Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԵՑ



Սեպտեմբերի 4-ից 5-ը Մեծ Բրիտանիայի Կարդիֆ քաղաքում ընթացավ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարների 65-րդ վեհաժողովը, որը, թեև, նախաձեռնել էին Աֆղանստանից զորքերի դուրսբերման, ինչպես նաև իրաքյան, սիրիական և լիբիական հարցերի քննարկման նպատակով, բայց ուկրաինական ճգնաժամի պայմաններում այլ բովանդակություն ստացավ: Այս հանդիպումն առանձնացավ նրանով, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում չհրավիրեցին ՌԴ ներկայացուցչին այն դեպքում, երբ քննարկվող հարցերի մեծ մասը կապված էր հենց Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին: Ուելսյան վեհաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Թեև Աֆղանստանից զորքերի դուրսբերման և Հյուսիսային Իրաքում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերը ՆԱՏՕ-ի վեհաժողովի օրակարգի գլխավոր թեմաներն էին, սակայն քննարկումների մեծ մասը վերաբերում էր Ուկրաինային և Ռուսաստանին: Վեհաժողովի եզրափակիչ փաստաթղթում քաղաքական գնահատական տրվեց ռուս-ուկրաինական հարաբերություններին, ինչպես նաև արձանագրվեց, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները թևակոխում են նոր փուլ: ՆԱՏՕ-ի պատմության մեջ դաշինքի նման բարձր ներկայացուցչական հանդիպման ընթացքում առաջին անգամ քննարկվեցին նաև տնտեսական հարցեր, մասնավորապես՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցը: Այստեղ բախվեցին մի կողմից Ֆրանսիայի և Գերմանիայի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի շահերը: Բեռլինը և Փարիզն անհանգստություն հայտնեցին, որ նոր պատժամիջոցների սահմանման հետևանքով մեծապես տուժում են իրենց տնտեսությունները:

«Ռուսական հարցին» զուգորդեցին նաև ռազմական ծախսերի շուրջ քննարկումները, որոնց ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի նորեկ անդամները փորձում էին հին անդամներից «ռուսական ագրեսիայից» պաշտպանվելու համար անվտանգության նոր համակարգեր և ֆինանսներ կորզել: Մասնավորապես՝ Լեհաստանը, Ռումինիան և Մերձբալթյան երկրները հանդես եկան իրենց տարածքներում ԱՄՆ ռազմական բազաների տեղակայման խնդրանքով, բայց հենց Վաշինգտոնի հաշվին:

Բեռլինում, Փարիզում և Հռոմում արդեն երկրորդ տարին հավանության չի արժանանում Լոնդոնի և Վաշինգտոնի նախաձեռնությունը, որ ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր դաշինքի բյուջեին պետք է տրամադրի իրենց ՀՆԱ մոտ 2 տոկոսը՝ իրենց զինված ուժերի ֆինանսավորման նվազեցման հաշվին: Գերմանիայի պաշտպանության նախարարն արդեն սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ ԳԴՀ-ն չի պատրաստվում իր անմիջական անվտանգության ապահովման (ՀՆԱ 1,2 տոկոս) նվազեցման հաշվին մեծացնել դաշինքի միջոցները:

Կենտրոնական Եվրոպայի երկրների մյուս նախաձեռնությունն իրենց տարածքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների ստեղծումն էր: Թեև ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետը արձանագրում է, թե այս դաշինքի գլխավոր գաղափարը հիմնվում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» կարգախոսի վրա, սակայն այս վեհաժողովի ընթացքում արձանագրվեց, որ 28 անդամներից ոչ մեկը դաշինքի ընդլայնում չի ցանկանում, առավել ևս, եթե անդամակցումը կարող է Ռուսաստանի հետ նոր խնդիրներ առաջացնել: Այս տեսանկյունից հատուկ արձագանքման ստորաբաժանումների ստեղծման հարցը դաշինքի անդամների համար լուրջ գլխացավանք է սկսում դառնալ: Եթե Լեհաստանը, Ռումինիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան ձգտում են այդ ուժերի միջոցով ապահովել իրենց անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ապա Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան դիտարկում են այդ ստորաբաժանումները որպես ֆինանսական ավելորդ բեռ:

