ԿՐԿՈՆ
Թուրք պաշտոնյան սուլթանական պալատից մտախոհ դուրս եկավ ու անմիջապես բռնեց Սասնո գավառի Խութ-Բռնաշենի ճամփան… Գնում էր աճապարանքով, մտախոհ։ Որքան մոտենում էր Ընկուզիկ գյուղին, մտքերն ավելի էին խճճվում՝ «Մի քանի ամիս հետո այդտեղ էլ պիտի մորթվեն…»։ Չզգաց, թե ինչպես հասավ Անդրանիկ փաշայի բժիշկ, սնխչի Կրկոյի տանը։ Կրկոյի մասին անգամ Սուլթանի պալատում գիտեին. սնխչին, գյուղեգյուղ ընկած, բուժում էր հային, թուրքին, քրդին… Թուրք մեծավորները հաճախ էին իրենց ծանր հիվանդներով Ընկուզիկ գալիս։ Կրկոյի հայր Մխիթարն էլ էր սնխչի, Մխիթարի հայր Պետրոսն էլ, Պետրոսի հայր Չղրոն էլ… Աստծու տված էր…
-Բարի օր, Կրկո՛,- շփոթմունքը թաքցնել չկարողանալով՝ փորձեց ժպտալ թուրք պաշտոնյան։
-Բա՛րև, էֆենդի՛, եթե գալդ բարի է,- սառը պատասխանեց Կրկոն՝ թեև մտքում արդեն ասել էր՝ Ո՛չ բարով, ո՛չ խերով…
Թուրք պաշտոնյան միանգամից կարդաց Կրկոյի միտքը և շտապեց բացատրել, որ խնդրանքով է եկել։
-Կրկո՛, իմ սիրելի խանումը անդամալույծ է դարձել, ոչ ոք չի կարողանում նրան մի դարման անել։ Պալատի բժիշկներն ասին, որ մենակ դու կարող ես։ Ամիսներ առաջ ընկել է, ազդրի խնձորակը տեղից դուրս է ընկել ու վնասվել։ Ինչքան ոսկի-արծաթ ուզես, կտամ։ Պիտի բուժես, բայց մի պայմանով՝ ո՛չ ձեռքդ պիտի դիպչի կնոջս, ոչ էլ աչքդ պիտի տեսնի նրա մերկ մարմինը,- թերահավատ, բայց համառեց թուրքը։
-Կբուժե՛մ, էֆենդի՛, բայց ես էլ իմ պայմանն եմ դնում,- թուրք պաշտոնյային նույն տոնով պատասխանեց Կրկոն ու ասաց՝ «Դու պիտի կարգադրես, որ Խութ-Բռնաշեն գավառի հայերից հարկ ու տուրք չհավաքեն»։
Պաշտոնյան մի պահ շփոթվեց, բայց հասկացավ, որ առանց Կրկոյի պայմանը կատարելու իր հուրի-փերի, նազելի խանումը անդամալույծ կմնա և չի փրկվի։
-Համաձա՛յն եմ, Կրկո՛, իմ խոսքի տերն եմ,- ասաց թուրք մեծավորն ու հույսի ժպիտով շրջվեց ջահել կնոջ կողմը։
-Դե, ուրեմն՝ քո սեփական ձին մո՛տ բեր, քո ձեռքով կնոջդ նստեցրու քո ձիու մեջքին և ձիու փորի տակով կնոջդ երկու ոտքերը պարանով իրար ամուր կապիր,-թուրք մեծավորի շփոթմունքը փարատելով՝ կարգադրեց Կրկոն։
2
Թեև չհասկանալով Կրկոյի ասածի իմաստը, բայցևայնպես, պաշտոնյան ճշտորեն կատարեց հրահանգը։
-Դե, հիմա՝ ինչքան գարի ունեք ձեր ձիերի համար, բերեք ու լցրեք այս ձիու առաջ,- հանգիստ ասաց Կրկոն։
Բոլորը հարցական իրար նայեցին, իսկ թուրք պալատականին մի պահ թվաց, թե Կրկոն ձեռ է առնում իրեն կամ էլ մի չար խաղ է մոգոնում։
