ԻՍԿ Ո՞ՒՐ Է ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 16-ին Ադրբեջան այցելեց ամերիկյան մի կազմակերպության ղեկավար, որն անվանում են «ստվերային ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչություն)»: Խոսքը «Stratfor» մասնավոր գիտական կորպորացիայի` հետախուզական-վերլուծական կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն, քաղաքագետ Ջորջ Ֆրիդմանի մասին է:
Այցն ուշագրավ է կազմակերպության ազդեցիկության ու հեղինակավոր լինելու առումով: ԱՄՆ Օստին քաղաքում (Տեխասի նահանգ) գտնվող կենտրոնը ԶԼՄ-ներից և այլ աղբյուրներից ստացված տեղեկության հիման վրա կատարում է աշխարհաքաղաքական և տնտեսական կանխատեսումներ («Stratfor» անվանումն անգլերեն «ռազմավարական կանխատեսում» արտահայտության հապավումն է): 1996թ. ստեղծված կենտրոնի անձնակազմը բաղկացած է մոտ 70 մասնագետներից և վերլուծաբաններից, որոնցից շատերն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ են: Կենտրոնին կանխատեսումներ են պատվիրում ինչպես մասնավոր ընկերություններ, այնպես էլ կառավարական հաստատություններ: Պատվիրատուները, չհրապարակելով իրենց անունը, կարող են հարցում ուղարկել ընկերությանն ու մեկ օրվա ընթացքում պատասխան ստանալ (իհարկե, վճարի դիմաց): «Stratfor»-ը տարածում է նաև անվճար վերլուծություններ, որոնք ավելի շուտ քարոզչական նշանակություն ունեն և հետապնդում են հասարակական կարծիք ձևավորելու նպատակ: Կենտրոնի փորձագետների կարծիքը հաշվի են առնում նրանք, ովքեր ձևավորում են ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը: Հենց սրանով էլ պայմանավորված է «Stratfor»-ի և նրա տնօրենի ազդեցիկությունը: Եւ բնական հարց է ծագում` ի՞նչ նպատակով է նա այցելել Ադրբեջան և արժանացել ջերմ ընդունելության:
Պատասխանը կարելի է գտնել` հիշելով, թե ինչ եղավ անցյալ տարվա հունիսին Ադրբեջան կատարած նրա առաջին այցելությունից հետո: Հիշեցնենք, որ այդ այցի նախաձեռնողն Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնն էր: Իր իսկ` Ջորջ Ֆրիդմանի խոստովանությամբ, այցից առաջ ինքը «չնչին տեղեկություն ուներ ԼՂ հակամարտության մասին», և այցի նպատակներից մեկը «Ադրբեջանի վերաբերյալ շատ տեղեկություն հավաքելն էր»:
Համաձայնեք, որ աշխարհի հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարին այնքան էլ չի սազում «չնչին տեղեկություն» ունենալ մի հակամարտության մասին, որում բախվում են գերտերությունների շահերը: Էլ ավելի սազական չէ գիտելիքի բացը լրացնելիս հրաժարվել գիտական օբյեկտիվության սկզբունքից և գիտակցաբար բավարարվել տեղեկատվության մեկ` ակնհայտորեն կողմնակալ աղբյուրով: Իսկ որ Ջորջ Ֆրիդմանն այդպես վարվեց, այդ մասին վկայում է Ադրբեջան կատարած այցից ընդամենը երկու շաբաթ անց նրա գրած «Կովկասյան կաթսա» հոդվածը, որում նա բառացիորեն կրկնում է ադրբեջանական քարոզչության թեզերը.
«ԽՍՀՄ փլուզումից առաջ Հայաստանը պատերազմ սարքեց Ադրբեջանի դեմ եւ էթնիկական զտումների ենթարկեց հարյուր հազարավոր ադրբեջանցիների, որոնք ապրում էին Ադրբեջանի արևմուտքում գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Այդ պատերազմի հետևանքով Ադրբեջանում հայտնվեցին ահռելի քանակով փախստականներ: Թեպետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեց ներխուժումը, հակամարտությունը, դիվանագետների լեզվով ասած, սառեցվեց»:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության այսպիսի նենգափոխումը բնական է Իլհամ Ալիևի բերանում, բայց դժվար էր պատկերացնել, որ գիտականության հավակնող կանխատեսումներով փող վաստակող հեղինակավոր կենտրոնի քաղաքագետ ղեկավարը կարող է բացահայտ ուրանալ ճշմարտությունը: Հենց ուրանալ, որովհետև Ֆրիդմանի պարագայում կարելի է խոսել միայն ճշմարտությունը ԳԻՏԱԿՑԱԲԱՐ անտեսելու եւ ոչ թե սխալվելու կամ մոլորության մասին:
Նրա հոդվածի մյուս դրույթները գալիս են ապացուցելու, որ Ջորջ Ֆրիդմանի գլխավոր խնդիրներից մեկը ադրբեջանական քարոզչության մերկապարանոց թեզերն աշխարհին և հատկապես ԱՄՆ կառավարությանը հասու դարձնելն է: «Քարտեզին նայելիս նկատում ենք, որ Ադրբեջանը սահմանակցում է Ռուսաստանին և Իրանին: Այս ռազմավարական դիրքն ինքնին նրան վերածում է Միացյալ Նահանգների համար կարևոր ակտիվի: Սրան հավելեք նավթն ու ամերիկյան ընկերությունների ներդրումները, և Ադրբեջանը դառնում է ավելի գրավիչ: Ավելացրեք նաև այն փաստը, որ նրա նավթի արտահանումն աջակցում է Թուրքիային և թուլացնում ռուսական ազդեցությունը, և այդ երկրի արժեքն ավելի է աճում: Միացյալ Նահանգները հնարավորություն ունեն շահավետ հարաբերություններ հաստատելու Ադրբեջանի հետ, ինչը ԱՄՆ-ի ձեռքը կհանձնի Թուրքիայի նավթի աղբյուրներից մեկը: Այն պայմաններում, որ թուրքերը գիտակցում են իրենց նվազող կախվածությունը ԱՄՆ-ից, ցանկացած բան, ինչն այդ կախվածությունը կարող է մեծացնել, հօգուտ Վաշինգտոնի է: Ավելին, Ադրբեջանը հարթակ է, որի օգնությամբ Վաշինգտոնը կարող է տհաճություն պատճառել իրանցիներին կամ էլ հարթակն օգտագործել Թեհրանի հետ բանակցելու համար»,- գրել է նա Ադրբեջան այցից ընդամենը երկու շաբաթ անց:
Ֆրիդմանն անթաքույց ջանքեր է գործադրում` ԱՄՆ-ի ղեկավարությանն ապացուցելու, որ Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը պետք է ոչ թե չեզոք լինի, այլ` պաշտպանի Ադրբեջանի շահերը. «Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ին չի հետաքրքրում, թե ով է իշխում Լեռնային Ղարաբաղում, և որ ՄԱԿ-ի չորս բանաձև կա` հօգուտ Ադրբեջանի, դժվար է հասկանալ, թե Վաշինգտոնն ինչու մինչև օրս չեզոքություն է պահպանում այս հարցում»:
Հիշեցնենք. սա գրվել է 2010 թվականի հուլիսին` մինչ այդ Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի, նախագահի աշխատակազմի, արտգործնախարարության, նավթի պետական հիմնադրամի, փախստականների և հարկադիր տեղահանվածների գործերով պետական կոմիտեի աշխատակիցների և խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպելուց հետո: Այդ հանդիպումների արդյունքում Ջ.Ֆրիդմանը «եկավ» այն եզրակացության, որ «ԱՄՆ-ը չի հասկանում Ղարաբաղյան հակամարտության էությունը» (ինչպես ինքը չէր հասկանում` նախքան ադրբեջանցիներից «պարզաբանումներ» ստանալը), և որ հասկանալու համար կպահանջվի առնվազն երկու տարի. «Կարծում եմ, որ Կովկասում կուտակված հարցերը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոն կվերադառնան 2013-2014 թվականներից ոչ շուտ»,- ասել էր նա իր առաջին այցելության ժամանակ:
Իսկ ահա այս այցելության ընթացքում Ջորջ Ֆրիդմանի ուշադրության կենտրոնում է Նախիջևանը, դեպի ուր պետք է մեկներ` ծանոթանալու այնտեղ իրագործվող «սոցիալ-տնտեսական նախագծերին»: Ադրբեջանի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, վարձել է «Stratfor»-ի ղեկավարին, որպեսզի վերջինս մասնագիտական տեսանկյունից գնահատի Նախիջևանը «փոքրիկ Հայաստանի» վերածելու հեռանկարը: Հիշեցնենք, որ ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն վերջերս իշխանության անունից սպառնաց Նախիջևանը վերածել մի տարածաշրջանի, որն ավելի էժան կարտադրի և կարտահանի այն ամենը, ինչ արտադրում և արտահանում է Հայաստանը: Իհարկե, նման ֆանտաստիկ նախագիծ իրականացնել կարող է միայն այն մարդը, որը համարձակվում է կայծակնային արագությամբ փոփոխվող մեր աշխարհում լույս ընծայել «Հաջորդ 100 տարին» գիրքը և կանխատեսել, որ «Երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի 2050 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 17:00-ին»: Նույն ինքը` Ջորջ Ֆրիդմանը, որն անցյալ տարվա նոյեմբերին հրապարակավ խորհուրդ տվեց Թուրքիային «Հայաստանը թողնել մեկուսացած»: Եւ պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ է հոգում, որ «պատմական հուշարձաններով հարուստ Նախիջևան» այցելությունը «հետաքրքիր անցնի» այն հյուրի համար, որն ունի Ադրբեջանում «ամենափնտրված (դեֆիցիտ) ապրանքը»:
Դե, իսկ մենք արձանագրենք, որ Ադրբեջանը նավթադոլարների հաշվին ոչ միայն զենք է ներմուծում, այլև գաղափար: Զենքի դեմ` զենք, գաղափարի դեմ` գաղափար. կարծում եմ, կարող ենք միայն հպարտանալ, որ պատիվ ունենք մեր միտքը «խաչաձևելու» անձամբ Ջ.Ֆրիդմանի գաղափարների հետ:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական