«ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ԹՂԹԻ ԿՏՈՐ». ԱՅՍՊԵՍ Է ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԸ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ խստորեն դատապարտեց Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնին AJR 32 բանաձևը նահանգի Սենատի ընդունելուց հետո, որը «խրախուսում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն» և «կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին՝ սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը»: Բանաձևը նաև ճանաչեց, որ Արցախը «պատմականորեն եղել է հայկական տարածք…. սակայն 1921 թվականին Խորհրդային Միության օրոք ապօրինաբար անջատվել է Հայաստանից և հանձնվել նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանի կառավարմանը»:
Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի երկու պալատները ճնշող մեծամասնությամբ կողմ են քվեարկել Արցախի բանաձևին, օգոստոսի 27-ին նահանգի Սենատը՝ 24-0, իսկ մայիսի 8-ին նահանգի ժողովը՝ 72-1 ձայների հարաբերակցությամբ: Այսպիսով՝ Կալիֆոռնիան, Արցախին սատարող նման բանաձև ընդունելով, միանում է Լուիզիանա, Մեյն, Մասաչուսեթս և Ռոդ Այլենդ նահանգներին:
Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի որոշումները զայրացրել էին Ադրբեջանի կառավարությանը և նրա դիվանագետներին Միացյալ Նահանգներում: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլլաևը արհամարհեց Արցախի բանաձևը՝ այն անվանելով «ընդամենը մի թղթի կտոր»: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը խիստ քննադատեց տեղի հայ համայնքը, Կալիֆոռնիայի նահանգը և AJR 32-ը: Բանաձևը խափանելու իր ձախողումն արդարացնելու համար նա պնդեց, թե նահանգի սենատորներն «իրենց ընտրական քարոզարշավների համար հսկայական ֆինանսական նվիրատվություններ» են ստացել «հայկական լոբբիից»՝ մոռանալով, որ ինքը ներկայացնում է աշխարհի ամենաբռնապետական վարչակարգերից մեկը: Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդգնել է դաս տալ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին «Ամերիկայի քաղաքական համակարգում առկա լուրջ բացթողման համար, որը հրատապ շտկման կարիք ունի»:
Գլխավոր հյուպատոսը, նախքան նման անհիմն մեղադրանքներ անելը, պետք է համացանցում փնտրեր ու տեսներ, թե «ինչքան գումար են ստացել Արցախի բանաձևի համար քվեարկած 24 սենատորներն ամերիկահայերից», եթե այդպիսիք եղել են: Միացյալ Նահանգներում քարոզարշավների նվիրատվությունները թափանցիկ են, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ ծախու քաղաքական գործիչներին ճոխ ընդունելության են արժանացնում և ճանապարհում փողի տրցակներով, խավիարի տուփերով և ոսկու ձուլակտորներով…
Այնուհետև Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը պարծենում է իր գործադրած ջանքերով ընդդեմ AJR 32-ի՝ պնդելով, թե ինքը և իր ղեկավարած հյուպատոսությունը մի շարք «լուրջ քայլեր» են ձեռնարկել՝ ներառյալ «բողոքի նամակների հղումը բոլոր սենատորներին, ինչպես եւ բազմաթիվ հանդիպումները նրանց հետ…»: Ի հեճուկս վերջինիս ծավալած խելահեղ գործունեության՝ ոչ մի սենատոր դեմ չի քվեարկել Արցախի օրինագծին… Այն դեպքում, երբ օրինագծի դեմ պայքարում ներգրավված էին հզոր լոբբիստական ընկերություններ, որոնց Ադրբեջանը վարձել էր Վաշինգտոնում և Լոս Անջելեսում հսկայական գումարներ ծախսելով: Ծախված ընկերություններից մեկը՝ JCI Worldwide-ը, Սեթ Յակոբսոնի գլխավորությամբ, նամակ էր հղել Կալիֆոռնիայի 40 սենատորներին՝ րաբբի Դով Նյումանի, Բեվերլիվուդի խաբադի, րաբբի Մենդի Քոհենի, Սակրամենտոյի խաբադի, րաբբի Յոնահ Բուկշտեյնի և Փիկո Շուլի ստորագրությամբ:
«Ադրբեջանը կարևոր դաշնակից է Իսրայելի և հրեա ժողովրդի համար: Հրեաները ազատ և պաշտպանված ապրում են Ադրբեջանում հազարավոր տարիներ… Որպես Կալիֆոռնիայի հրեական համայնքի րաբբիներ և առաջնորդներ, մենք զորակցում ենք մեր եղբայրներին ու քույրերին Ադրբեջանում և պահանջում ենք ԴԵՄ քվեարկել AJR 32-ին»,- այսպես էին արտահայտվել տխրահռչակ րաբբիները: Նրանք ակնհայտորեն անհարմար վիճակի մեջ հայտնվեցին նման անհեթեթ նամակ ուղարկելով, քանի որ չկարողացան նույնիսկ մի սենատորի համոզել դեմ քվեարկելու Արցախի բանաձևին:
Հետաքրքիր է, նախագահ Ալիևին հայտնի՞ է արդյոք, որ Ադրբեջանի հյուպատոսությունը Լոս Անջելեսում և դեսպանատունը Վաշինգտոնում միլիոնավոր դոլարներ է վատնում անարդյունավետ լոբբիստական ընկերությունների վրա: Արդյոք Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, տեղյա՞կ են, որ իրենց ղեկավարները քամուն են տալիս երկրի հարստությունը արտասահմանում քաղաքական գործունեություն ծավալելու պատրվակով՝ ընդամենը մի «թղթի կտորին» հակազդելու համար: Իսկապես, եթե Կալիֆոռնիայի Սենատի բանաձևը մի անիմաստ «թղթի կտոր» է, ինչպես պնդում է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյան, ապա ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան ջանք ու դրամ ծախսում՝ փորձելով խափանել դրա ընդունումը:
Թարգմանությունը՝
ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