Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՌԱԿՏՈՒՄ



♦ Ադրբեջանում իրար են անցել. ազատագրված տարածքները բնակեցվում են:
♦ Ի՞նչ էին անում հայր եւ որդի Ալիեւները պատերազմի տարիներին:
♦ Զինվորը մահացել է «գլխի հրազենային վնասվածքից»:

«ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ» ՓՈԽՎՈՒՄ Է ՀՕԳՈՒՏ ՀԱՅԵՐԻ

Ստեփանակերտի օդանավակայանի բացման հեռանկարն Ադրբեջանին հանգիստ չի տալիս: Այնտեղ շարունակում են ակտիվորեն քննարկել դրա հետեւանքներն Ադրբեջանի համար: Ռազմական փորձագետ Իլդիրիմ Մամեդովի կարծիքով, «նոր ավիահամալիրը կարող է օգտագործվել ռազմաճակատային ավիացիային ցամաքից աջակցելու համար»: Մամեդովը նշում է, որ Ստեփանակերտի քաղաքացիական օդանավակայանը «երկակի նշանակության» օբյեկտ է, որտեղ կարող են տեղակայվել նաեւ ռազմական ինքնաթիռներ: Ըստ փորձագետի` հենց դա պետք է լինի Ադրբեջանի անհանգստության իրական պատճառը («novosti.az», 04.04.2011):
Իսկ ըստ քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուի` օդանավակայանի բացումն այնքան վտանգավոր է Ադրբեջանի համար, որ կարող է նույնիսկ պատերազմ սկսելու առիթ դառնալ: Փաստորեն, Ադրբեջանն իսկապես լրջորեն անհանգստացել է: Բայց ինչո՞ւ, արդյո՞ք միայն օդանավակայանի «երկակի նշանակության» պատճառով:
Իհարկե ոչ. Ադրբեջանն ամենաշատը վախենում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կնպաստի ԼՂՀ տնտեսական զարգացմանն ու ազատագրված տարածքների բնակեցմանը: «Փաստորեն, Ղարաբաղի` հայերով «ապօրինի» բնակեցումը ստատուս-քվոյի փոփոխություն է,- ասել է քաղաքագետ Մ.Ահմեդօղլուն:- ԼՂ վարչակարգն ընդունել է, որ «ադրբեջանական տարածքներում» ավելի շատ հայերի է բնակեցրել, քան արձանագրված է ԵԱՀԿ դաշտային առաքելության զեկույցում (այնտեղ նշված է 14.5 հազար մարդ – Ա.Յ.), բայց միջազգային կազմակերպություններում հայերին դրա համար ոչ ոք չի քննադատում» («novosti.az», 05.04.2011):
Ահա թե ինչու է Ադրբեջանն իրար անցել եւ ամբողջ աշխարհին փորձում է համոզել, որ հակամարտությունը «սառեցված» չէ, եւ պետք է շուտափույթ լուծում գտնել. ազատագրված տարածքների աստիճանական յուրացումը ԼՂՀ կողմից սպանում է այդ տարածքները երբեւէ իր կազմում տեսնելու` Ադրբեջանի հույսը: Սա է ակնարկում նաեւ ամերիկացի վերլուծաբան, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Շիրին Հանթերը` ասելով, որ «հակամարտության կարգավորումը դժվարացնող գործոններից է նաեւ բնակչության կազմի փոփոխությունը» եւ որպես օրինակ բերելով արաբա-իսրայելական հակամարտությունը («apa.az», 04.04.2011):
Այս պայմաններում հայերի վճռականությունը Ադրբեջանին պարզապես թեւաթափ է անում: Այնտեղ հանկարծակիի են եկել ու շփոթվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից, որ Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորն ինքն է լինելու: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն այդ կերպ արձագանքել էր հայկական օդանավերը ոչնչացնելու` Ադրբեջանի սպառնալիքներին:
Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով, այդ շփոթմունքն ունի պարզ բացատրություն. Բաքվում պարզապես չեն պատկերացնում, որ երկրի նախագահը կարող է խիզախ քայլի դիմել:
«Այնտեղ մոռանում են, որ Սերժ Սարգսյանը ռազմիկ է եւ հայրենասեր, ով գլխավորել է Արցախի Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, մարդ, որը սովոր է առաջին դերում լինել այնտեղ, որտեղ իր ընկերներին ու հայրենակիցներին կարող է վտանգ սպառնալ,- ասում է քաղաքագետը:- Ադրբեջանական չափանիշներով պետության ղեկավար կարող է լինել միայն ժառանգական նախագահը (սուլթանը): Եւ արդեն կարեւոր չէ, որ Ադրբեջանի ներկայիս նախագահը, ինչպես եւ նրա հայրը, դասալիք է. Հեյդար Ալիեւը փաստաթղթեր կեղծելու միջոցով խուսափել է Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց, իսկ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի տարիներն անցկացրել է մոսկովյան եւ թուրքական խաղատներում: Ադրբեջանի ղեկավարության մեջ չկա ոչ մի պաշտոնյա, որը ձեռքում զենք բռնած լինի: Բայց նրանք հրաշալի կարողանում են սեփական անպետքությունը քողարկել բարձրաձայն արված ռազմատենչ արտահայտություններով, որոնց համար պետք է պատասխան տա ադրբեջանցի շարքային գյուղացին» («voskanapat.info», 02.04.2011):

ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՐ ԼՌԵԼ

Ահա եւ անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Թուրքիա կատարած այցի ընթացքում կրկնեց «ադրբեջանական հողերն ազատագրելու» մասին «ռազմականչը»: Հարկ է նշել, որ Աբիեւի ձայնը վերջերս չէր լսվում: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական բանակում մեկը մյուսին հաջորդած զանգվածային սպանություններն ու արտակարգ պատահարները թույլ չէին տալիս, որ նա ուշքի գա: Թուրքիայում վերջապես հիշել է իր «երգացանկը»: Եւ իզուր. ադրբեջանական բանակում միջադեպերը չեն դադարել:
Ապրիլի 4-ին Թովուզի շրջանում գլխի հրազենային վնասվածքից մահացել է շարքային Ասիֆ Ալիեւը: Նախնական վարկածով, նա զենքի հետ «անզգույշ է վարվել» («apa.az», 05.04.2011):
Ադրբեջանի պետական սահմանապահ ուժերի զինծառայող Մուհթար Համբերլին ապրիլի 6-ին «վայր է ընկել» զորանոցի 4-րդ հարկից ու մահացել: Հարազատները կասկածում են, որ նա դա արել է առանց կողմնակի «օգնության» («aze.az», 07.04.2011):
Ադրբեջանի նախագահի անվտանգության եւ պաշտպանության հարցերով օգնական, գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիեւը, որը Գյոլգյոլի զորամասում այս տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զանգվածային սպանությունից (զոհվել էր 7 զինվոր) հետո ստուգումներ էր անցկացնում զորամասերում, հայտնաբերել է կոռուպցիայի բազմաթիվ փաստեր եւ դրանք հետաքննելու համար ուղարկել Կոռուպցիայի դեմ պայքարի վարչություն («pia.az», 05.04.2011):
Անցյալ շաբաթ ձերբակալվել է նաեւ Բաքվի Բինագադինի շրջանի զինկոմ Ֆեյզի Աղաբեկովը: Նա մեղադրվում է կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ դրանք գերազանցելու համար: Այդ փաստերը հայտնաբերվել են զինկոմիսարիատում կատարված ստուգումների ընթացքում («trend.az», 07.04.2011):
Հաշվի առնելով ադրբեջանական բանակում տիրող անմխիթար վիճակը` Սաֆար Աբիեւը պետք է շարունակեր լռել: Բայց երկրի ներքաղաքական լարված իրադրությունը եւ հեղափոխությունից վախը ստիպում են իշխանությանը հասարակության ուշադրությունը շեղել արտաքին թշնամու ուղղությամբ:

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Ալիեւն իսկապես դժվարին կացության մեջ է: Ապրիլի 2-ին տեղի ունեցած հանրահավաքն աննախադեպ էր իր մասնակիցների քանակով` մոտ 5 հազար (Ադրբեջանի համար դա մեծ թիվ է): Նկատելի էր հատկապես երիտասարդության ակտիվությունը: Փորձագետների կարծիքով, արաբական աշխարհում կատարված հեղափոխությունների ազդեցությամբ ադրբեջանցիներն արդեն հաղթահարում են իշխանության նկատմամբ ունեցած վախը: Բայց երկրի համար ամենասարսափելին այն է, որ հասարակությունը պառակտվում է միմյանց ատող մասերի: Ահա ասվածը վկայող մի ցնցող դեպք:
Ապրիլի 2-ի հանրահավաքի ակտիվիստներից մեկին` Թազախան Միրալամլիին ոստիկանությունը ձերբակալում է, ծեծում, վնասում աչքն ու երիկամները, նա հայտնվում է հիվանդանոցում: Իսկ Միրալամլիի 8-րդ դասարանցի որդուն` Բաքվի թիվ 7 դպրոցի աշակերտին, ծեծում են 10-րդ դասարանցիները, ինչ է թե` հայրն ընդդիմության ներկայացուցիչ է: Ծեծված տղան տնից դանակ է բերում եւ սպանում 10-րդ դասարանցի Ջվանշիր Հասանլիին: Հայրը դեռ հիվանդանոցից դուրս չգրված` ձերբակալում են նաեւ Միրալամլի-կրտսերին («zerkalo.az», 08.04.2011):
Ադրբեջանում ընդդիմադիրների բողոքի ելույթներն ունեն սոցիալական խոր արմատներ: Ինչքան էլ իշխանությունը թմբկահարում է տնտեսության ոլորտում վերջին տարիների «ձեռքբերումները», ժողովուրդը վատ է ապրում: 12 մլրդ դոլարի պետական բյուջե ունեցող, նավթ ու գազ արտահանող պետության մեջ թոշակառուները ստանում են ընդամենը 75 մանաթ` մոտ 90 դոլար (համարյա այնքան, ինչքան Հայաստանում), այն դեպքում, որ սպառողական նվազագույն զամբյուղը կազմում է 135 մանաթ (մոտ 160 դոլար): «Իսկ օրեցօր աճող գնե՞րը: Իսկ ոստիկանների կամայականություննե՞րը, իսկ գործազրկությո՞ւնը, իսկ փախստականների, Ղարաբաղյան պատերազմի եւ Հայրենական մեծ պատերազմի վետերանների խնդիրնե՞րը: Իսկ մոնոպոլիստներն ու սպեկուլյանտնե՞րը, իսկ սեփականության իրավունքի զանգվածային խախտումներն ու քաղաքացիների բնակարանները կոպեկների դիմաց գնելն ու նրանց վտարե՞լը»,- վրդովված գրում է «azcontact.az»-ի լրագրողը` թվարկելով ընդամենը մի քանիսն այն անարդարություններից, որոնք լցրել են ադրբեջանական հասարակության համբերության բաժակը (04.04.2011):
Իսկապես, Իլհամ Ալիեւին այսօր օդի նման անհրաժեշտ է արտաքին թշնամու կերպարը: Բայց արդյո՞ք դա կփրկի նրան:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #14 (879) 13.04.2011 – 20.04.2011, Ռազմաքաղաքական


21/04/2011