Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՎԱԽԸ. ԱՀԱ ԲԱՔՎՈՒՄ ՕՐՈՒԵԼՅԱՆ «ՄԵԾ ԵՂԲՈՐ» ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՋԱԽՋԱԽՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ



Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Հարևան երկրում Բաքվի իշխանությունների կողմից հայրենիքին դավաճանության մեղադրանքով հետապնդվող իրավապաշտպանների նկատմամբ հայ գործընկերների որևէ վերաբերմունքի արտահայտումը հույժ բարդ խնդիր է: Նկատի ունենք այն ընդդիմախոսներին, որոնց հետ հարկ է եղել Ղարաբաղյան կարգավորման սկզբունքային հարցերով վիճել գործնականում բոլոր միջազգային գիտափորձագիտական համաժողովներում, որոնք կազմակերպվում էին միջազգային հանրության հովանու ներքո: Մյուս կողմից՝ դա այն գործընկերներն են, որոնք, ընդհանուր առմամբ, ունենալով որոշակի մասնագիտական որակավորում և պահպանելով անկախ գիտական հետազոտությունների միջազգային ստանդարտները, չէին կարող չհասկանալ, որ Ղարաբաղյան պրոբլեմի խաղաղ և արդար լուծման հիմքում պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ազատ ինքնորոշվելու իրավունքի գործնական իրացման քաղաքական և իրավաբանական փաստը, մի իրացման, որը ուղիղ ժողովրդավարության օրենսդրական գործիքների անթերի կիրառմամբ կատարվել է 1991 թ. վերջերին գործող՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու վերաբերյալ ԽՍՀՄ օրենքին համապատասխան:

Դրա հետ մեկտեղ, հարևան երկրի իրավապաշտպանները, ելնելով ճշմարտացիության գիտական որոնման բուն էությունից, իրենց անկախ հետազոտություններում չէին կարող չհանգել այն օբյեկտիվ եզրակացությանը, որ Ադրբեջանի և ԽՍՀՄ համապատասխան կառույցների հետ օրինական հանրաքվեի արդյունքների համաձայնեցումը կորցրեց իր օրենսդրական հրամայականությունը, քանի որ նախքան Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը Ադրբեջանը դուրս էր եկել ԽՍՀՄ ենթակայությունից, ԽՍՀՄ-ն էլ հանրաքվեից մի քանի օր հետո լուծարվել էր:

Այդ մասնագետները, հավատարիմ լինելով գիտական անաչառության պահանջներին, գիտեն, որ Ղարաբաղի հայության կողմից ինքնորոշման իրավունքի իրացման օրինականությունը խարսխվում է նաև ստուգելի փաստաթղթերում արձանագրված այն փաստի վրա, որ հանրաքվեի նախապատրաստման և անցկացման գործընթացում իրավահավասար կերպով ներգրավված էր նաև ադրբեջանական փոքրամասնությունը: Անկողմնակալ ուսումնասիրությունների շնորհիվ բաքվեցի իրավապաշտպանները չէին կարող չհայտնաբերել ճշմարտությունը, այն է՝ օրինապատշաճ հանրաքվեին Ղարաբաղի ադրբեջանցիների չմասնակցելու պատճառը Բաքվի իշխանությունների որոշումն էր՝ բոյկոտելու ղարաբաղյան հանրաքվեն:

Այսպիսով՝ միջազգային գիտափորձաքննական հանրության միջավայրում հետազոտություններ կատարող իրավապաշտպանների հետապնդման հիմքում այն իրողությունն է, որ իշխանությունները քաջ գիտակցում են Ղարաբաղում տեղի ունեցած հանրաքվեի օրինապատշաճության և ԼՂՀ՝ որպես փաստացի լեգիտիմ ժողովրդավարական պետության հաստատութենական կերտման հետագա գործընթացի գիտական ճշմարտացիության օբյեկտիվ ապացուցելիությունը:

Դրանով իսկ հարևան պետության իրավապաշտպաններին հայրենիքի դավաճանության վերագրումը պայմանավորված է ճշմարտությանը կամ դրա կանխամտածված աղավաղմանը գիտական հավատարմությունների միջև նրանց սկզբունքային ընտրությամբ: Հարկ է նշել, որ այդ պատճառով Բաքվի իշխանությունների կողմից հետապնդվող գործընկերներին սատարելը բավական բարդ գործ է: Հետապնդվող ադրբեջանցի գործընկերներին աջակցության նպատակով ճշմարտության որոնումներում հարկ է լինում, քաղաքական հալածանքների իրողության հաշվառմամբ, չմոռանալ «վնաս չպատճառես» սկզբունքը:

