ճամփան ձգվում է երկա՜ր-երկա՜ր: Ստեփանակերտ, Ասկերանի ամրոց, Տիգրանակերտի բերդ, Գանձասարի վանական համալիր, Վանք գյուղ, Ծովին քար, Հունոտի կիրճ (Ջդրդուզ), Շուշի, Շուշվա բերդ, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ …
…Ոչ ոք չի հոգնում անվերջ թվացող ճանապարհից: Վերելքը հաղթահարող ավտոմեքենայի շունչը ասես կտրվում է: Բարձրանում ենք Գանձասարի վանական համալիր: Վանք գյուղի մերձակա Գանձասար բլրի վրա վեհաշուք բազմել է ձեռակերտ հրաշքը: Գնում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման ու Խաղողօրհնեքի արարողությանը մասնակից ու հաղորդակից դառնալու:
Անտառապատ լեռների գոգին բազմել է Խաչենի տեր ու Արցախի իշխանաց իշխան Հասան Ջալալ-Դոլայի կառուցած Գանձասարը (1216-1238թթ.): Շուրջ 4 դար (1400-1816թթ.) Աղվանից կաթողիկոսների նստավայր Գանձասարում հրաշափառ տոնի առթիվ պատարագ է մատուցվում: Տերունական աղոթքն է հնչում հազարամյա վանքի կամարների ներքո: Ու այդ պահին, Տեր Աստված, կատարվում է թաքուն երազանքս. լուռ, անխոս խտանում են պատարագի մասնակիցները` իրար հետևից ներս թողնելով զինվորներին, որոնք շա՜տ-շատ են…
Րոպեներ անց, երբ համալիրին հարող ընդարձակ հրապարակում տեսնում եմ զինվորական ավտոմեքենաները, իմանում եմ հրաշալի նախաձեռնության մասին. արյունարբու թշնամու դիվերսանտներին հետ մղած` հայտնի «Եղնիկների» հրամանատարությունը տաղավար տոնի առիթով Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի է բերել հայրենիքի պաշտպանների մի մեծ խումբ: Քիչ հեռվում սահմանն է, թավուտ անտառները: Դիմացը սարեր են, նրանցից այն կողմ` էլի սարեր, հետո` էլի սարեր, որտեղից զօրուգիշեր մեր անդորրն են հսկում այս հրաշալի տղաները` գեղեցիկ, թիկնեղ, հաղթանդամ… Վանքին հարող հրապարակը լցված է Հայոց անպարտ բանակի նորօրյա հերոսներով` հպարտ, առնական: Պահն առինքնող է:
Հնչում է հրամանատարի խրոխտ ձայնը «Շարվի՛ր, վա՛շտ»: Ու հավերժանում է ակնթարթը: Զարմացած ու հիացած է մի քիչ անսովոր արտաքինով ամերիկահայ Մարգարետ Մելիքյանը: Պատեհ պահը հավուր պատշաճի է արժևորում արշավի մասնակից, Երուսաղեմից ժամանած հոգեւորական Տեր Վազգեն աբեղա ԱլԷքեանը՝ Երուսաղեմում օրհնված խաչեր նվիրելով հայրենիքի զինվորյալ որդիներին: Ու հնչում է սուրբ օրհնանքը. «Թող Աստված պահապան լինի ձեզ»:
ԿԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Արցախ-Երևան