«Եթե գյավուրը հանկարծ նման բան անի, իր ողջ գերդաստանին հենց հիմա իր աչքի առջև մորթելու եմ, իրեն էլ այս ձիու պոչից կապած՝ քարշ եմ տալու Խութ-Բռնաշենի բոլոր գյուղերով,- մտքում վճռեց պաշտոնյան ու ավելի մոտեցավ Կրկոյին։
Երբ ձին ագահաբար խժռել էր ողջ գարին, Կրկոն կարգադրեց, որ հիմա էլ ձիու առաջ քարաղի մեծ կտորներ լցնեն։ Ձին սկսեց ագահաբար լիզել աղի կտորները։ Երբ արդեն աղի մեծ պաշար էր ընդունել, ծարավը սկսեց խեղդել սևուկ նժույգին. նա անհանգիստ շարժումներ էր անում։
-Էֆենդի՛, դե հիմա քո ձին մոտեցրու առվակին,- հանգիստ կարգադրեց Կրկոն։
Ծարաված կենդանին սկսեց ագահաբար ջուր խմել։ Վայրկյան վայրկյանի վրա ձիու փորը մեծանում էր, ուռչում, որից դանդաղ ձգվում էր պարանը՝ իր հետ ձգելով նաև կնոջ ոտքերը։ Վայրկյաններ անց մի խուլ չռթոց լսվեց, և թուրք կնոջ ազդրի խնձորակը իր տեղն ընկավ։
-Էֆենդի՛, հիմա էլ ասա խանումիդ՝ թող իջնի ձիուց ու քեզ մոտենա,- վստահ ասաց Կրկոն։
Կինը իր շարժումներին չէր հավատում, ամուսինը՝ իր աչքերին։ Ամիսներով անդամալույծ կինը հանգիստ քայլերով հասավ զարմանքից աչքերը չռած ամուսնուն, հավաքվածները հանգիստ շունչ քաշեցին։
-Իմ պայմանը, էֆենդի՛,- պաշտոնյայի հայացքը որսաց Կրկոն։
-Իմ խոսքի տե՛րն եմ, Կրկո՛։ Կկարգադրեմ քուրդ Սըլիմո աղին Խութ-Բռնաշենի գյուղերի հայերից հարկ ու տուրք չհավաքել,- ասաց պաշտոնյան ու հրամայեց բռնել Ստամբուլի ճամփան։
Զարմանահրաշ բուժման լուրը Սուլթանների պալատում բերնեբերան անցավ։
3
…Մի քանի ամիս թուրք և քուրդ հարկահավաքները Խութ-Բռնաշենի գյուղերից տուրք չէին հավաքում, մինչև… Պայթեց 1915թ.-ի ապրիլը…
…Ընկուզիկ մտած ասկյարների մի խումբ մտավ Կրկոյի տուն։ Կրկոն հարևան գյուղում քուրդ հիվանդի էր բուժում։ Կրկոյի կնոջը՝ Խաթունին մի պահ թվաց, թե ասկյարները հիվանդ են բերել, և կամեցավ նրանց հացի հրավիրել՝ մինչև ամուսինը կգար։ Ասկյարների արնախում հայացքներից սարսափած տղաները՝ Անդրանիկն ու Ազատը, դողալով կուչ եկան մոր գրկում։ Ասկյարներից մեկը բռնեց Անդրանիկին, մյուսը՝ Ազատին… Երկուսին էլ մորթեցին մոր աչքի առաջ… Խելագար Խաթունը մազերն էր պոկում և գլուխը պատերին զարկում… Հետո մի պահ ուզեց մոտենալ մորթված զավակներին, բայց արդեն… նրանց չէր տեսնում։ Ցավից ու հարվածներից մի ակնթարթում կուրացել էր։ Ձեռքերը օդի մեջ այս ու այն կողմ տարածելով՝ զավակներին էր փնտրում։ Ասկյարներից մեկը արնոտ յաթաղանը բարձրացրեց կուրացած մոր գլխին, բայց մյուսը նրա ձեռքը բռնեց՝ «Մի՛ մորթիր, մի՞թե նրա ապրելն ավելի ծանր պատիժ չէ, քան մեռնելը։ Մահը փրկություն է։ Այդպես գյավուրները մեզ ավելի երկար կհիշեն»։ Հետո անցան թալանի։ Ասկյարները միայն այդ պահին նկատեցին կողքի սենյակում անկողնում ցավից գալարվող զառամյալ Գուլեին՝ Կրկոյի մորը։