Դրա հետ մեկտեղ, «ժողովրդական դիվանագիտության» այն ակտիվիստներին ցուցաբերվող միջազգային աջակցությունը, որոնք ենթարկվել էին Բաքվի իշխանությունների բռնաճնշումներին, իր ծիրն է ներառել աշխարհի առաջատար քաղաքական գործիչների և իրավապաշտպան կազմակերպությունների: Հատուկ ուշադրության է արժանացել Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ձերբակալությունը՝ հօգուտ օտար պետությունների լրտեսման մեղադրանքով: Բաքվի իշխանությունները այդ տիկնոջը հայտարարել են ՀՀ հատուկ ծառայությունների, ՌԴ ԶՈՒ-ի ԳՇ ԳՀՎ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի և ԿՀԳ գործակալ:

Մեծ թվով քաղաքական գործիչներ, իրավապաշտպան կազմակերպություններ տարակուսանք են հայտնում, որ Բաքվի իշխանությունները, որոնք բռնաճնշումներ են գործադրում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման պրոբլեմի գիտափորձագիտական քննարկմանը մասնակցող իր քաղաքացիական հասարակության դեմ, նախագահում են Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում, մի կազմակերպության, որը կոչված է նպաստելու Եվրոպայի երկրների միջև համագործակցությանը եվրոպական ընկերակցության կենսագործունեության իրավական ստանդարտների զարգացման, մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջմղման ոլորտներում:

Միջազգային վերլուծական հանրության անդամ գործընկերները, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Եվրասիայի և Ռուսաստանի հետազոտական կենտրոններն ու համալսարանները, մեկնաբանելով հարևան պետության ղեկավարի ելույթը և Ադրբեջանում իրավապաշտպանների հետապնդումների փաստերի վերաբերյալ հարցերին նրա պատասխանները 2014 թ. հունիսին կայացած ԵԽԽՎ-ում, նմանություններ են տեսնում Ադրբեջանի իշխանությունների և «1984» գլուխգործոցային պարսավագրում Ջորջ Օրուելի նկարագրած «Օվկիանիա» մտացածին պետությունում «Մեծ Եղբոր» դիկտատուրայի միջև:

Ինչպես հայտնի է, Օրուելը խոսում է ոչ միայն քաղաքացիական հասարակության անդամների քաղաքական ձեռնարկումների, այլև նրանց այսպես կոչված «մտահանցանքների» նկատմամբ համատարած վերահսկողության համակարգի մասին, «մտահանցանքների», որոնք «Օվկիանիայում» համարվում են ահավոր մեղք, և որոնց դեպքում դատապարտում են մահվան: Նման դիկտատուրայի պայմաններում այդ հասկացության (անգլ. «thoughtcrime») մեջ է ներառվում անգամ ոչ թե գործողությունը, այլ դրա մասին միտքը: Այս պարագայում վարքի կանոնները հետևյալն են. «Մտածելով իրավախախտման մասին՝ մարդն ինքն է ստորագրում իր մահապատժի վճիռը, որը վաղ թե ուշ, բայց միշտ անխուսափելիորեն վրա է հասնում «Սիրո նախարարության» պատերում: Մտահանցանքները բացահայտող բռնաճնշիչ մարմինը «Մտքի ոստիկանությունն» է: Իսկ մտահանցանքների ու մտահանցագործների հանրային պարսավանքը և «Մեծ Եղբոր» դիկտատուրայի պայմաններում դրանց դաժան պատժման արդարացումը ապահովում է «Ճշմարտության նախարարությունը»:

Միջազգային գիտափորձաքննական հանրությունը ներկայացնող գործընկերները, վրդովմունք հայտնելով «ժողովրդական դիվանագիտության» մեջ ներգրավված բաքվեցի իրավապաշտպանների նկատմամբ գործադրված բռնաճնշումների կապակցությամբ, նրանց քարոզչական զրպարտանքում տեսնում են Բաքվի «Ճշմարտության նախարարության» ձեռքը, որը, Օրուելի հայտնագործած հայտանիշներով, «ոչնչացնում, փոխարինում կամ նենգափոխում է փաստերը, եթե դրանցում պարունակվող թվերը, կարծիքները կամ կանխատեսումները չեն համապատասխանում «Մեծ Եղբոր» պահանջներին»: «Ճշմարտության նախարարությունում» անգամ պատմությունն են հին մագաղաթի պես քերելով մաքրում և նորից գրում՝ այնքան անգամ, որքան անհրաժեշտ է: Այնուհետև մաքրազարդումների մասին մոռանում են, և սուտը դառնում է ճշմարտություն»: Զուգահեռներ անցկացնելով՝ կարող ենք պնդել, որ հարգարժան միջազգային կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված գիտաժողովների ու սեմինարների մասնակիցներին ենթարկելով աչառու ստուգումների՝ գտնում են նրանց վրիպումները, ուռճացնելով հասցնում են հանցագործության աստիճանի, այնուհետև Բաքվի «Մտքի ոստիկանության», «Ճշմարտության նախարարության» և «Սիրո նախարարության» կողմից դասվում են հանցագործությունների, այդ թվում՝ հայրենիքին դավաճանության շարքը:

Ինչպես նկարագրում է «1984» և «Անասնաֆերմա» փայլուն հակաուտոպիաների բրիտանացի հեղինակը, իշխանության նման համակարգերում «Մեծ Եղբոր» դիկտատուրայի սկզբունքները արտահայտվում են հետևյալ ձևակերպումներով. «Բռնաճնշումների նպատակը բռնաճնշումներն են: Խոշտանգման նպատակը՝ խոշտանգումը: Իշխանության նպատակը՝ իշխանությունը»:

Բաքվի դիկտատուրայի՝ ներկայի և անցյալի քաղաքական և իրավաբանական փաստերի նենգափոխման քաղաքականության նպատակների ճշգրիտ բացատրությունը կարող է տալ «Մեծ Եղբոր» ռազմավարական գերակայությունների օրուելյան ձևակերպումը. «Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»:

Մի քանի խոսք Լեյլա Յունուսից ստացած իմ տպավորությունների մասին՝ ձևավորված հայկական զորքերի կողմից Շուշիի գրավման (1992 թ. մայիսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը) փաստի քննարկման ժամանակ, որը տեղի ունեցավ Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունում 1992 թ. մայիսի 11-ին: Այդ քննարկմանը ես մասնակցում էի որպես ՌԴ ԶՈՒ-ի «Ռոսիա» թերթի՝ Անդրկովկասի գծով քաղաքական մեկնաբան:

Հայոց բանակի բարձրակարգ մասնագետների պլանավորած «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիայի հաղթական արդյունքները տառացիորեն հանգեցրին ներկա գտնվող ադրբեջանցիների հիստերիկ ելույթների: Այդ ադրբեջանցիները ներկայացել էին որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած Ժողովրդական ճակատի սանձազերծած պատերազմի հովանավորներ:

Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունում կազմակերպված ասուլիսին հրավիրված էին ռուսաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ները ներկայացնող լրագրողներ, որոնց իրազեկել էին Ադրբեջանի Պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևի հետ ծրագրված հանդիպման մասին: Դատելով ադրբեջանական լսարանի բուռն քննադատությունից՝ նրանք բացատրություններ էին սպասում հենց Պաշտպանության նախարար Ղազիևից, որը, սակայն, չեկավ, և պարտության համար պատասխաատվության բեռն իր վրա վերցրեց Լեյլա Յունուսովան (ներկայումս՝ Յունուս): Այն ժամանակ նա հանդես էր գալիս ոչ իրավապաշտպանի դիրքերից, այլ որպես «պարտության համար մեղավոր» նախարարի ներկայացուցիչ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ծառայության ղեկավարի պաշտոնին նշանակված լինելով Շուշիում հայերի հաղթանակից ընդամենը չորս օր առաջ՝ նա երկուսուկես ժամ ենթարկվում էր Ղարաբաղի դեմ պատերազմի՝ շոկային վիճակում գտնվող ադրբեջանցի ֆինանսական հովանավորների գրոհներին:

Ասուլիսում լսելով հայկական կողմի՝ իրավաքաղաքական և ռազմական առումով անթերի գործողություններից շփոթահար եղած Լեյլա Յունուսին և ադրբեջանցի մասնակիցներին՝ ես Շուշիի հաղթանակի կապակցությամբ հարգանքով էի տոգորվում դեպի հաղթական պատերազմների պատմության մեջ ԽՍՀՄ հինգ մարշալների և նավատորմի ծովակալի անունները գրած ղարաբաղյան հայության դարավոր մարտական ավանդույթները: Բավական է նշել, որ երկրորդ համաշխարհային պատերազմի որոշակի փուլերում ԽՍՀՄ ՌԾՈՒ-ի և ՌՕՈՒ-ի գլխավոր շտաբները ղեկավարել են ղարաբաղյան ծագում ունեցող հայազգի զորավարներ՝ ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը և ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց-Խուդյակովը:

Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարները և Հյուսիսային Արցախում իրագործված հակահայկական պատժիչ «Օղակ» օպերացիայի արդյունքներով, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանի ու Հայաստանի կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի ղեկավար Աշոտ Մանուչարյանի նախաձեռնությամբ ստեղծված Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վտարանդիական կառավարությունը հետևում էին Օգարևյան և Նովոօգարևյան զարգացումների մարտահրավերներին, ինչպես նաև Արտակարգ դրության պետական կոմիտեի գործունեությանը: ԱԴՊԿ տապալումից հետո ղարաբաղյան առաջնորդները ձեռնամուխ եղան միջազգային իրավունքի և այդ ժամանակ գործող խորհրդային օրենսդրության պահանջներին համապատասխան հաստատութենական շինարարությանը:

Այժմ, երբ անցել է 22 տարի, շփման գծում վերջերս Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրման ձախողված փորձից հետո կրկին համոզվում եմ, թե որքան հեռատես էր Ղարաբաղի հայությունը, որը, ի տարբերություն հարևանների կողմնորոշումից դեպի վայրենի ջարդեր ու զինված բռնություն, նախընտրեց Ղարաբաղյան պրոբլեմի իրավապատշաճ լուծում՝ օրենսդրությանը և քաղաքական իրողություններին համապատասխան:

Ղարաբաղյան պրոբլեմի հետազոտման նկատմամբ քաղաքական գիտության անկախ և օբյեկտիվ կիրարկումը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի լեգիտիմության և ժողովրդավարականության վերաբերյալ ճշմարտության անհերքելիությանը:

Անդրադառնալով Լեյլա Յունուսի օրինակով իրավապաշտպանների դեմ ծավալված զանգվածային ճնշումներին՝ ցանկանում եմ շեշտել, որ այստեղ Ադրբեջանի ամբողջատիրական իշխանությունների գլխավոր նպատակը ներքին և արտաքին քաղաքական գործընթացների, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման, որակյալ անկախ հետազոտողների ընկերակցության վերացումն է: Դրանով իսկ Բաքվի իշխանությունները քայքայում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման անկողմնակալ իրավաքաղաքական հիմքերի մշակման համար գիտափորձաքննական հենքը, խաղաղ լուծման, որի էությունը Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխադարձ ճանաչումն է:

Բաքվի «Մեծ Եղբայրը» իր «Ճշմարտության նախարարությամբ», «Սիրո նախարարությամբ» և «Մտքի ոստիկանությամբ» հանդերձ պետք է գիտենա, որ և՛ ընթացիկ իրադարձությունների, և՛ պատմության փաստերի համակարգային աղավաղման, ինչպես նաև իր իրավապաշտպանների դեմ բռնաճնշումների արդարացման քաղաքականությունը խստագույնս դատապարտվում են միջազգային գիտափորձաքննական հանրության կողմից: Ընդսմին շեշտվում է այն բանի անթույլատրելիությունը, որ Ադրբեջանի դեպքում «Մեծ Եղբոր» համատարած դիկտատուրայի դրոշն իր ձեռքում պահում է Եվրոպայի Խորհրդի ղեկավար մարմնի՝ Նախարարների կոմիտեի Նախագահը, մի կառույցի, որը կոչված է նպաստելու Եվրոպայի երկրների միջև համագործակցությանը մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջմղման ոլորտում:

Եզրակացությունը մեկն է. Բաքվում օրուելյան «Մեծ Եղբոր» կողմից իրավապաշտպանների ջախջախման պատճառը ճշմարտությունը բացահայտվելու վախն է:

ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Ռազմաքաղաքական


04/09/2014