ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ
Ադրբեջանա-արցախյան և ադրբեջանա-հայկական սահմանների երկայնքով թշնամու սանձազերծած աննախադեպ խափանարար գործողություններից հետո, երբ հայկական զինված ուժերի հուժկու հակահարվածների ճնշմամբ, ի վերջո, սահմաններում կրկին վերահաստատվեց հրադադարը, ևս մեկ անգամ ապացուցվեց հայկական բանակի գերազանցությունը հակառակորդի նկատմամբ:
Արդեն ետևում են մնացել ՀՀ նախագահին առընթեր Գլխավոր ռազմական տեսչության ստուգումներն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պարբերական այցելություններն ու շրջայցերը 1-ին բանակային զորամիավորում: Ստուգումները ցույց տվեցին, որ գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման մարտական պատրաստությունը, պատրաստականությունն ու զինվորական կարգապահությունը բարձր մակարդակի վրա են:
Մարտական պատրաստության պլանի համաձայն, նոր՝ ամառային ուսումնական փուլի մեկնարկն 1-ին բանակային զորամիավորումում նշանավորվեց նախապատրաստական միջոցառումներով, հանդիսավոր միտինգով, շարային ստուգատեսով և ուսումնական պարապմունքներով: Ենթակա բոլոր զորամասերում տեղի ունեցան շարային ստուգատեսներ, որոնց ընթացքում լսվեցին զինծառայողների առաջարկություն-դիմում-բողոքները, ստուգվեցին նրանց զենքն ու զինամթերքը, անձնական իրերը, հիգիենան, ինչպես նաև զինվորական կանոնադրությունից ու ծառայողական պարտականություններից նրանց գիտելիքները: Փաստաթղթերի, զորանոցային պայմանների, գույքի, տեխնիկայի ստուգումներով ի հայտ եկավ դրանց բոլոր չափանիշների համապատասխանությունը կանոնադրական պահանջներին:
Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Բաբայանն իր ելույթում իրենց հաջողության բանալին համարեց ընդհանուր նպատակին հասնելու համառությունը և քրտնաջան աշխատանքը:
-Հայ զինվորը պետք է հպարտությամբ իմանա, որ իր հարազատների խաղաղ կյանքը հենց իր ու իր ընկերների շնորհիվ է պահպանվում: Հայոց բանակի զինծառայողը ոչ միայն ուժերի հավասարակշռությունն է ապահովում, այլև հակառակորդի նկատմամբ ունի հոգեբանական, մարտական ոգու գերազանցություն: Նա իր առաքելությունը հաջողությամբ կատարում է այսօր, և եթե, Աստված մի արասցե, պատերազմ բռնկվի, նույնը, վստահաբար, կանի նաև վաղը:
Շարքային Աբելյանը, անդրադառնալով թշնամու ռազմատենչ հայտարարություններին, պատերազմի վերսկսման մասին շրջանառվող լուրերին, կարևորեց մեր զինվորի պատրաստվածությունը, ազգային համախմբվածությունը, որոնց շնորհիվ թշնամու սադրանքները հզոր հակահարված ստացան, և նա հետ շպրտվեց:
– Թող ոչ ոք չկասկածի, որ ունենք պայքարելու կամք, հաղթական ոգի, անկոտրում հավատ, գործելու վճռականություն,- իր խոսքը եզրափակեց զինվորը:
Միտինգին ամփոփիչ խոսքով հանդես եկավ զորամիավորման հրամանատար, գնդապետ Տ. Փարվանյանը.
