ՀԱՂԹԱԿԱՆ ԾԱՓԵՐԻՑ ՀԵՏՈ…
Ձեզ ենք ներկայացնում մշակութաբան, գրող, հրապարակախոս ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԻ հետ մեր աշխատակից, փոխգնդապետ ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻ զրույցը: Անդրադառնալով օգոստոսյան առաջին օրերի հակառակորդի ձեռնարկած անմիտ ու արկածախնդիր սահմանային ներթափանցումներին, որոնք աննախադեպ էին զինադադարի կնքումից ի վեր, և մեր բանակի արժանի հակահարվածներին, զրուցակիցները փորձում են գնահատել հայկական զանգվածային լրատվության միջոցների այդ օրերի աշխատանքը, նրանց որդեգրած լրատվական քաղաքականությունը, ինչպես նաև բանակ-մամուլ հետագա անելիքները:
-Պարոն Անգալադյան, թեև Դուք մշակութաբան եք, բայց դա Ձեզ չի խանգարում լինել նաև հայ մամուլի մեծ բարեկամը` համագործակցում եք մի շարք լրատվամիջոցների հետ և Ձեր կարծիքն եք բարձրաձայնում հասարակությանը հուզող զանազան հարցերի վերաբերյալ… Մեկ-երկու շաբաթ է անցել, և դեռ չեն մարել հակառակորդի նախաձեռնած խափանարար գործողությունների և մեր բանակից ստացած, ըստ ամենայնի, ծանր ու լիարժեք պատասխանի արձագանքները… Ինչպե՞ս իմացաք սահմանային այդ միջադեպերի մասին…
-Պարզ է, ինչպես բոլորը, ես էլ զանգվածային լրատվության միջոցով` ռադիո-հեռուստատեսություն, մամուլ…
-Եվ ի՞նչ եք կարծում` ինչպիսի՞ն էր մեր լրատվության արձագանքը…
-Միանգամից ասեմ` սահմանին կատարվող դեպքերին և մեր զինված ուժերի ցուցաբերած գրագետ, վստահ, պրոֆեսիոնալ կեցվածքին, մեր զինվորների քաջարի ու անվեհեր պահվածքին համապատասխան… Թեև հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ այդ օրերի մեր մամուլի պահվածքում գերիշխում էին զգացական վերաբերմունքն ու դատողությունները, բայց այդպես էլ պետք է լիներ` տագնապ էր, ոգևորություն, հպարտություն, սահմանին ծավալվող դեպքերը անտարբեր չէին կարող թողնել մեր հասարկության և ոչ մի շերտի ու անհատի… Զանգվածային լրատվության միջոցները կատարեցին իրենց դերը` ցույց տվեցին մեր բանակի ուժը, երկրին սպառնացող վտանգի պահին` մեր ժողովրդի համախմբվածությունը, ներկայացրին մեր հերոսներին` զինվորին, հրամանատարին, կամավոր խրամատ մեկնող մտավորականին ու շարքային քաղաքացուն… Զանգվածային լրատվության շնորհիվ մենք ապրեցինք ոչ միայն մեր բանակով ու նրա ուժով ու հաղթանակով գոտեպնդվելու, ցնծալու երջանկությունը, այլև ազգը համախմբված տեսնելու հրաշքը, որի մասին մոռացել էինք թերևս 1994թ. մայիսին կնքված հրադադարից հետո…
Հայ-ադրբեջանական շփման գծի օգոստոսյան առաջին աննախադեպ լարված օրերը ցույց տվեցին ամենագլխավորը` քսան տարվա զինադադարի տարիները չեն բթացրել մեր ժողովրդի՝ վտանգն զգալու ներքին կարողությունը, ցույց տվեցին սպառնալիքի իրական լինելը և, որ պակաս կարևոր չէ, հրատապությունը` արդիական լինելու իմաստով:
-Փաստորեն, եթե ընդհանրացնելու լինեմ Ձեր ասածները, առաջին անգամ վերջին երկու տասնամյակում հասարակությունը լրատվության ճիշտ աշխատանքի շնորհիվ ու միջոցով գուրգուրանքով ընդունեց սեփական բանակը, անկեղծությամբ ուրախացավ նրա հզորությամբ ու հաջողություններով…
-Այո՛, միանգամայն իրավացի եք: Այն մարդիկ, որոնք դեռ երեկ «կույր» էին ձևանում կամ, մասնավոր խոցելի ու արատավոր դեպքերը ընդհանրացնելով, չէին ուզում տեսնել մեր զինված ուժերի հաղթ ու բարձր հասակը, սրտանց ուրախացան, անկեղծորեն հիացան, որ իրենց սահմանները, իրենց երկիրը ամուր, պաշտպանված է, իրենց բանակը ուժեղ է, իրենց հրամանատարները բանիմաց են, քաջ են… Բոլորը տեսան, անգամ՝ հոռետեսները, որ կա՛ բանակ, կա՛ հրաման և կա՛ հրամանը կատարելու ուժ, կամք, գիտելիք ու պատրաստվածություն… Ահա հենց սա՛ մարդկանց ոգևորեց, թևավորեց, հավատ ներշնչեց երկրի ներկայի ու վաղվա նկատմամբ… Այս փաստերը, իմ համոզմամբ, շատ ավելի էական էին, քան, ասենք, այն, թե թշնամու կորուստները քանի անգամ էին գերազանցում մեր կորուստները… Բոլորս տեսանք ու հասկացանք՝ եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ասում է` «Իրավիճակը վերահսկվում է Հայկական բանակի կողմից», ուրեմն` սահմանը փակ է թշնամու առջև:
-Ես հիշում եմ, այսպես ասած, սկզբունքային լրատվամիջոցների և նույնքան սկզբունքային լրագրողների շատ հրապարակումներ, որոնցում անխնա քննադատվում էր զինված ուժերի բարեփոխմանն ուղղված ցանկացած ձեռնարկ՝ այն որակելով որպես անհեռանկար քայլ ու ժամանակի իզուր վատնում… Չորի հետ անխնայաբար նաև թացն է վառվում…
-Կյանքը, սակայն, ամեն ինչ իր տեղը դրեց. այդ «հակամարտությունից», փաստորեն, բանակն իրավացի դուրս եկավ: Խնդիրը քննադատությունը չէ, այլ ռեալությունը, իրականության զգացողությունը: Քննադատությունը չպետք է հողից կտրված լինի: Հիմա էլ մեր մամուլն ընկնում է մյուս ծայրահեղության մեջ` բուռն ոգևորությամբ անընդհատ տարփողելով բանակի հաջողությունները…
-Իսկապես որ. Դուք դիպաք մեր մամուլի ամենաթույլ տեղին…
-Գիտեք, այդ մասին խոսելու համար պետք է մի քիչ հետ գնանք, հասնենք անկախությանը նախորդող տարիների Հայաստանի լրատվությանը… Հայտնի է, որ ժուռնալիստիկան Խորհրդային Հայաստանում շատ թույլ էր զարգացած, չկար լրագրողական դպրոց, դասական իմաստով եմ ասում, չկային մեծ, փայլուն լրագրողներ, խոշոր դեմքեր այս ասպարեզում… Նորանկախ երկիրը, լրագրության առումով, շատ աղքատ ժառանգություն ստացավ: Ուստի անկախության տարիներին մենք չունեցանք այն լրագրողին, որը կկարողանար պետական կյանքում լրատվական դաշտ ստեղծել, դաշտ, որից կշահեր առաջին հերթին հենց պետությունը… Չէ՞ որ մամուլը պետության մեջ գործիք է, ինչպես բանակը, մշակույթը, տնտեսությունը… Նրա դերը ճշմարտությունը հասարակության տարբեր շերտերին հասցնելն է: Ես այսօր, ցավոք, հասարակության բոլոր շերտերին սպասարկող այդ լրատվությունը չեմ տեսնում… Բացեք թերթերը, հեռուստաընկերությունների էկրանները` բոլորն անխտիր նույն բանն են ասում ու կրկնում… Մեր մամուլը պետք է հասարակության տարբեր շերտերի սպասարկուն լիներ, որովհետև հասարակության տարբեր շերտերը տարբեր խնդիրներ, սպասելիք, դեր ու պատասխանատվություն ունեն երկրի կյանքում…
-Ձեր կարծիքով՝ հիմա, երբ հետևում են մնացել սահմանային թեժ լարվածության օրերը, ուրախության ու հպարտության ապրումները, ո՞րը պետք է լինի մեր մամուլի խնդիրը…
-Զանգվածային լրատվամիջոցները հիմա արդեն պետք է լծվեն իրենց առօրյա` բանակի ու պետության ամրության, բանակաշինության խնդիրների, սահմանների անվտանգության` մամուլի տեսանկյունից, աշխատանքներին… Անդրադառնալով անցած սահմանային աննախադեպ լարված օրերին՝ մամուլն արդեն պետք է սթափորեն քննի, վեր հանի մեր բանակի գործողություններում եղած բացթողումը, թերին, պակասը, եթե այդպիսիք եղել են` հանուն վաղվա ավելի հզոր բանակի, հանուն վաղվա ավելի քիչ կորուստների, հանուն թշնամու ամեն սադրիչ քայլը վիժեցնող կազմ ու պատրաստ բանակի, հանուն երկրի ապագա անվտանգության, հանուն մեր բանակի առաջընթացի, զարգացման… Եթե մեր և հակառակորդի շփման գծում սողանցքներ կան, եթե թույլ պաշտպանված կետեր կան, բանակաշինության պատասխանատու գործում բացթողումներ կան, եթե բանակ-հասարակություն հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ կան, ապա մամուլն իր լիազորությունների սահմաններում պետք է խորամուխ լինի, բացահայտի, բարձրաձայնի այդ մասին… Մամուլն արդեն պետք է ավելի գործնական ու ավելի անաչառ լինի իր հարազատ բանակը քննադատելիս, ավելի սրտացավ լինի. ահա սա կվկայի ինչպես մեր բանակի, այնպես էլ մեր լրատվության հասունացման մասին: Սա՛ է հարաբերական խաղաղության ժամանակների մամուլի խնդիրը… Մեր մամուլը չպետք է ամեն առիթով, անընդհատ ու անվերջ հասարակությանը հիշեցնի այդ հերոսական օրերին բանակի ցուցաբերած հաջողությունների մասին, մեր բանակի ուժի մասին, ինչի ականատեսն ենք հիմա, որովհետև անգամ հերոսությունն ու քաջությունը անընդհատ փառաբանվելուց, գովերգվելուց, շատ կրկնվելուց մաշվում, ուժը կորցնում են… Մեր բանակի հաղթանակը պատահականություն չէր, այլ բնական երևույթ էր, օրինաչափ, ուստի մենք պետք է սա գիտակցենք ու անընդհատ չզարմանանք մեր քաջության վրա, անընդհատ չհիանանք մեր զինվորի արիությամբ… Մամուլի խնդիրն արդեն ժամանակից առաջ ընկնելը և հասարակությանն ու պետությանն սպասող նոր մարտահրավերին նախապատրաստելը պետք է լինի… Եվ մի բանի մասին էլ կուզեի խոսել… Երբ լարված սահմանային միջադեպերն արդեն հետևում են մնացել, մեր զանգվածային լրատվամիջոցները չպետք է կրկնեն ադրբեջանցիների գործելաոճը, որը պարտվողի գործելաոճ է, եւ հրաժարվեն հակառակորդին, նրա զինվորին, ղեկավարներին նսեմացնելու, պիտակավորելու «հաճույքն» իրենց պատճառելուց… Այս պահվածքը վայել չէ մեզ, վայել չէ հաղթական երկրին… Մենք պատերազմից ու հաղթանակից հետո պետք է հաղթողի կեցվածք ունենանք` բարձր, արժանապատիվ, մեծահոգի ու ներողամիտ… Թող թշնամին իմանա և տեսնի, որ մենք ռազմի դաշտում վճռական ու անզիջում ենք, իսկ առօրյա, մարդկային հարաբերություններում` վեհանձն… Հենց վեհանձնությունը պետք է լինի մեզ բնորոշ գիծը: Երբ Հուլիոս Կեսարին եկան ու ասացին` «Ուրախացի՛ր, Մարկ Անտոնիոսը սպանված է», նա զայրացավ, ապա և տխրեց. «Ո՞վ է ձեզ իրավունք տվել ի՛մ հակառակորդին սպանելու»: Արժանի հակառակորդին գետնելն է մեծացնում հաղթանակի նշանակությունը: Իսկ մեր զինվորը արժանի հաղթանակ է տարել:
-Շնորհակալություն:
Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում