Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐ



Արցախյան պատերազմի վետերանները հաճելի անակնկալ մատուցեցին գնդապետ Վ. Հովսեփյանի հրամանատարությամբ գործող զորամասին՝ դիրքապահ զինվորներին նվիրելով գերմանական հովվաշան զտարյուն երկու ձագ: Հայաստանցի և Կանադայի Քվեբեք նահանգի հայկական համայնքի բարեգործները մտադիր են տարվա ընթացքում դիրքապահների «զինանոցը» համալրել պահակային ազնվացեղ ևս մի քանի տասնյակ շներով:

Զորամասում իսկական իրարանցում էր. զինվորներն անմիջապես սիրով ու հոգատարությամբ շրջապատեցին իրենց վաղվա անփոխարինելի օգնականներին: Ոչ ոք նման նպատակային ու թանկ նվերի չէր սպասում: Ոգևորված էին և՛ զինվորները, և՛ հրամանատարական կազմը: Արդեն որոշված է` արու և էգ շան ձագերն առանձին- առանձին են պահվելու. նրանք կհանդիպեն միայն զուգավորման ժամանակ:

-Երբ լսեցինք սահմանային վերջին իրադարձությունների մասին, մենք անմիջապես որոշեցինք ինչ-որ բանով աջակցել մեր զինվորներին,- ինձ հետ զրույցում ասացին Արցախյան պատերազմի վետերաններ Հովհաննես Նիկողոսյանը և Արթուր Հարությունը:- Մեր կարծիքով՝ դիրքապահների համար լավագույն նվեր կարող են լինել լավ վարժված շները, որոնք կկարողանան բացահայտել ցանկացած սահմանախախտի և կանխել մեր կորուստները: Հենց այդ այդ նպատակով էլ դրամահավաք կազմակերպվեց, և գնվեցին գերմանական հովվաշան այս երկու հրաշալի ձագերը: Մեծապես շնորհակալ ենք Քվեբեք նահանգի Լավալ քաղաքի մեր հայրենակիցներից, որոնք մեծ սիրով արձագանքեցին մեր կոչին:

Գաղտնիք չէ, որ այսօր շատ երկրների զինված ուժերում վարժեցված շները լայն կիրառություն ունեն ամենատարբեր ասպարեզներում և լավագույնս նպաստում են հատկապես սահմանի անվտանգության ապահովմանը:

-Մենք կփորձենք հետագայում էլ օգտակար լինել մեր բանակին: Մտադիր ենք շան ձագեր նվիրել նաև այլ զորամասերին: Հուսամ, որ մեզ կմիանան նաև մեր մյուս հայրենակիցները,- ասացին բարեգործները:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Բանակ և հասարակություն


04/09/2014