ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՕՂԱԿ
«Բանիմաց, հոգատար, համարձակ բժիշկը շատ է պետք մեր բանակին»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպելով Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին մասնավորապես անդրադարձել է 2014 թ.-ին ՀՀ զինված ուժերում կատարված աշխատանքներին եւ նշել, որ ուշադրության կենտրոնում եղել ու մնում է սահմանային ծառայությունն ավելի լիարժեք, մարտական հերթապահությունն առավել անվտանգ դարձնելուն ուղղված միջոցառումները: Նախարարը շեշտել է, որ ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները մարտական հերթապահությունից կարճ ժամանակահատվածում պաշտպանության անցնելու համար, ուշադրություն է դարձվել ԶՈՒ կառավարման համակարգին, մարդկային ներուժի կառավարմանը, ռազմական կրթությանը, կադրային քաղաքականությանը, համալրման գործընթացին:
Սպառազինության ու ռազմական տեխնիկայի համալրման առումով շեշտը դրվել է նախեւառաջ որակական բնութագրիչների վրա: Ինչպես նշեց Սեյրան Օհանյանը, ձեռք բերված միջոցները արդյունավետ են, արդիական, հեռահար, ճշգրիտ եւ համապատասխանում են ժամանակակից բանակի պահանջներին:
Սեյրան Օհանյանը խոսել է նաեւ ՀՀ զինված ուժերի համար բժշկական կադրեր պատրաստող ռազմաբժշկական ֆակուլտետի վերջին տարիների առաջընթացի մասին. «Խնդիրները, որոնք դրված են ռազմաբժշկական ֆակուլտետի առջեւ` կատարելագործում, կրթագիտական կենտրոնի ստեղծում, խոսում են այն մասին, որ մենք փորձում ենք բանակի գործունեությունը իրականացնել գիտելիքահենք սկզբունքի հիման վրա»:
Խորագիր՝ #37 (1055) 25.09.2014 – 1.10.2014, Բանակ և հասարակություն