ՕՄԱՐԻ ԱՐԾԻՎՆԵՐԸ
Վերելքը շարունակվում էր արդեն երրորդ ժամը։ Ուսապարկերի ու սպառազինության ծանրությունից ամեն քայլին ավելի ու ավելի խորն էինք թաղվում ձյան մեջ։ Մեր շուրջը խիտ մառախուղ էր, ճանապարհը գտնում էինք շոշափելով կիրճերի կտրված քարաժայռերը։ Մենք չէինք կարող կանգնել, քանզի կանգնելը հավասարազոր էր սառչելուն, ու ոչ ոք կողքինին օգնել չէր կարող, քանզի ինքը հազիվ էր ոտքի վրա մնում։ Մինչև գագաթը մնացել էր ութ կիլոմետր։
Արդեն լուսանում էր։ Արթնացա ծնկի սուր ցավից, թիկնոցը, որով ծածկվել էինք, լրիվ թաց էր, մեր տակով ջուրը գետի պես հոսում էր։ Դուրս հանեցի գլուխս, երկօրյա հորդառատ անձրևը կարծեմ ուզում էր դադարել։ Այդ պահին մյուս երեքն էլ արթնացան, ու բոլորս դուրս եկանք ժամանակավոր պատսպարանից, որը վաղուց արդեն օգուտ չէր տալիս։ Կանգնած դողացնում էինք ու նայում դիմացի սարերին, այդ պահին հենց դիմացի լանջին հայտնվեցին սկզբում մեկ, հետո երեք հոգի, ու կրակոցներ լսվեցին։ Երևում էր, որ լուրջ հետապնդում է, կատաղի հրաձգությամբ։ Ես ու Գրիշոն վերցրինք զենքերն ու վազեցինք ցած՝ դեպի ձորակի միջով հոսող գետը՝ հետապնդվողի ճանապարհը ներքևից փակելու։ Ընթացքից նկատեցի, որ ձորի երկայնքով ոլորանների վրա տեղակայված մյուս դիրքերից էլ են վազում նույն ուղղությամբ՝ ինչ մենք։
Երբ հասանք գետին, հրաձգությունը հանկարծակի դադարեց, մեր կողմից այլևս չէր երևում, թե ինչ է կատարվում այնտեղ՝ վերևում։
Անցանք գետը, մոտեցանք ճանապարհին, հենց այդ ժամանակ էլ վերևի ոլորանի հետևից երևացին մեր տղերքը՝ ադրբեջանցի հետախույզին առաջները գցած։ Մեզ տեսնելով՝ նրանք կանգնեցին, բոլորս միասին, զենքերը վեր պարզած, ի նշան հրճվանքի, ջղային «Աաա՜ա» գոռացինք, գոռացինք մենք, նրանք ու բոլոր հեռու ու մոտիկ դիրքերը ճանապարհի երկայնքով, ու բոլոր թրջվածներն ու սառածները տաքացան։
Երբ հետախույզին տասը րոպե անց հանձնում էինք հրամանատարությանը, նրանք ասացին, որ այս մեկը երեքից վերջինն է՝ գլխավորը, և որ ամեն ինչ ավարտված է, ութօրյա տագնապային վիճակը կթուլանա…
Երբ վերադառնում էինք մեր դիրքը՝ իրերը հավաքելու, գիտակցում էինք, որ այն, ինչի համար ամբողջ ութ օր թրջվել ու սոված էինք մնացել, մեծ նշանակություն ունի միայն մեզ՝ «ներսի» մարդու համար, որ Հայաստանում երբեք էլ չեն իմանա, եթե իմանան էլ, ուղղակի՝ որպես ի գիտություն… փաստերի տեսքով։ Բայց մեզ համար դա միևնույն էր… Մենք ժպտում էինք իրար ու չէինք հայհոյում։ Մենք «Օմարի արծիվներն» ենք…
Գ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում