Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ



Օգոստոսի 27-ին ԼՂՀ Հադրութի ջրաշխարհում կայացավ ՀՀ Երկրապահ կամավորականների միության դեպի Արցախ ուխտագնացության գլխավոր միջոցառումը: Արդեն երկու տասնամյակի պատմություն ունի ուխտագնացությունը, որին մասնակցում են ԵԿՄ վարչության ու տարբեր բաժանմունքների անդամներ, պատանի և երիտասարդ երկրապահներ, մտավորականներ, մշակութային խմբեր ու գործիչներ, լրագրողներ, այլ մասնակիցներ: Միջոցառմանը ներկա էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իր խոսքում նա երկրապահների ավանդական ուխտագնացությունները կարևոր համարեց հատկապես մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, ազգային ռազմական ավանդույթների պահպանման, հայրենի երկիրն ավելի լավ ճանաչելու տեսանկյունից:

Ներկաներին ողջունեց և օրհնեց Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազան Մարտիրոսյանը: «Աստված մեր ուխտը նորոգի անսասան ապագայի համար: Մենք ուխտավոր ենք, իսկ մեր ճանապարհը մեկն է՝ դեպի հաղթանակ», -ասաց Սրբազանը՝ իր խոսքն ավարտելով Տերունական աղոթքով:

Տոնակատարությունն ավարտվեց հրավառությամբ: ԵԿՄ ուխտագնացության արցախյան վերջին հանգրվանը Բերձորն էր, որտեղ օգոստոսի 29-ին ներկաներին իրենց ելույթներով ողջունեցին ՀՀ ՊՆ «Զորական» համույթի երգիչները: Ոգևորիչ էր նաև «Տաշիր» երգի-պարի մանկական համույթի ելույթը: Ինչպես միշտ, այս անգամ էլ գեղեցիկ կատարումներով հանդես եկավ երգչուհի Կարինե Մկրտչյանը: Բերձորցիներին Արցախի անկախության հռչակման 23-ամյակի և գիտելիքի օրվա առթիվ շնորհավորեց ՀՀ ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանը: Նա անդրադարձավ ուխտագնացության պատմությանը՝ նշելով, որ այս տարի ուխտագնացներն այցելել են նաև զորամասեր:

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, ողջունելով Երկրապահի ուխտագնացներին, կարևորեց ԵԿՄ դերը մեր ժողովրդի կյանքում: Շնորհակալություն հայտնեց այն օժանդակության համար, որ ցուցաբերում է Երկրապահ կամավորականների միությունը, միության վարչության նախագահը Քաշաթաղի շրջանին: Միջոցառմանը ներկա էին Բերձորի համայնքի ղեկավար Արթուր Սահակյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Բանակ և հասարակություն


04/09/2014