Վերջիվերջո, եզրափակիչ փաստաթղթով որոշվեց մեկ տարվա ընթացքում ստեղծել արագ արձագանքման ստորաբաժանումները: Դրանք տեղակայվելու են Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, բայց հիմնական տեղակայման վայրը կլինի Լեհաստանը: Հատուկ արձագանքման ստորաբաժանումների զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի 25 հազարի՝ բոլոր 28 երկրներից, ռոտացիոն կարգով:

Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Նորվեգիան և Նիդեռլանդներն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում պայմանագիր են ստորագրել էքսպեդիցիոն կորպուս ստեղծելու մասին։ Նոր ռազմական ձևավորումը կստեղծվի առաջիկա տարիների ընթացքում՝ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ, և կներառի դաշինքի նշված յոթ պետությունների ցամաքային ռազմուժը, ծովուժը և օդուժը։

Վեհաժողովին ներկայացվեց նաև Հյուսիսատլանտյան դաշինքի նոր գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Նորվեգիայի նախկին վարչապետը: Հատկանշական է, որ 2000-ական թվականների սկզբին արևմտյան լրատվամիջոցները մեղադրում էին նրան ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ

Վեհաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվեց, թե Ռուսաստանը Ուկրաինայում կիրառել է պատերազմի վարման «հիբրիդային» եղանակները, որոնք դաշինքում պարտավոր են ուսումնասիրել: Լատվիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմավարական ենթակառուցվածքների ուսումնասիրության կենտրոնին հանձնարարվեց սկսել այդ մեթոդների ուսումնասիրությունը:

«Հիբրիդային պատերազմ» ասելով հասկացվում է զինվորական, կիսազինվորական և քաղաքացիական կառույցների համահունչ ներգրավմամբ ռազմական և դիվերսիոն գործողությունների մի համակարգ: Ըստ հյուսիսատլանտյան հետազոտողների՝ «հիբրիդային պատերազմի» ժամանակ դասական զինված ուժերի, դիվերսիոն խմբերի, ապօրինի զինված ստորաբաժանումների հետ միասին տեղեկատվական-քարոզչական միջոցների ազդեցությամբ երկրում կազմակերպվում են քաղաքացիական բողոքներ, իսկ տեղական տեղեկատվական համակարգը կաթվածահար է լինում հաքերային հարձակումներից: Հյուսիսատլանտյան դաշինքում խոստովանում են, որ «հիբրիդային պատերազմի» վարման եղանակները ռազմաքաղաքական տարբեր իրավիճակներում կիրառվել են Իրաքում, Աֆղանստանում, Սերբիայում, Լիբիայում և Ուկրաինայում: Միաժամանակ Բրյուսելում խոստովանում են, որ Ռուսաստանի կողմից Ղրիմում կիրառված «հիբրիդային պատերազմի» մեթոդներն այնքան կատարյալ և շշմեցուցիչ էին, որ դաշինքը չկարողացավ որևէ հակազդեցություն գտնել:

Ռուսական հետագա «ագրեսիային» դիմակայելու նպատակով ՆԱՏՕ-ն որոշեց աջակցել Կիևին վերազինելու զինված ուժերը: Այդ նպատակով Ուկրաինային կտրամադրվի 15 միլիոն եվրո: Բացի այդ, Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում կստանա ամբողջությամբ այլ՝ «ոսկե գործընկերոջ» կարգավիճակ:

ՆԱՏՕ-ում հստակ հասկանում են, որ կիսամիջոցներով բավարարվելը այլևս արդյունք տալ չի կարող. շարունակելով զանց առնել դեռ 1991թ. իր ստանձնած պարտավորությունը՝ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակելու է ընդլայնվել դեպի Արևելք:

Ի դեպ, այս վեհաժողովում «ոսկե գործընկեր» կարգավիճակ ստացավ նաև Վրաստանը: Համաձայնեցվել է միջոցառումների մի փաթեթ, որն ուղղված է Վրաստանի պաշտպանական ներուժի ամրապնդմանը և ՆԱՏՕ-ին վերջինիս անդամակցության արագացմանը:

Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների ներկա սրացումից անկախ, գագաթաժողովը փաստեց, որ հավատարիմ է մնում Համագործակցության և անվտանգության 1997 թվականի երկկողմ համաձայնագրին, և ՌԴ-ՆԱՏՕ խորհուրդը կպահպանվի: Նման կերպ Բրյուսելն արձանագրեց, որ դաշինքում անկասկած ընդունում են Մոսկվայի դերակատարությունը ոչ միայն միջուկային զենքի չտարածման ծրագրի, այլ նաև՝ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Արևելյան Ասիայում առկա խնդիրների հանգուցալուծման հարցում:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ

ՆԱՏՕ-ի վեհաժողովին ներկա էին նաև Դաշինքի գործընկեր երկրների ղեկավարները: Վեհաժողովի շրջանակներում սեպտեմբերի 4-ին Նյուպորտում կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:

Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:

Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:

Ջոն Քերին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: Փաստացի՝ Ուելսյան հանդիպման շրջանակներում կողմերը վերահաստատել են Սոչիում օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները: Միաժամանակ, ՆԱՏՕ-ի շրջանակներում նման հանդիպման կազմակերպումը մի կողմից քաղաքական հաղորդագրություն էր Ռուսաստանին, որ Արևմուտքը ևս շահախնդիր է Ղարաբաղյան հարցի խաղաղ հանգուցալուծմամբ, մյուս կողմից՝ հիշեցում, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, և նման հարցերը մեկ դերակատարով չեն կարող լուծվել:

Ջոն Քերին փաստացի սրբագրեց խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտությունն այլևս սառեցված չէ: Այս հանդիպումը փաստորեն ի չիք դարձրեց Թուրքիայի հույսերը, որ վեհաժողովին Ոուսաստանի բացակայության պայմաններում նրա դաշնակից Հայաստանի նկատմամբ ավելի խիստ մոտեցում կլինի: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը ներկա չէր անցած՝ 2010 թվականին տեղի ունեցած վեհաժողովին, քանի որ եզրափակիչ փաստաթղթում առկա էին ձևակերպումներ, որոնք նվազեցնում էին ազգերի ինքնորոշման իրավունքը և գերադասում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս համաժողովում ՀՀ նախագահը իր մասնակցությունը բերեց Ադրբեջանի կազմակերպած դիվերսիոն գործողությունների հաղթական տապալումից հետո, և բնական է, որ նոր իրականության պայմաններում որևէ այլ փաստաթուղթ կամ հայտարարություն լինել չէր կարող: Ավելին՝ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի վեհաժողովի մակարդակով սաստեց Բաքվին, նշելով, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, և որ այդ հարցում Կրեմլի և Սպիտակ տան դիրքորոշումները համընկնում են:

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

Վեհաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամ երկրները պատրաստ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական պայքարում միանալ Վաշինգտոնին: Միացյալ Նահանգներին աջակցելու պատրաստակամության մասին արդեն հայտարարել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Դանիան, Լեհաստանը, Թուրքիան, Կանադան և դաշինքի գործընկեր Ավստրալիան: Նոր ձևավորվող ռազմական միության նպատակն է կանխարգելել «Իսլամական պետության» ծավալումը Սիրիայի և Իրաքի սահմաններ: Այս հարցում դաշինքի երկրները փաստացի խոստովանեցին, որ ծայրահեղական նման կազմավորման ձևավորումը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալմանն ուղղված անհեռատես քաղաքականության արդյունքն է, որի պատճառով մեծ քանակությամբ զենք ու զինամթերք կուտակվեց ռազմականացված ծայրահեղական խմբավորումների մոտ: Հյուսիսատլանտյան դաշինքի միջոցով Վաշինգտոնը վերահաստատեց, որ սատարում է միասնական Իրաքի գոյությունը, թեև չի բացառում քրդերի ինքնավարությունը երկրի հյուսիսային մասում: Վաշինգտոնը պատրաստ է վերազինել իրաքյան կանոնավոր բանակը, որի ուսերին կդրվի իսլամիստների դեմ վերգետնյա պատերազմի ողջ ծանրությունը: Սպիտակ տունը ոչ պաշտոնապես խոստովանում է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում կարող է համագործակցել նույնիսկ Սիրիայի գործող վարչակարգի և Իրանի հետ: Այդ հարցում համագործակցություն չի բացառվում նաև Մոսկվայի հետ:

ՆԱՏՕ-ն քննարկել է նաև Աֆղանստանում իր ուժերի տեղակայման վերջնաժամկետների հարցը: 2014 թվականին լրանում է պաշտոնական Քաբուլի և դաշինքի միջև վերջինիս ստորաբաժանումների տեղակայման վերաբերյալ պայմանավորվածության ժամկետը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը հույս է հայտնել, որ Աֆղանստանի ղեկավարությունը կգնա պայմանագրի ժամկետի երկարաձգմանը: Նշենք, որ այս տարի Աֆղանստանում նախագահական ընտրություններ են կայանալու:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


11/09/2014