-Բոլորս քաջատեղյակ ենք մոտ մեկ ամիս առաջ մեր զինվորների կատարած քաջագործություններին. ժամկետային զինծառայողները ջախջախիչ հարված հասցրին թշնամու նենգ ու դավադիր խափանարարներին: Հարվածն այնքան ահարկու էր ու հուժկու, թշնամու սարսափը այնքան ուժգին, որ նա ոչ միայն սսկվել է, այլև մինչ օրս չեզոք գոտում գտնվող իր դիակներն անտերության է մատնել: Մի՞թե ժամկետային մեր զինծառայողների արարքը հերոսություն չէ: Ցավոք, ունեցանք նաև զոհեր. բայց մենք մեր մեկ անմահացած զինվորին, ինչպես նշում է մեր նախարարը, ոչ թե կորցրել, այլ՝ գտել ենք:
Կցանկանամ, որ այս ուսումնական փուլն ավելի ուժեղ, ավելի կրակոտ, ավելի հզոր, ավելի բարձր մակարդակով անցկացնենք, որպեսզի տարեվերջին բոլոր քննությունները միայն գերազանցությամբ հանձնենք:
Զորամասի մարտական դրոշը դուրս բերելուց հետո ստորաբաժանումների զինծառայողները խրոխտ քայլքով անցան շարահրապարակով:
Այնուհետև տրվեց եռօրյա մարտավարաշարային պարապմունքների մեկնարկը:
Մասնակցեցինք գումարտակի շտաբի պետ, կապիտան Ֆռանգյանի ղեկավարությամբ անցկացվող ջոկի, դասակի, վաշտի կազմով թեմատիկ մարզումներին՝ «Գործողություններ տագնապով վերկացի ժամանակ»: Ազդանշանն ստանալուն պես անձնակազմը կատարեց «վերկա՛ց» հրամանը, շարվեց նախապես նշված տեղում, ստացավ զենք, զինամթերք, հանդերձանք, դուրս եկավ շարահրապարակ՝ հսկիչ-տեխնիկական զննում իրականացնելու նպատակով հավաքակայան մեկնելու համար:
«Տագնապ» ազդանշանի 2-րդ փուլին ավագ լեյտենանտ Խալաթյանի հրամանատարությամբ գործող դասակը կազմ-պատրաստ շարված էր զորամասի շարահրապարակում. մեխանիկ-վարորդները մեկնեցին ավտոհավաքակայան, իսկ դասակի մյուս զինվորները հետագա խնդրի կատարման նպատակով հրահանգավորվեցին հրամանատարության կողմից:
Գումարտակի շտաբի պետ, մայոր Գևորգյանի ղեկավարությամբ սպառազինված անձնակազմը զորանոցներից դուրս եկավ հավաքման շրջան, որտեղ գործեց ըստ անհրաժեշտ հրահանգավորումների: Կապիտան Մկրտչյանը գոհ է իր հրամանատարությամբ գործող վաշտի գործողություններից: Նա վստահ է, որ վաշտը կարող է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները:
Հրաձիգ, շարքային Մուշեղ Հակոբյանը նորակոչիկ է: Չնայած այս ուսումնական փուլն առաջինն է իր ծառայության ընթացքում, սակայն նա իրեն դրսևորեց որպես հմուտ և բանիմաց զինվոր: Նա շատ բան է սովորել ծառայակից ընկերներից և անհամբերությամբ սպասում է, որ ուսումնական պարապմունքների քննությունները լավ գնահատականներով հանձնելուց հետո օր առաջ մասնակցի մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությանը:
Գումարտակներից մեկում անցկացվեց տեխնիկայի զննում մինչև տեխնիկայի հավաքակայանից դուրս գալը: Շարքային Ջանիկ Խաչատրյանը հմտորեն կատարեց մարտական տեխնիկայի յուղի, ջրի և հոսանքի զննումը, ինչից գոհ մնաց ավագ տեխնիկ, ենթասպա Սարիբեկ Պողոսյանը:
Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մանուկ Մարգարյանի հրամանատարությամբ գործող մարտական հաշվարկը կատարեց նստեցում տեխնիկայի մեջ. անձնակազմն իր խնդիրը կատարեց գերազանց:
Առաջին բանակային զորամիավորումում նոր ուսումնական փուլի մեկնարկը ցույց տվեց, որ բարձր բարոյակամային հատկանիշներ ունեցող մեր զինծառայողները պատրաստ են տարեվերջին լավ գնահատականներով հանձնելու բոլոր քննությունները և, իբրև ձեռք բերված փորձի ու հմտության հանրագումար, անցկացվող զորավարժութուններին ապահովելու բարձր արդյունքներ:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Ազգային բանակ