-Սրան չարժե սպանել, կրակի բաժին թող դառնա,- գռմռաց ասկյարն ու ճրագի նավթը ցանեց Գուլեի շորերին…
Կրկոյի շեն օջախում ինչ կար-չկար բարձեցին ձիերը, սանձը տվին քուրդ լամուկին, թուրքավարի հիշեցին հայի խեղճ ու անճար Աստծուն ու հեռացան։ Հերաձակ ու ձեռքերը երկնքին պարզած կույր Խաթունի անեծքը հասավ ընդամենը… Ընկուզիկի մյուս ողբացողներին, իսկ Աստծուն՝ երբե՛ք…
Երբ Կրկոն տուն հասավ՝ իրենց գերդաստանի քսանհինգ հոգուց մնացել էին հինգը։ Տան մոխրակույտի մեջ գտավ մոր և գլխատված զավակների ածխացած մարմինները։ Էրգրում զուլում էր…
…Կուրացած Խաթունին գրկած՝ Կրկոն միացավ հրաշքով փրկվածներին։ Թուրքից, քրդից, բախտից ու ճակատագրից հալածված, սոված ու կիսամերկ՝ բարձրացան Խութի սարերը, մտան քարանձավներն ու պապանձվեցին… Ընկուզիկցի նորահարսը սարսափից այնպես էր սեղմել նորածնի բերանը, որ քիչ հեռվում գտնվող ասկյարների հեռանալուց հետո միայն հասկացավ, որ իր երեխան այլևս չի շնչում։ Հետո նույն շորով մոր բերանը փակեցին, որ ցավից չոռնա… Կրկոն չզգաց, թե ցավից գլուխն ինչպես զարկեց քարանձավի ցից քարին, արյան մի քանի կաթիլ ընկավ Խաթունի կուրացած աչքին։ «Տե՛ր Աստված, դու էլ ինձ նման կույր ես ու անզոր…»,- տնքած Խաթունն ու գրկեց Կրկոյի արյունոտ գլուխը…
4
Գիշերները սոված գորշ գայլերը Խութի սարերից իջնում էին Ընկուզիկ, մարդկային դիակներ էին հոշոտում, նեխած արյունը լափում և ավելի սարսափազդու, արյունաձայն ոռնու՜մ, անգթորեն ոռնու՜մ… Մահաշունչ ու չարագույժ ոռնոցը լսում էին քարանձավներում պատսպարված ընկուզիկցիները։ Կրկոն լսում էր դիակներից կատաղած գայլերի ոռնոցը, որին խավարի մեջ խառնվում էր իր լուռ ու անբառ ողբը։ Ժամանակը քարացել էր քարանձավներում։ Ամիսներ անցան…
Մի առավոտ, չար աչքից թաքուն, իրենց քարանձավ հասավ ծանոթ քրդերից մեկը։
-Կրկո՛, ինձ քեզ մոտ է ուղարկել քուրդ Սըլիմո աղան, որին դու շատ ես լավություն արել և աղուհաց կիսել հետը։ Ջարդերի ժամանակ Օսմանյան իշխանությունը քուրդ աղաների տարածքները շուտ-շուտ է փոխում, որ հայերի հետ շատ չմտերմանան։ Սըլիմոն ուզում է քեզ ու քո հարազատներին փրկել։ Մենք ձեզ կհասցնենք Անդրանիկ փաշայի զորքին։
