Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿՈՐԾԱՆՎՈՂ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԴՈՒ ԵՂԱՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱԳԱՍՏ…»



Սկիզբը՝ նախորդ համարներում

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Ալեքսանդր Մյասնիկյանը, որ ոչ միայն ռազմական գործերի ժողկոմն էր, այլեւ կառավարության նախագահը, այն օրերի Հայաստանում, երբ բնակչության մեկ երրորդը գաղթական էր կամ որբ, շատ, ողբերգականորեն շատ անելիքներ ուներ:
Տեսնում էր, որ թուրքերը, չկարողանալով վերջնականապես գրավել Հայաստանը, բոլոր ուժերը նետում էին Արեւմտյան ճակատ՝ կանգնեցնելու հունական հարձակումը, եւ Ռուսաստանի ազդեցությունն օգտագործելով՝ թուրքական կողմից պահանջում էր օր առաջ վերադարձնել Կարսում մնացած գերիներին ու անպայման՝ ռազմագերիներին, որոնց մեջ էին նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական նախարար, հրետանու գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը, գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը… Թուրքիան օրհասական պահեր էր ապրում, ու ինքը խելագար ճիգերով Հայաստանի բանակն էր ուժեղացնում:
Այլ հարց էր կար. 1920-ի բոլոր աղետները Հայաստանին պատուհասեցին այն պատճառով, որ Առաջին Հանրապետությունն արգելք էր դարձել միանալ փորձող բոլշեւիկյան ու քեմալական բանակների ճանապարհին: Թեեւ 1921թ. Մոսկվայի ու դրանից ածանցված Կարսի պայմանագրերով հստակեցվել էին հայ-թուրքական սահմանները, բայց Ռուսաստանը դեռ չէր հրաժարվել հեղափոխությունն Արեւելք արտահանելու գաղափարից: Հասկանալի է, որ Մյասնիկյանն իր սովահար ժողովրդով Թուրքիային պատերազմ հայտարարել չէր կարող, բայցեւ ձեռնամուխ էր եղել անհավատալիորեն կարճ ժամանակում մարտունակ զինված ուժեր ստեղծելուն, որպեսզի Հայաստանն էլ «Արեւելքի դռներին կանգնած հեղափոխական Կարմիր բանակ» ունենար, որն իրավիճակի ցանկացած փոփոխության դեպքում կկարողանար ռուսների հետ առաջ գնալ: Այլապես Հայաստանով դարձյալ օտար զորքեր էին անցնելու…
Բայց նաեւ պարզ տեսնելով, որ Կարսի անառիկ ամրոցի անկումից ի վեր Հայաստանի երկրորդ, իսկ գուցե դեռ առաջին քաղաքը՝ Ալեքսանդրապոլը, որ բնական կամ ռազմապաշտպանական ամրություններ չուներ, այստեղով անցնող երկաթուղու պատճառով միշտ իրեն էր ձգելու թուրքական, գուցե նաեւ գերմանական բանակները, նա ամեն ինչ արեց՝ Շիրակը տնտեսապես ամրացնելու, նրա նշանակությունն ու պաշտպանունակությունը մեծացնելու համար: (Նրա զոհվելուց երեք ամիս անց շահագործվեց Շիրակի ջրանցքը, 1924-ին հիմնվել էր Գյումրիի մանածագործարանը՝ սկիզբ դնելով քաղաքը տեքստիլ արդյունաբերության խոշոր կենտրոնի վերածելու գործընթացին, որի նպատակներից մեկն էլ «Ամերկոմի» որբանոցների սաներին, աշխատանքով ապահովելով, տեղում պահելն էր:
Առաջին աշխարհամարտը նոր էր ավարտվել՝ թողնելով շատ ավելի հարցականներ ու կնճիռներ, քան կային 1914-ի ամռանը, ուստի եւ նախաձեռնելով այս ամենը՝ Մյասնիկյանը գուցե փորձում էր հայ-թուրքական սահմանի մոտ արեւմտահայ տա՞րր ունենալ… Համենայն դեպս, նրա տնտեսական նախաձեռնությունները եւս վկայում էին, որ Հայաստանի սահմանների ու դրանց պաշտպանության մասին նա ի՛ր ըմբռնումներն ուներ, եւ առանց ցցուն ու աղմկոտ դրսեւորումների, դրանք իրականություն էր դարձնում:
Հմտորեն օգտագործելով Զանգեզուրի ժողովրդի տրամադրվածությունը փոխելու անհրաժեշտությունը՝ Մյասնիկյանը 1921թ. մայիսի 23-ին Հակոբ Հովհաննիսյանին նշանակեց Լեռնային Ղարաբաղում ՀՍԽՀ լիազոր ներկայացուցիչ, իսկ հունիսի 12-ին Հայաստանի կառավարության անունից Լեռնային Ղարաբաղը հայտարարեց ՀԽՍՀ անբաժան մաս: Ու թեպետ մեկ ամիս Լեռնային Ղարաբաղը տարբեր գործոնների ազդեցությամբ բռնակցվեց Ադրբեջանին, որի ղեկավարությունը փորձեց մոռացության մատնել, իսկ ապա վերանայել Կավբյուրոյի տխրահռչակ որոշման՝ Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն շնորհելու կետը, բայցեւայնպես Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարած Անդրերկրկոմը 1923թ. հունիսի 27-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներն ու նաեւ Թուրքիայի հաջողություններն ամրագրող Լոզանի կոնֆերանսի որոշման նախօրեին, Ադրբեջանի ղեկավարությանը պարտադրեց հռչակել Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը: Խորհրդային իրավակարգի պայմաններում ձեւական ընկալվող այս որոշման իրական նշանակությունն ի հայտ եկավ միայն 1988-ից հետո, երբ պարզվեց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից այն ամենաիսկական ական է Ադրբեջանի համար:
Եվ դեռ այդ ամբողջ սարսափելի թոհ ու բոհի մեջ, երբ անհասկանալի էր՝ ճակա՞տն է թիկունք, թե թիկունքը՝ ճակատ, նկատել ու կարգադրել էր ըստ ամենայնի աջակցել դպրոցահասակ մի երեխայի՝ «փոքրիկ աստղագետի», որի անունը Վիկտոր Համբարձումյան էր՝ ասես տասնամյակների միջով տեսնելով ու կանխատեսելով, որ այդ դպրոցական պատանին դառնալու էր գալիք զարգացած Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Ասում են՝ ոչ ոք չգիտի, թե ինչպիսին էր Մյասնիկյանի պատկերացրած Հայաստանը:
1921-ի հուլիսի 13-ին հիմնվեց գաղթականության գործերի գլխավոր վարչությունը, արեւմտահայ գաղթականները հող ստացան տեղացիների հետ հավասա՛ր սկզբունքներով, արեւմտահայ որբերին փրկելու նպատակով հուլիսի 26-ին ընդունվեց հատուկ դեկրետ մանկատների եւ մանկամսուրների բացման մասին: Դեկտեմբերին հրապարակվեց 16-50 տարեկանների անգրագիտության վերացման մասին դեկրետը, եւ Մյասնիկյանն ամեն ինչ արեց այն իրագործելու համար: Ինքը Մոսկվայից էր եկել, քաջ գիտեր, թե Ռուսաստանն ինչ ճիգեր է գործադրում հետամնաց գյուղացիական երկրից զարգացած արդյունաբերությամբ պետություն դառնալու համար, ու բոլորից լավ էր հասկանում, որ եթե անգրագիտության վերացման ասպարեզում դանդաղելու դեպքում, իր երազած Հայաստանն այժմ էլ նոր կայսրության ասիական, հետամնաց ու թույլ ծայրագավառն էր դառնալու:
Երբ Մյասնիկյանը եկավ, կովկասահայ մտավորականության ընտրանին գտնվում էր Թիֆլիսում եւ այլուր: Միշտ այդպես էր եղել: Նա այդ վիճակը չհանդուրժեց ու Հայաստան բերեց Հովհաննես Թումանյանին, Ալեքսանդր Թամանյանին, Մարտիրոս Սարյանին, Ալեքսանդր Սպենդիարյանին, Լեոյին, Ռոմանոս Մելիքյանին…
1921-ին ստեղծվեց Երեւանի պետական թանգարանը, 1922-ի նոյեմբերին բացվեց հետագայում իր անունով կոչված Պետական (այժմ Ազգային) գրադարանը, հաջորդ տարի հիմնադրվեց Պետկինոն՝ «Հայֆիլմը»…
1922-ի մայիսին Հայաստան վերադարձրեց Առաջին աշխարհամարտի սկզբում Մոսկվա տեղափոխված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատունը եւ պատմամշակութային այլ բացառիկ արժեքներ: Այդ 140 արկղ ձեռագրերն էլ հիմքը կազմեցին այսօրվա Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուի:
1922-ի մարտին Ալեքսանդր Մյասնիկյանն ընտրվեց անդրկովկասյան հանրապետությունների դաշնակցային խորհրդի նախագահ, ապա՝ կուսակցության Անդրկովկասի երկրամասային կոմիտեի քարտուղար եւ Անդրկովկասյան Դաշնության կառավարության նախագահի տեղակալ:
Հայաստանից հեռանալիս նա կառավարության ղեկը վստահեց բացառիկ նկարագրի տեր ազգային գործիչ Սարգիս Լուկաշինին (Սրապիոնյան), Հայկոմկուսի ղեկավարումը՝ հայ պատմագիտության մեջ մեծ հետք թողած Աշոտ Հովհաննիսյանին, իսկ Հայաստանի ռազմական գործերի ժողկոմի եւ հատուկ նշանակության զորամասերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու համար Մոսկվայից Երեւան բերեց Հայկ Բժշկյանցին, ով Առաջին աշխարհամարտի ժամանակ, Արեւմտյան Հայաստանում Գրիգոր Ավշարյանի զոհվելուց հետո հայկական կամավորական 6-րդ գնդի հրամանատարն էր:
Ինքն էլ Անդրկովկասի գրեթե միանձնյա ղեկավարն էր, բայց… 1925 թվականի մարտի 22-ին, ժամը 12.20-ին, Թբիլիսիի օդանավակայանից օդ բարձրանալուց ութ րոպե անց «Յունկերս» ինքնաթիռը մեկեն բոցավառվեց…
Աղետի պատճառները քննող հանձնաժողովը եզրակացրեց, որ հրդեհը ծագել է ուղեւորների անզգույշ ծխելու հետեւանքով, եւ մեղավորներ հռչակվեցին իրենք՝ զոհվածները: Բայց աղետը «վերեւներում» էր նախապատրաստվել, որովհետեւ 1935-ից հետո խորհրդահայ մամուլում Մյասնիկյանի անունն այլեւս չի տրվում: Միայն 1947-ին Հայաստանի գիտությունների ակադեմիայի «Տեղեկագրում» հրապարակվեց Արամայիս Մնացականյանի՝ «Ալեքսանդր Մյասնիկյանի զինվորական գործունեությունը 1917-1921թթ.» հոդվածը: Ու դարձյալ լռություն, մինչեւ Ստալինի մահից հետո Երեւան այցելած ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանն իր հայտնի ելույթում արտասանեց Եղիշե Չարենցի ու Ալեքսանդր Մյասնիկյանի անունները:
♦♦♦
Նա ո՛չ դասական զինվորական կրթություն ստացած զորահրամանատար էր, ո՛չ հանճարեղ դիվանագետ, ո՛չ էլ նորօրյա փրկիչ, այլ՝ իր տառապած ժողովրդի բյուրեղացած մի մասնիկը, որ կամուրջ դարձավ Հայաստանի եւ բնավեր արեւմտահայության միջեւ, հեղափոխական ու հակահեղափոխական ինչ-որ «գաղափարների» համար միմյանց դեմ ելած հայի ու հայի միջեւ:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

Խորագիր՝ #14 (879) 13.04.2011 – 20.04.2011, Պատմության էջերից


21/04/2011