ՌԱԶՄԱՃԱԿԱՏԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍԸ
Զրույց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ
-Պարոն Մանուկյան, վերջերս տոնեցինք Արցախի անկախության հերթական տարեդարձը։ Դուք, որպես ազատագրական պայքարի ակունքներում կանգնած քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ներկայիս հանգրվանը և ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։
-Խնդիրը բաղկացած է երեք մասից, առաջինը վերաբերում է Արցախի կարգավիճակին, երկրորդը՝ սահմանների հստակեցմանը, երրորդը՝ փախստականներին։ Տարածքների և փախստականների հարցը խնդրահարույց չէ, գլխավորը Արցախի կարգավիճակի հարցն է, որը մինչ օրս չի լուծվել։ Ադրբեջանի միամիտ հույսը, թե կարող է բանակցությունների միջոցով հետ ստանալ Արցախը, երբեք իրականություն չի դառնալու, քանի որ եթե նույնիսկ աշխարհի բոլոր պետություններն ստորագրեն, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, միևնույն է, Ղարաբաղը չի պատկանելու Ադրբեջանին։ Ղարաբաղը հռչակել է անկախություն բոլոր միջազգային օրենքներով, իրեն պատերազմ են պարտադրել, ինքը հաղթել է այդ պատերազմում, Ղարաբաղում բարձրացել է մի սերունդ, որը ծնվել-մեծացել է անկախ ու ինքնիշխան երկրում։ Եվ համաշխարհային պատմության մեջ չկա նախադեպ, որ այլ երկրների ցանկությամբ կամ ստորագրությամբ անկախ երկիրը կորցնի իր անկախությունը։ Արցախին անկախությունից զրկելու միակ ճանապարհը ռազմական գործողությունների ճանապարհն է։ Միանշանակ կասեմ, որ այսօր Ադրբեջանի ուժերը խիստ անբավարար են Արցախը պատերազմով վերանվաճելու համար։ Բացի դրանից, աշխարհը չի հանդուրժի մարտական գործողություններ այս տարածաշրջանում։ Չի հանդուրժի պատերազմով որևէ երկրի անկախությունից զրկելու անխոհեմ քայլը, եթե անգամ այդ երկրի անկախությունը միջազգային ճանաչում չունի։ Այսինքն՝ միակ ճանապարհը բանակցություններն են։ Բանակցությունները կանխում են պատերազմները։ Երբ Ադրբեջանը ընդունի Ղարաբաղի անկախությունը, բանակցությունները կմտնեն նոր փուլ, կճշտվեն սահմանները, կքննարկվի փախստականների հարցը և այլն։
-Ժամանակն ո՞ւմ օգտին է աշխատում։
-Ադրբեջանը իսկապես կարողանում է զարգացնել իր տնտեսությունը։ Ներքին համախառն արդյունքը աճում է նավթի շնորհիվ, և Ադրբեջանը տնտեսական առումով առաջ է գնում, ինչը դրականորեն է ազդում բանակի նյութական մատակարարման վրա։ Սա ժամանակի առումով Ադրբեջանի միակ առավելությունն է։ Մյուս կողմից, աշխարհում գլոբալիզացիայի արմատավորման հետ մեծանում է փոքր երկրների անկախության ձգտումը և հնարավորությունը։ Սա օրինաչափ գործընթաց է։ Այդ տեսակետից ժամանակը ցույց է տալիս, որ Ղարաբաղի անկախությունը տեղավորվում է համաշխարհային զարգացման տրամաբանության մեջ։ Ու պատահական չէ, որ ԱՄՆ որոշ նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը։ Այս տեսանկյունից ժամանակը աշխատում է հօգուտ մեզ։ Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները արդյունավետ չեն օգտագործում մեզ տրված ժամանակը, և կոռուպցիան էապես դանդաղեցնում է մեր տնտեսության զարգացումը։
Ռազմաճակատը առաջնագծից տեղափոխվել է տնտեսության ոլորտ, քաղաքացիների ստեղծագործական ուժի օգտագործման, ներքին քաղաքականության դաշտ… Եթե մենք կարողանանք հաղթել նաև այս ճակատում, ժամանակը հաստատ մեր օգտին է աշխատելու։
-Վերջին շրջանի լարվածությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններին և դրա հանգուցալուծումը ի՞նչ հետևանք ունեցավ և ի՞նչ դասեր տվեց։
-Լարվածությունը առաջանում է Ադրբեջանի նախաձեռնությամբ, ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը ոչ մի շահագրգռություն չունեն վերսկսելու մարտական գործողությունները։ Բնական է, որ Ադրբեջանը պետք է մշտապես խնդիրը «տաք» պահի, պիտի իր ժողովրդին միշտ լարվածության մեջ պահի, բորբոքի թշնամանք, ատելություն, ծավալի հակահայկական քարոզչություն։ Սահմանային ընդհարումներ հրահրելով՝ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ստուգում է մեր հնարավորությունները, միևնույն ժամանակ աշխարհին հիշեցնում խնդրի մասին։ Կա ևս մեկ նպատակ։ Ադրբեջանի կարծիքով՝ մարտական գործողությունների աշխուժացումը սահմաններին խթանում է Հայաստանում արտագաղթի տեմպերը։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում շարունակվող արտագաղթը այսօր ամենամեծ նվերն է Ադրբեջանին։
Վերջին սահմանային ընդհարումները մեկ անգամ ևս փաստեցին, որ ինչքան էլ ներքին դժգոհությունները ահագնանան ժողովրդի շրջանում, վճռական պահին, երբ խոսքը վերաբերում է հայրենիքին, մենք կարողանում ենք համախմբվել և պայքարել ազգային շահերի համար։ Մենք առիթ ունեցանք տեսնելու բանակի ուժը։ Ես պետք է նշեմ, որ մեր բանակը շատ բարձր մարտունակությամբ ու ոգով կարողացավ հակահարված տալ հակառակորդի ոտնձգություններին և ստիպեց Ադրբեջանին առաջիկայում մոռանալ զենքով Արցախը վերանվաճելու մտահղացումը։ Այսինքն՝ Ադրբեջանում հասկացան, որ գոնե մոտ ապագայում իրենք չեն կարող կոտրել Ղարաբաղի ինքնապաշտպանությունը, ավելին՝ անկանխատեսելի կորուստներ կունենան։ Այսինքն՝ պատերազմի ուրվականը ինչ-որ ժամանակով հեռացավ։
-Դուք բանակաշինության դժվարին տարիներին ղեկավարել եք պաշտպանության համակարգը, և վստահ եմ, որ այսօր էլ ուշիուշով հետևում եք բանակի զարգացման ընթացքին։ Ձեզ բավարարո՞ւմ է բանակի մարտունակությունը։
-Միշտ պետք է երևույթները դիտարկել համեմատության մեջ։ Մեր բանակը չի կարող կտրված լինել երկրի պետական-հասարակական-տնտեսական և մյուս ոլորտներից՝ իր զարգացման տեմպերով և ձեռքբերումներով։ Այսօր մեր երկրում ամենակազմակերպված, ամենակայացած կառույցը բանակն է։ Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ երկրի ներսում ոլորտները անհամաչափ են զարգացել։ Մեկը մյուսից 5-10 տարով առաջ ու հետ են ընկել։ Բանակը, այդ առումով, աներկբա առաջատար է։ Բայց շատ լավ կլիներ, որ մյուս ուղղությունները իրենց թերություններով չխոչընդոտեին բանակի զարգացումը, այդ դեպքում մենք բանակաշինության մեջ ավելի մեծ ձեռքբերումներ կարձանագրեինք։
-Ո՞րն է բանակի ամենամեծ ձեռքբերումը՝ Ձեր կարծիքով, և բանակաշինության ո՞ր ոլորտն է հետ մնացել, ո՞րն է բանակի ամենախոցելի կետը։
-Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ բանակաշինության սկզբնական փուլում մենք միաժամանակ երեք բանակ էինք կառուցում։ Ժամկետային ծառայության զինակոչիկներից կազմված բանակ, որը ապագայի բանակ էր և գրեթե չէր մասնակցում մարտական գործողություններին։ Հաջորդը, որը ռազմական գործողությունների մեջ էր, ֆիդայական ջոկատներից կազմված ստորաբաժանումներն էին, որոնք միավորվեցին բրիգադների մեջ։ Դա, կարելի է ասել, վարձու բանակ էր. և այդպիսով դրվում էին պրոֆեսիոնալ բանակի հիմքերը։ Երրորդ բանակը կառուցվում էր Ղարաբաղում, դա մոբիլիզացիոն բանակ էր. բոլոր տղամարդիկ զորակոչվում էին բանակ (որոշակի տարիքային հատվածում)։ Կյանքը ցույց տվեց, որ այս լուծումը ճիշտ էր։ Պատերազմի ժամանակ Բաքվում անընդհատ ցույցեր էին տեղի ունենում, որովհետև 18-20 տարեկան տղաները՝ ժամկետային զինծառայողները, զոհվում էին մարտական գործողությունների ժամանակ։ Նրանք երիտասարդ էին, անփորձ. հոգեբանորեն պատրաստ չէին պատերազմելու և, բնականաբար, ավելի շատ էին զոհվում։ Մենք