ՍԵԹԱՆՑ ԳՅՈՒՂԻ ԱՄՐՈՑԸ
Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունի գավառը, որը տարածված էր Որոտան գետի ավազանի անտառապատ սարահարթերում ու ձորակներում, լեռնալանջերին ու գետահովիտներում, դարեր շարունակ՝ մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը, եղել է հայոց բնօրրան: Դավիթբեկյան հերոսամարտից հետո, երբ թուլացան հայ մելիքները, մահմեդականներին հաջողվեց հայաթափ անել նաև այս տարածքների մի մասը և բնակեցնել հիմնականում քրդերով, որոնք մինչև 19-րդ դարի առաջին քառորդը վրանաբնակ կյանքով էին ապրում: Այնուհետև սկսեցին ապրել հայոց բնակավայրերում և անվանափոխել անունները: Բաղք գավառը 17-18-րդ դարերում սկսել էր տրոհվել, և առաջացել էին փոքր գավառներ, որոնցից է Մաղանջուղը: Ըստ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրության»՝ հիշատակվում է Սեթանց գյուղը, որը հարկ էր վճարում Տաթևի վանքին: Հայաթափումից հետո քրդերը 19-րդ դարի 50-ական թվականներին հաստատվեցին այստեղ և գյուղը կոչեցին Սեյթաս: 1993 թվականի աշնանը այս տարածքն էլ ազատագրվեց: Գյուղը գտնվում է Կապան լեռան հյուսիսային կողմում՝ Որոտանի աջափնյա վտակ Սեթանցի ափին՝ Կապան-Գորիս մայրուղուց 5-6 կմ արևելք՝ շրջապատված խիտ անտառներով: Այն, որ Սեթանցն ունի դարերի պատմություն, հուշում են պահպանված հայոց հանգստարանը և ամրոցը:
Օգոստոսի 26-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու և ազգագրագետ (ԼՂՀ ՄԵ փոխնախարար) Լեռնիկ Հովհաննիսյանի հետ եղանք Սեթանցում: Մեզ ուղեկցում էր տարածքին քաջածանոթ Կարո Քումունցը: Գյուղի արևմտյան կողմում՝ գետի ափին, ծովի մակերևույթից 1300 մ բարձրության վրա, գտնվում է անտառապատ մի բլուր, որի երեք կողմերով հոսում է Սեթանց գետակը, որը դարերի ընթացքում խոր, սակայն ոչ լայն կիրճ է առաջացրել: Բլրի բնական ամրությունն օգտագործել են մեր նախնիները և միջնադարում ամրոց հիմնել (հնարավոր է վերակառուցել են ավելի վաղ շրջանի բերդը): Արևմտյան կողմում ուղղաձիգ ժայռերի վրա պատերը դեռ պահպանվում են: Գետի հակառակ ափին նույնպես շինության ավերակներ կան: Հավանաբար այս մասում ժամանակին բացվող կամուրջ է եղել, որը ամրոցը կապել է մոտակա բլրալանջին:
Բլրի արևելյան կողմում դարձյալ ուղղաձիգ ժայռեր են, իսկ հյուսիսային մասում պահպանվել են շինությունների հետքեր՝ գտնվելով հիմնականում բերքատու ծառերի մեջ: Հնավայրում պահպանվել է նաև միջնադարյան կառույցի մի մասը՝ կրաշաղախ պատեր, մուտք: Սեթանցում այժմ բնակություն է հաստատել 2 ընտանիք, և այս ավերակը կոչում են եկեղեցի, սակայն կառույցի դիրքն ու տեսքն այլ են: Պատերը շարված են մշակված բազալտով, ունեն մոտ 1 մ լայնություն: Մոտակայքում մեկ այլ կլորավուն շինություն կա: Դղյակից արևմուտք ընկած է մի սյուն՝ մոտ 5 մ երկարությամբ, 40 սմ տրամագծով, մեջը կլոր անցք: Հավանաբար ժամանակին այստեղ եղել է ամրոց-բնակատեղի, և հյուսիսային մասն ամրացվել է պարսպով: Շինությունից 3-4 հարյուր մետր հյուսիս ծառերով պատված հայոց հանգստարանն է, որտեղ պահպանվել են 2 տասնյակից ավելի շիրմաքարեր: Մի քանիսը, որ խաչքար են հիշեցնում, ընկած են դեմքի վրա: Ծանրության պատճառով չկարողացանք շուռ տալ: Այնուամենայնիվ, գտնվեց մի կոտրված տապանաքարի բեկոր, որի վրա կա հայերեն արձանագրություն…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #37 (1055) 25.09.2014 – 1.10.2014, Հոգևոր-մշակութային