Մութը անեծքի նման իջել էր Խութի սարերին։ Ձորերի միջով խութեցի գաղթականների խումբը շարժվում էր Արարատ սարի ուղղությամբ։ 1916 թվականն էր։ Անդրանիկ զորավարը Մուշի և Սասունի հազարավոր գաղթականներով գնում էր դեպի Մայր Արաքսը… Մի քանի օր անց խութեցիների խումբը հասավ Անդրանիկի զորքին։
-Փաշա՜,- հազիվ շշնջաց Կրկոն ու փաթաթվեց Զորավարին։ Երկար մնացին փաթաթված Զորավարն ու իր զինվոր բժիշկը, ոչինչ չէին ասում, լռությունը խոսուն էր ավելի։ Կրկոն Զորավարին այդքան տխուր մեկ էլ տեսել էր Գևորգ Չաուշի սպանության օրը։ Քանի՜-քանի՜ անգամ էր Չաուշը իր վիրավոր ֆիդայիներին բերել Կրկոյի մոտ…
-Կրկո՛, գիտես, որ երկու եղբայրներդ՝ Հակոբն ու Բաղդասարը, իմ քաջ զինվորներն են, երկուսն էլ վիրավոր են, բայց գաղթականներին են ուղեկցում, միացի՛ր նրանց,- Կրկոյին սթափեցնելով շշնջաց Անդրանիկը և հիշեց՝ թե՛ իրեն և թե՛ քանի-քանի ֆիդայիների է բուժել Կրկոն։
5
…Գաղթականների խումբը մոտեցավ Արարատ սարին։ Մայրամուտի ծիրանագույն կրակների մեջ հրդեհվել էր Սար-Նահապետը։ Կրկոն անմիջապես նկատեց, որ սարը լալիս է։ Լանջերից իջվարող առվակները արցունքի պես էին գլորվում, գնում խառնվում Արաքսի պղտոր ալիքներին։
-Արաքսն էլ Արածանիի նման պղտոր է ու դարդոտ,- կուրացած կնոջը բացատրեց Կրկոն և Խաթունին գրկած՝ անցավ Մարգարայի կամուրջը։
Դիմացը Արագած սարն է, որին Կրկոն ժպտաց հարազատի պես։ Սարն էլ Կրկոյին ժպտաց։ Բայց մի հզոր ուժ հետևից ձգում էր, կրակի պես այրում… Կրկոն կրակե շապիկ էր հագել…
…Արագածի փեշերին տարիներ, տասնամյակներ գլորվեցին։ Կրկոն ու կուրացած Խաթունը նորից զավակներ ունեցան։ Աղջկան մոր անունով կոչեցին՝ Գուլե՝ Գյուլիզար, որդուն՝ Մանուկ։ Խութեցի Կրկոյի մոտ Հայաստանի քաղաքներից ու գյուղերից շատ էին գալիս։ Իսկ Սասունի և Մուշի գաղթականները ամեն Աստծու օր Կրկոյի տանն էին։ Բուժում էր բոլորին։
Կրկոն իր տոհմի աստվածատուր շնորքը փոխանցեց որդուն՝ Թալինի շրջանի Կաքավաձորի հանրահայտ Մանուկին, Մանուկի որդի Ալբերտին, Մանուկի Անդրանիկ որդու զավակին՝ իր անունը կրող Գրիգոր Գրիգորյանին… Այսպես Կրկոն ապրեց հարյուր տարի՝ իր տան դուռն ու լուսամուտը բաց Էրգրի կողմը։ Ամեն արևագալին ու արևմտոցին, մտքում իր կարոտի սանձերը քանդած, Կրկոն գլուխը տարուբերում էր ու վերջում ինքնիրեն կիսաձայն շշնջում ՝ հըյլե՜, հըյլե՜…
ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Հոգևոր-մշակութային