կարողացանք պահպանել նորակազմ բանակի այդ հատվածը, և պատերազմը ծանրացավ պրոֆեսիոնալ բանակի և մոբիլիզացիոն բանակի անձնակազմի ուսերին։ Նրանք հասուն մարդիկ էին, ծառայել էին խորհրդային բանակում, հետևաբար՝ մեր զոհերն ավելի քիչ էին։ Սակայն, խաղաղ բանակաշինության տարիներին, խնդիր առաջացավ համատեղել ֆիդայիներին և խորհրդային բանակից եկած զինվորականներին։ Սա շատ բարդ և մեծ զգուշություն ու տակտ պահանջող գործընթաց էր։ Ձախողումը կարող էր անդառնալի հետևանք ունենալ բանակի համար։ Բանակի ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ այսօր «կադրավիկները» ֆիդայի են, ֆիդայիները՝ «կադրավիկ»։ Պիտի նշեմ նաև մեր բանակի արձանագրած հաջողությունները զինվորական կարգապահության հաստատման առումով։ Ես նկատում եմ, որ հաստատուն տեմպերով մեր բանակը դառնում է է՛լ ավելի օրինավոր ու կարգապահ։ Այսօր հրաշալի զորամասեր ունենք։ Մենք պիտի կարողանանք պահել զարգացման տեմպերը, պիտի հասկանանք, որ աշխարհը առաջ է գնում մեծ քայլերով, և մենք իրավունք չունենք հետ մնալու։
Բանակի ուժը չափվում է երկու մեծությունների արտադրյալով։ Մեկը քո տնտեսության վիճակն է, քո սպառազինության վիճակը, մյուսը բնորոշում է քո հասարակության բարոյահոգեբանական վիճակը՝ որքանով են մարդիկ վստահում իրենց պետության ապագային, որքան են անձնազոհ ու հայրենասեր, ինչպիսին են նրանց մտավոր կարողությունները։ Հենց այս երկուսի արտադրյալով էլ պայմանավորված է բանակի ուժը։ Կան երկրներ, որտեղ առաջին գործոնը հզոր է, բայց քանի որ երկրորդ գործոնը գրեթե մոտ է զրոյին, արտադրյալը շատ փոքր թիվ է կազմում ու կարող է նույնիսկ զրոյանալ։
-Ինչպես Ադրբեջանում։
-Եվ կան երկրներ, որտեղ ճիշտ հակառակն է, մենք պիտի երկու գործոններն էլ մեծացնենք, որպեսզի կարողանանք դիմակայել ժամանակի մարտահրավերներին։
-Ռազմական ճանապարհով Ղարաբաղի հիմնահարցը հօգուտ իրեն լուծելու անհաջող փորձերից հետո Ադրբեջանը որդեգրել է նոր մարտավարություն և վարկաբեկում է Հայաստանը միջազգային հանրության աչքում՝ խոսելով Հայաստանի տնտեսական վատ վիճակի, աղքատության, մարդու ազատությունների սահմանափակման, արտագաղթի, ներքաղաքական անվտանգության մասին։
-Պատերազմից հետո Ադրբեջանն սկսեց լրջորեն զբաղվել լոբբիստական գործունեությամբ։ Եվ հաջողությունների հասավ։ Բնական է, որ այսօր պիտի օգտագործի բոլոր լծակները քարոզչական պատերազմում հաջողության հասնելու համար։ Բոլորը գիտեն, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության առումով Ադրբեջանը չի կարող համեմատվել Հայաստանի, առավել ևս՝ Ղարաբաղի հետ։ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իրենց բոլոր թերություններով, դեմոկրատական պետությունների մոդելին հազարապատիկ ավելի մոտ են, քան Ադրբեջանը, որտեղ Ալիևը ցմահ նախագահելու է, (օրենքը թույլ է տալիս), որտեղ քաղաքական բանտարկյալներ կան, որտեղ կարծիք հայտնելու համար մարդը հայտնվում է վանդակաճաղերի հետևում։ Ինչ վերաբերում է երկու երկրների տնտեսական վիճակին ու ժողովրդի աղքատությանը, Ադրբեջանը ավելի հարուստ երկիր է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց կենսամակարդակի բևեռացումը այդ երկրում շատ ավելի խորն է, քան Հայաստանում։ Ես ադրբեջանական կայքերը պարբերաբար ուսումնասիրում եմ։ Եթե համեմատելու լինենք երկու երկրներում միջին աշխատավարձը և առաջին անհրաժեշտության մթերքների գները, Հայաստանում վիճակը ավելի բարվոք է։ Ադրբեջանը հարուստ երկիր է, բայց այդ հարստությունը կենտրոնացած է քիչ թվով մարդկանց ձեռքում, և ժողովուրդը կապ չունի դրա հետ։ Ադրբեջանում աղքատությունն ավելի խորացած է, ավելի ծանր դրսևորումներ ունի, քան Հայաստանում, սա՝ միանշանակ։
-Իսկ ձևավորված քաղաքական մշակույթի առումո՞վ…
-Նայեք, Դուք ինձ առաջարկում եք համեմատել Հայաստանն ու Ադրբեջանը, և ստիպված եմ դրական արտահայտվել Հայաստանի մասին, որովհետև Ադրբեջանի հետ համեմատած, իրոք, վիճակը մեզ մոտ անհամեմատ լավ է։ Բայց ես չեմ ուզում համեմատել, ես դժգոհ եմ Հայաստանի ներքաղաքական վիճակից, տնտեսական վիճակից, դրանք համարժեք չեն այն գլոբալ խնդիրներին, որոնք այսօր դրված են ժողովրդի և պետության առջև։ Խոսքը վերաբերում է դատական համակարգին, սոցիալական արդարությանը, արդար մրցակցությանը բիզնեսի դաշտում։ Մեր առավելությունները Ադրբեջանից չպետք է հանգստացնեն մեզ, մի՛ մոռացեք, որ Ադրբեջանը ունի նավթ, ունի Թուրքիայի պես ընկեր… Մենք մեր առավելությունները շատ վատ ենք օգտագործում։
-Այնուամենայնիվ, պիտի խնդրեմ, որ մեկ համեմատություն էլ անեք։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի բանակների մասին է։ Վստահ եմ, որ Դուք քաջածանոթ եք երկու բանակների մարտունակությանը, միջանձնային հարաբերություններին, կարգապահությանը։
-Համեմատելու բան չէ։ Ադրբեջանի բանակը նույնիսկ պատերազմի ժամանակ խրված էր կոռուպցիայի մեջ մինչև կոկորդը։ Այսօր Ադրբեջանի բանակը պետական կառույցի ամենակոռումպացված համակարգն է։ Հայ հասարակությունը նույնիսկ խորհրդային տարիներին խորապես տարբերվում էր ադրբեջանական հասարակությունից իր մարդասիրությամբ, հանդուրժողականությամբ, մտավոր մակարդակով, մշակութային ներուժով, և այս ամենը ուղղակիորեն արտացոլվել և արտացոլվում է երկու երկրների բանակներում։ Այլ բան է, որ շատ հաճախ ադրբեջանական մամուլը ի վիճակի չէ ներկայացնելու իրականությունն իր բոլոր գույներով, որովհետև դրան կհետևեն հալածանքները պետական մակարդակով։ Իսկ մեր երկրում, ընդհակառակը, ոչինչ չես կարող թաքցնել, որովհետև կա խոսքի ազատություն, և դա երկրի առաջընթացի երաշխիքներից մեկն է։
-Պարոն Մանուկյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հերթական ուղերձը դրսից բանակ սողոսկող հոռի բարքերի մասին էր։ Մեր տանը՝ մեր օրենքներով՝ հրամայեց, հորդորեց նախարարը։ Դուք, որպես բանակին շատ մոտ կանգնած մարդ, ի՞նչ ճանապարհ եք տեսնում. ի՞նչ անել, որ մեր զինվորը դառնա ավելի սրտացավ, հանդուրժող ծառայակից ընկերոջ հանդեպ։ Օրեր առաջ մեր նախարարը Դիլիջանում էր։ Զինվոր էր զոհվել։ Ինքնասպանության հասցնելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ զինվորի։
-Բանակը, սպաները պիտի պայքարեն միջանձնային բիրտ բարքերի դեմ և զորքերում արմատավորեն կանոնադրային հարաբերություններ։ Միևնույն ժամանակ, պետք է գիտակցել, որ միայն այն դեպքում կհասնենք շոշափելի արդյունքի, եթե այդ պայքարը բանակի շրջանակներից դուրս գա և ընդգրկի հասարակության ավելի լայն զանգվածներին։ Մարդկանց, հատկապես երիտասարդ սերնդին չես կարող գաղափարներով սնել ու դաստիարակել, եթե այդ գաղափարները անպտուղ են իրականության մեջ։ Այսօր երկրում առաջ են գնում զոռբաները, օրենքը պաշտպանում է ուժեղին։ Սոցիալական անարդարությունը, կենսամակարդակի բևեռացումը հետին պլան են մղել այնպիսի բարոյական արժեքներ, ինչպիսիք են կարեկցանքը, հոգատարությունը։ Եվ այս ամենը, բնականաբար. հասարակությունից ներթափանցում է բանակ։ Ու սպայակազմի ջանքերը ընդամենը կարող են նվազեցնել դրանց ազդեցությունը ներբանակային կյանքի վրա, բայց վերացնել չեն կարող։
-Շնորհակալություն օգտակար և բովանդակալից զրույցի համար։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #37 (1055) 25.09.2014 – 1.10.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական